«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք հասել ենք մի կետի, որտեղից կորոշվի մեր ապրել-չապրելը. Արայիկ Մկրտումյան

07/10/2023

Հայաստանում հիմա մեծ թափով ընթանում են բռնի տեղահանված արցախցիների տեղավորման և օգնության տրամադրման գործողություններ: Ընդ որում խիստ նկատելի է առանձին  անձանց և տարբեր Հկ-ների  և այլ խմբերի կամավորական աշխատանքը, որը մեծ արդյունավետություն ունի: Ընդհանրապես Հայաստանում կամավորության ինստիտուտը քիչ է զարգացած և այս  օրերին, ինչպես և 44-օրյայի ժամանակ երևում է, թե ինչ հսկայական պոտենցիալ կա Հայաստանում, որն իրացված չէ: Ոչ պետական մարմինների, այսինքն վերը նշված օղակների միջոցով մարդկանց տրամադրվում է ամենաանհրաժեշտ առաջին օգնությունը և իշխանությունները պիտի շատ լավ հասկանան, որ հայ ժողովուրդը կամավոր կերպով անում է այն, ինչը  պետությունը չի հասցնում: Սա նշանակում է, որ Հայաստանում բոլոր հիմքերը կան միասնական հասարակություն ստեղծելու համար:

Իսկ հետո՞: Ենթադրենք այս աշխատանքները շարունակվեցին ևս մի քանի շաբաթ կամ  ևս մեկ երկու ամիս, արցախցիները քիչ թե շատ տեղավորվեցին և մյուսներն էլ քիչ-քիչ սկսեցին վերադառնալ իրենց առօրյային: Ի՞նչ է լինելու հետո: Բացի նրանից, որ արդեն ընկճվածության առաջին փուլն անցնելու է և հուսանք, որ կառավարությունն ի վիճակի կլինի կարճ ժամկետներում բավարարել կամ գոնե նման գործընթացի սկիզբը  դնել արցախցիների բնակեցման և բնականոն կյանքի վերադառնալու համար:

Բայց ի՞նչ է լինելու հետո: Ի՞նչ սկզբունքով ենք մենք շարունակելու ապրել: Ո՞րն է լինելու մեր՝ պետական ու ազգային քաղաքականությունը, մեր քաղաքական ինքնորոշումն ու քաղաքակրթական ապագան: Ի՞նչ ենք անելու վաղը և ո՞րն է մեր օրվա պլանը, օրակարգը:

Մենք տեսանք, որ 1991թ. մինչ 2023թ. սեպտեմբերի 19-ի մեր գործողությունների մեջ կային կոպիտ սխալներ: Որովհետև եթե ինչ որ բան ճիշտ արած լինեինք, ապա 2023-ին Արցախն ամբողջությամբ չէր մնա Ադրբեջանին, չէր հայաթափվի:

Ուրեմն հարց է ծագում, թե մենք ընդհանրապես ինչ որ բան հասկացե՞լ ենք, թե ոչ՝ որպես ժողովուրդ և հասարակություն, որպես պետություն և որպես քաղաքական դաշտ: Մենք կրկին շարունակելո՞ւ ենք ներկա-նախկին անիմաստ ու անպտուղ ինքնաքայքայող այս երևույթները, շարունակելո՞ւ ենք դաշնակից փնտրել այնտեղ, ուր միայն հակառակորդներ են, շարունակելո՞ւ ենք հանուն մեր չնչին գրպանային երջանկության խորտակել մի ողջ ժողովրդի ապագա: Որովհետև արել ենք այդպես: 1994թ. հաղթանակը, որ մեզ տվեց նախ շնչելու, իսկ հետո նաև կայանալու և զարգանալու հնարավորություն՝ վատնվեց մի խումբ մարդկանց գավառական փառասիրությունները բավարարելու, հանցագործների հարստանալու վրա: Եվ այս տասնամյակների ընթացքում տեղի ունեցած բոլոր երևույթները, ինչքան էլ որ փորձ արվեն արդարացնելու(Հայաստանում ոչ մի պաշտոնյա չի խոստովանում, որ գոնե ինչ ինչ հարցերում սխալ է եղել կամ անկարող), միևնույն է, 100 հազար մարդ կարող է գոռալ, որ ամեն ինչ սխալ է եղել, Եռաբլուրի տարածքի մեծացումը սոսկալի ապացույցն է այդ սխալների, Արցախի կործանումը ապացույցն է այդ սխալների:

