ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպիսի՞ աջակցություն է պատրաստ տրամադրել ԱՄՆ-ը Հայաստանին անվտանգային ոլորտում. «RAND» կենտրոնի վերլուծության հետքերով
Ամերիկյան «RAND» կենտրոնը հրապարակել է «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերնագրով մի վերլուծություն: Պետքարտուղարությունն արձագանքել է նյութին, իսկ վերլուծաբանները քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբեությունները անվտանգային ոլորտում,-գրում է Ամերիկայի ձայնը։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը ենթարկվում է լուրջ ցնցումների՝ առերեսվելով հարևան Ադրբեջանի թշնամական մոտեցմանն ու Հայաստանի դաշնակից Ռուսաստանի անպատասխանատու վարքագծին՝ ասված է ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիայի հրապարակած վերլուծության մեջ:
Կարդում ենք․ «Նման աշխարհաքաղաքական տեղաշարժի պայմաններում Վաշինգտոնը կարող է գայթակղվել ու միջամտել՝ ձգտելով խաղալ այն դերը, որը Ռուսաստանը չկարողացավ կատարել»:
Այս համատեքստում, սակայն, վերլուծության հեղինաները բարձրաձայնում են մի շարք մտահոգությունների ու սահմանափաումների մասին՝ կապված Վաշինգտոնի դերակատարության հետ:
«Ցանկացել ենք արտացոլել այն փաստը, որ առկա են որոշակի սահմանափակումներ այն դերի հետ կապված, որը Միացյալ Նահանգները կարող է ստանձնել: Այդ տարածաշրջանում ԱՄՆ-ն պատմական գործընկեր և խաղացող չէ»,- «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասում է հրապարաման համահեղինակ Փոլ Քորմերին:«ԱՄՆ-ը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերնագրով այս հրապարակման մեջ ասված է, որ «անսասան աջակցության փոխարեն Միացյալ Նահանգները պետք է ավելի զգույշ ռազմավարություն վարի՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի շահերից ելնելով։ Այն պետք է Հայաստանին ապահովի իրեն պաշտպանելու հնարավորություններով՝ միաժամանակ հստակ ակնկալիքներ ուրվագծելով իր պարտավորությունների սահմանների վերաբերյալ:
«Անհրաժեշտ է ի շահ ԱՄՆ-ի, Հայաստանի ու տարածաշրջանի հստակեցնել այդ սահմանափակումները՝ ներգրավված որևէ կողմին զերծ պահելու համար թյուըմբռնումներից կամ սխալ հաշվարկից»,- պնդում է հրապարակման մյուս հեղինակ Ջո Հաբերմանը՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:
Չնայած Հայաստանի իշխանությունների հայտարած դիֆերսիֆիկացիային՝ անվտանգության ու արտաքին քաղաքականության ոլորտներում, հրապարակման հեղինակները նկատում են՝ Երևանը շարունակում է զգալիորեն կախված մնալ Մոսկվայից և չի կարող մեկ քայլով վերացնել այդ:
«Հայաստանը այն իրավիճակում չէ, որպեսզի ամբողջապես խզի Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով այն կախվածությունը, որ Հայաստանն ունի Ռուսաստանից, ներառյալ՝ ռուսական տնտեսությունից, էներգետիկ ոլորտից, ռազմական ներկայությունից: Ռուսաստանը շարունակում է զգալի ռազմական ներկայություն ունենալ Հայաստանում, իսկ երկրի անվտանգային և պաշտպանական ենթակառուցվածքները կախված են Ռուսաստանից»,- պնդում է Հաբերմանը:
Այս կախվածությունը, ըստ վերլուծաբաների, կարող է մտահոգությունների տեղիք տալ արևմտյան շրջանակներում, հատկապես՝ սպառազինության փոխանցման համատեքստում:
«Մենք չենք կարող ունենալ Ռուսաստանից կախված հարաբերություններ այն իմաստով, որ չենք կարող տրամադրել ռազմական համակարգեր, որոնք կարող են ի վերջո հայտնվել Ռուսաստանի ձեռքում»,- ասում է Փոլ Քորմերին:
Վերլուծաբանների կարծիքով՝ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ Ֆրանսիան ի վիճակի չեն այսօր Երևանին տրամադրել ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ կետին համապատասխան անվտանգային երաշխիք, սակայն դա չի նշանակում, թե Արևմուտքի հետ անվտանգային հարաբերություների խորացման հնարավորություն առկա չէ:
Հրապարակումը եզրակացնում է՝ Երևանը բարդ տնտեսական, սոցիալական և ռազմավարական հարաբերություններ ունի իր հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի հետ, և անմտություն կլինի ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, որպեսզի այն հարկադրված ընտրություն կատարի: Արևմուտքը պետք է ընդունի Երևանի նման վիճակը և կենտրոնանա այն ոլորտների վրա, ուր համեմատաբար կարող է և ցանկանում է խորացնել կապերը՝ նպաստելով կայունությանը՝ ասված է «RAND»-ի հրապարակման մեջ:
