«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսների այստեղից գնալը կամ մնալը մենք չենք որոշում. Աշոտ Ներսիսյան

06/03/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Որ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության մեջ հակառուսականության չափաբաժինը գնալով շատանում է, դա անկասկած այդպես է: Առայժմ դրա հիմնավորումները ընդդիմադիրները կատարում են ՀԱՊԿ - ին անդամության սառեցման և օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման մասին հայտարարություններով, որոնք դեռ գործնականում չեն իրականացվում: Բայց կա ահավոր ճնշում Արևմուտքից, որին գովաբանողները այնպիսի հեքիաթներ են հյուսում, որոնք նույնիսկ մանկապատեզի երեխաներին չեն հմայի: Հակառուսականության քարոզը արդեն հասնում է այն աստիճանի, որ քաղաքագիտության «գերաստղերը» Լավրովի Ֆիդանին զանգից և ՀՀ վրա հարձակումի հորդորից են խոսում: Դիվերսիֆիկացիա եզրույթը մտել է մեր բառամթերքի մեջ, առանց դրա նշանակության ճիշտ ընկալման, որն է`աշխատել բոլորի հետ և ոչ թե թշնամանալ մեկին, այն դեպքում, երբ մյուսը քեզ այնքան էլ բարեկամ չէ: Կասկածից զերծ է, որ ռուսներին նեղացնելը և Արևմուտքի ջանքերին հետևելով նրան այստեղից քշելը, լավ հետևանքների չի բերի: Ընդդիմադիրների ամենօրյա հայտարարություններն այս մասին թերևս ճիշտ են: Բայց ինչպես բազմիցս շեշտել ենք, ոչ իշխանություններն են որոշելու ռուսների գնալ կամ մնալը, ոչ էլ ընդդիմադիրները: Նրանց ոչ մենք ենք բերել, որ քշենք և ոչ էլ Արևմուտքը: Վերջինս մեզ ուզում է ներքաշել նոր պատերազմի մեջ, ինչը չի լինի, քանի որ զգոն է Ռուսաստանը: Նա երկրորդ ճակատ չի բացի: Ռուսաստանն այստեղից չի գնա, որի մասին երբեմն արտահայտվում է ամենաբարձր մակարդակով(հիշենք գեթ Մեդվեդևին): Բայց ի՞նչ կարող է անել նա: Հետևյալը` հասկացնել Ադրբեջանին, որն ի տարբերություն մեր կողմի, իրոք ունի դիվերսիֆիկացված կամ բալանսավորված քաղաքականություն, որ ինքն, օրինակ, չի միջամտի, եթե նա հարձակվի և գրավի անկլավները: Զանգեզուրի առումով դժվար այդ քայլին գնա, քանի որ դեմ կգնա վելիկոռուսական շահերին: Բացի այդ, այստեղ կա նաև իրանական գործոնը, որը ռուսները չեն կարող հաշվի չառնել: Այս դեպքում մեր կողքին չեն կռվի,օրինակ, ֆրանսիացիները: Եվ մենք նեղն ընկնելով, նորից կդիմենք ռուսին, իսկ նա մեզ ավելի խեղճացնելով` կփրկի վերջնական կործանումից: Տոյվո Կլարը բացահայտ հայտարարեց Թուրքիայի այս տարածաշրջանում հեգեմոն դերի բարձրացման մասին, իսկ մենք դեռ այն կարծիքին ենք, որ Արցախը կործանեց ռուս-թուրքական տանդեմը: Անհրաժեշտ է կտրուկ թեքվել դեպի նոյեմբերյան համաձայնագիրը, որովհետև այս տարածաշրջանից երբեք չի գնա ռուսը: Մի բան, որը մենք էլ շատ կուզեինք, բայց եթե ունենայինք նրան ուժեղ հակակշիռ և մսխված չլիներ մեր զինական կարողությունը պատերազմի պատճառով(և ոչ միայն), որի դեպքում ռուսական դառնության մրուրը մեր զինական ուժերով կճաշակեր Ադրբեջանը:

Բայց, ավաղ, մենք թույլ ենք և վախկոտ, մենք վախենում ենք բոլորից,բայց արի տես, որ հոխորտում ենք ռուսի դեմ, որին ոչ մենք ենք բերել և ոչ մենք ենք քշելու: Այսքանը հասկանանք վերջապես: