«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ԱՊՀ երկրների համար

13/03/2022

Ուկրաինայում ռազմական գործողությունը և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները լուրջ ցնցում են ԱՊՀ (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ռուսաստան, Ուկրաինա և Ուզբեկստան) համար։

Դեռևս փետրվարի սկզբին Moody's միջազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանների ուսումնասիրության մեջ նշվում էր այն մասին, որ ԱՊՀ երկրներից ամենախոցելիները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրման և Արևմուտքի կողմից կոշտ պատժամիջոցների կիրառման դեպքում կլինեն Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոլդովան և Հայաստանը։

Այսպիսով, պատժամիջոցների սահմանումից առավելապես տուժելու են Ղրղզստանը և Տաջիկստանը, որոնք կախված են Ռուսաստանից բանկային տրանսֆերտներից։  Ռուսական տնտեսության հնարավոր դանդաղումը կհարվածի Ղրղզստանի և Տաջիկստանի վարկունակությանը աշխատանքային միգրանտներից տրանսֆերտների նվազման պատճառով, որոնք, ըստ Համաշխարհային բանկի, կազմում են այդ երկրների ՀՆԱ-ի համապատասխանաբար 33%-ը և 30%-ը: Նույն ազդեցությունը կլինի նաև Հայաստանի վրա։ Ռուբլու անկումը բացասաբար կանդրադառնա ԱՊՀ երկրների արժույթների վրա՝  այս առումով ըստ Moody's-ի առավել խոցելի են Բելառուսը, Տաջիկստանը և Վրաստանը, որոնք արտարժույթով պարտքի մեծ մասնաբաժին և թույլ պահուստներ ունեցող երկրներ են:

Standard & Poor's Global Ratings միջազգային գործակալությունը ակնկալում է, որ 2022 թվականին Ռուսաստանի իրական ՀՆԱ-ն կնվազի 6,2%-ով։  Մինչ այս փորձագետները ենթադրում էին 2,7% աճ։  Ռուսաստանի տնտեսության աճը 2023 թվականին կանխատեսվում է 0,3%, 2024 թվականին՝ 0,9%։  Մինչ այդ այն ակնկալվում էր 2 տոկոսի մակարդակում։

Տարածաշրջանի տնտեսական հեռանկարը կտրուկ վատացավ փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո:  Բացի նրանից որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կործանիչ հետևանքներ կունենա Ուկրաինայի տնտեսության համար, իսկ աննախադեպ միջազգային պատժամիջոցները կթուլացնեն Ռուսաստանի տնտեսությունը, փոքր տարածաշրջանային տնտեսությունները ևս կզգան դրա դառը հետևանքները տրանսֆերտների նվազման, արժույթի արժեզրկման, մատակարարումների խափանումների և առևտրի սահմանափակման միջոցով: Ոչ միայն արևմուտքից, այլև արևելքից ԱՊՀ երկրներ արտահանվող բեռները տուժում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի պատճառով, քանի որ ոչ մի նավարկային ուղի չի ցանկանում բեռներ տեղափոխել այդ ուղղությամբ։ Հավանական է տարածաշրջանային գնաճի բարձրացումը։

Մինև այդ տարածաշրջանային գնաճը հունվարին աճել է մինչև 9,1% (դեկտեմբեր՝ 8,8%), որը ամենաբարձր ցուցանիշն է 2019 թվականի փետրվարի ռեկորդային ցուցանիշների սկզբից ի վեր։  Ակնկալվում է, որ ապագայում գնաճի ցուցանիշները կբարձրանան էներգակիրների գների բարձրացման և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի արդյունքում մատակարարման խափանումների պատճառով։

Պատերազմի հետևանքները  կդիտվեն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ասպարեզում: ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում  քաղաքական ղեկավարությունները Պուտինի հովանավորության շահառուներն են։ Այսպիսով Ռուսաստանի կառավարության ապակայունացման դեպքում կա վտանգ, որ քաղաքական ապակայունացումը դոմինոյի էֆֆեկտով կազդի նաև նախկին խորհրդային երկրների վրա։

Միևնույն ժամանակ ԱՊՀ երկրները այս պայմաններում հնարավորություն ստացան ռուս զբոսաշրջիկների մեծ հոսք ընդունել։ Ռուսների ավանդական հանգստի վայրերի փակման և ռուսաֆոբական տրամադրությունների հետևանքով անսպասելի մեծ հետաքրքրություն առաջացավ դեպի նախկինում ուշադրությունից զրկված երկրներ ուղևորությունները։ Դրան կնպաստի Ռուսաստանի կողմից Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան անկանոն և կանոնավոր չվերթների ավելացումը։ Զբոսաշրջային բիզնեսի մասնագետները նշում են, որ առավելապես մեծացել է Հայաստան և Ղազախստան ուղևորությունների պահանջարկը։

Այսպիսով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները անուղղակի ազդեցություն կունենան նաև ԱՊՀ երկրների վրա, որոնք մեծապես կախված են Ռուսաստանի տնտեսական աջակցությունից: Արդեն հայտարարված պատժամիջոցների խստությունը անխուսափելի է դարձնում Ռուսաստանի տնտեսության անկումը 2022 թվականին՝ ճնշում գործադրելով ԱՊՀ տնտեսությունների վրա առևտրաշրջանառության, տրանսֆերտների, էներգառեսուրսների և այլ ոլորտներում։

Հեղինակ՝ Աննա Ղազարյան                                                                                                                                                 

Generalnews.am