Պատասխանելով «RAND»-ի հրապարակման մեջ տեղ գտած դրույթների մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանը` ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է. «Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն ողջ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության հիմնական սկզբունքն է, և հենց այդ նպատակով է, որ ընդլայնում ենք [մեր] ներգրավվածությունը Հայաստանի հետ լայն շրջանակով հարաբերություններում»:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է «ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը խաղաղություն և կայունություն է բերում Հարավային Կովկասի ազգերին»՝ հավելելով. «Ականատես ենք եղել Ռուսաստանի շարունակվող, ավերիչ ագրեսիային Ուկրաինայի դեմ, Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակական բռնազավթմանը և տարածաշրջանում ու ողջ աշխարհում ապակայունացնող գործողություններին: Ուստի, չենք կարող Ռուսաստանին դիտարկել որպես վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր»:
Անդրադառնալով նաև Իրանին՝ պետքարտուղարությունն ընդգծել է. «Մենք հետևողականորեն խրախուսել ենք այս տարածաշրջանի [Հարավային Կովկասի] երկրներին համապարփակ գնահատել Իրանի մտադրությունները և զգուշությամբ շարունակել իրանական ռեժիմի հետ կապված բոլոր գործարքները»:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում «Ատլանտյան խորհրդի» վերլուծաբան Ջոն Հերբսթը կարծիք է հայտնել, թե դժվար է այսօր անվտանգային երաշխիք տրամադրել Երևանին․ «Ներկայում Հայաստանի համար չկա անվտանգային երաշխիք, ինչպես որ, ցավոք, այն այսօր բացակայում է Ուկրաինայի համար, չնայած Մոսկվան իրականացնում է ոչ միայն ագրեսիվ [քաղաքականություն], այլ վարում է պատերազմական հանցագործություններով լի ռազմական գործողություններ»:
Նրա խոսքով, Մոսկվան ցանկանում է ապակայունացնել տարածաշրջանը, սակայն այսօր չունի այդ կարողությունները՝ Ուկրաինայում շարունակվող իր նախաձեռձնած պատերազմի պատճառով․ «Եթե Մոսկվան ի վերջո պարտվի այս պատերազմում, որին ես հավատացած եմ, ու եթե ամերիկյան քաղաքականությունն ուժեղանա, ապա այն նույնպես կարող է հանգեցնել իրական կայունությանը Հարավային Կովկասում՝ անկախ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում առկա դժվարություններից»:
Իր հերթին՝ ամերիկացի մեկ այլ նախկին բարձրաստիճան դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը կարևորում է Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը՝ տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը հասնելու համար՝ ընդգծելով, թե ԱՄՆ-ն բաց է Հայաստանի հետ ամուր հարաբերություններ զարգացնելու համար: Ըստ պետքարտուղարի տեղակալի նախկին պաշտոնակատարի, Վաշինգտոնն ու Երևանը ունեն չափազանց լավ դիվանագիտական հարաբերություններ:
«Կարևոր է ոչ միայն արտաքին քաղաքական երկարաժամկետ ծրագրերի կազմումը, այլ նաև իրականացումը, որոնց մեջ առանցքային տեղ է զբաղեցնում խաղաղության գործընթացը։ Կարծում եմ, այն կենսական նշանակություն ունի. տարածաշրջանի ժողովուրդները հոգնել են [հակամարտություններից] և պատրաստ են խաղաղություն հաստատել, որպեսզի կարողանան կենտրոնանալ այլ հարցերի վրա»,- նշում է Ռիքերը:
Ֆիլիպ Ռիքերն ընդգծում է՝ Հայաստանն ինքը պետք է որոշի իր արտաքին քաղաքական ուղեգիծը:
«Գլխավորն այն է, որ Հայաստանը ինքը պետք է ընտրություն կատարի իր արտաքին քաղաքականության հարցերում։ Ինքը որոշի, թե ինչպես է վերաբերվում այլ երկրների: Պարտադիր չէ, որ մեկի հետ հարաբերությունները բացառեն ուրիշի հետ կապը: Սա մի իրավիճակ չէ, երբ ամբողջը պետք է շահես, կամ ամեն ինչ կորցնես: Ցավոք, պարոն Պուտինը այլ կերպ է նայում խնդրին, և դա հանգեցրեց սարսափելի ավերածությունների և մարդկային կորուստների»,- ասում է Ռիքերը:
Ռիքերը շեշտում է՝ ժողովրդավարության ուղին բռնած այսօրվա Հայաստանի իշխանությունները արձագանքում են հայաստանցիների ցանկություններին, իսկ Միացյալ Նահանգները պատրաստ է լինել Հայաստանի բարեկամն ու աջակիցը, ինչպես եղել է մշտապես՝ շարունակելով կառուցել Հայաստանի հետ հարաբերությունները։