Եվ ուրեմն, ծագում է միանգամայն տրամաբանական հարց, թե ինչ ենք անելու մենք հետո: Եվ ինչպես ենք դուրս գալու այս սթրեսից: Ո՞րն է լինելու մեր ապրելու սկզբունքը: Ինչպե՞ս ենք մենք տարանջատելու կարևորն ու անկարևորը, ինչպե՞ս ենք առաջնահերթությունները առաջին պլան մղելու և վերջապես ո՞րն է Հայաստան ապագան: Ի՞նչ հայեցակարգ ունենք:

Այս հարցերը կարծես միշտ եղել են ձանձրալի, մինչդեռ ամենամեծ ինտրիգներն այստեղ են եղել, ամենամեծ սպեկուլյացիան այստեղ է կատարվել: Հայ հասարակությանը կեղծ ու անիրական տեսլականով առաջնորդողները խաղացել են մարդկանց նվիրական զգացմունքների վրա ու նրանց կործանման հասցրել: Մեծ ու միացյալ Հայաստանի մասին խոսելով, մենք կորցրել ենք եղածը:

Արցախցիների մոտ հիմնավոր վախ կա, որ վաղը Հայաստանի հետ տեղի կունենա այն, ինչ եղավ Արցախի հետ: Այդ վախն անհիմն չէ: Հայաստանը Արցախի մեծ տեսակն է՝ փտած ենթակառուցվածքներով ավերված կրթական համակարգով, անգրագետ հասարակությամբ և այլն:

Հիմա մենք մի բան կամ կհասկանանք կամ կշարունակենք հումանիտար օգնություն ցուցաբերել մեր հայրենակիցներին այնքան, մինչև մեզնից  ՀՀ-ը ևս խլեն՝ գյուղ առ գյուղ: Մենք այլևս ոչ նահանջելու տեղ ունենք, ոչ՝  փախչելու: Մենք այլևս սակարկելու ոչինչ չունենք: Մենք հասել ենք վերջին, հասել ենք հատակին: Ավելի վատը նշանակում է Հայաստանի կործանում կամ վերածում մի դեկորատիվ խաղալիքի, որն աշխարհակարգի այս կտրվածքում հրաժարվում է ամեն ինչից: Սա նշանակում է հայ հասարակության ապապետականացում: Դարերով հայերն ապրել են առանց պետության և այդ առումով դարձել անկարգ մի ազգ: Եթե հիմա էլ մենք ուշքի չգանք, ապա մեզ հետ կպատահի նույնը և հայերը մեծ արագությամբ նորից կվերածվեն գաղութային հասարակության, որի ամենամեծ ձեռքբերումը որևէ դպրոցի կառուցումն է կամ եկեղեցու օծումը:

Սրանից է պետք վախենալ: Կարող են մեզ նորից հրել գաղութային փոսը  ու այս անգամ գուցե չկարողանանք դուրս գալ այնտեղից: Որվեհտև մենք պատմական տասնյակ օրինակներ ունենք, թե ինչպես են ազգերն ու պետությունները հրթիռի պես վեր բարձրանում ու ընկնում ջախջախված, սեփական այլասերվածությամբ  և անկարողությամբ պայմանավորված

Ու հիմա մենք հասել ենք մի կետի, որը կորոշի մեր ապրել-չապրելը: Մենք կամ ապրում ենք կամ՝ ոչ:

Արդյո՞ք ի վիճակի ենք գիտակցել այս ամենը: Բարդ է ասելը, որովհետև մեր խնդիրները չափից ավելի շատ են ու ծանր, բայց ինչպես արևմտյան մի երգում է նշվում. «ամեն հորիզոնը մի նոր սկիզբ է»: Մենք կարող ենք ասել, որ ամեն դժվարություն մի նոր հնարավորություն է, մի նոր վակցինա, որ պետք է պատվաստենք մեր թուլացած ոգուն ու մտքին, որպեսզի ամեն անցողիկ քամի մեզ մահճակալին չգամի: Մենք ծեր ժողովուրդ ենք, իսկ ծեր մարդիկ նույնիսկ թեթև հիվանդությունն ավելի ծանր են տանում: Ու հիմա ժամանակն է, որ մենք դադարենք ժողովուրդ լինելուց և վերածնվենք որպես պետություն:

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող