«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայկական հոգեկերտվածք /Ազգաբանական դիտարկումների շարքից/. Ռաֆիկ Նահապետյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

10/09/2020

Դարերի ընթացքում յուրաքանչյուր ժողովրդի մոտ ձևավորվում է միայն իրեն հատուկ հոգեկերտվածք: Այդ գործընթացում կարևոր դեր են խաղում ազգային մշակույթը, ավանդույթները, աշխարհագրական դիրքը, սոցիալ-քաղաքական պայմանները, օտարածին ազդեցությունները և այլ գործոններ: Ազգային հոգեկերտվածքը տվյալ ազգությանը պատկանող անհատի մասին ընդհանուր պատկերացում կազմելու հնարավորություն է տալիս: Ազգային հոգեկերտվածքի հետ ծանոթությունը հատկապես կարևոր է հասարակական գործունեություն ծավալող մարդկանց համար, քանի որ այն օգնում է հասկանալու և կանխատեսելու հասարակության շերտերի գործողություններն ու վերաբերմունքն այս կամ այն հարցի նկատմամբ:

Ազգային արժեքային համակարգն այն հենքն է, որի վրա ձևավորվում և մշակվում է ազգային ռազմավարությունը, որը ժողովրդին տանում է կա՛մ բարգավաճման, կա՛մ ոչնչացման: Ներկայումս արագ տեմպերով աշխարհում տարածվող գլոբալացումը հիմնահատակ ավերում է ազգային արժեհամակարգը՝ մարդկանց տանելով նույնականացման: Ուստի շատ կարևոր է ազգային դիմագծի և ընդհանրապես արժեքների պահպանման գործընթացը: Սակայն ազգային արժեքների համակարգի խարխլման գործընթացը սկսվել է, և այն մեծ վտանգ է ներկայացնում: Ազգաբանությունն այն եզակի մասնագիտություններից է, որ կոչված է վեր հանելու ազգային դիմագիծը և նպաստելու դրա անաղարտության պահպանմանը: Ցավոք, այսօր շատ քչերն են տիրապետում այդ մասնագիտությանը:

Հայերին այլ երկրներում ուսումնասիրող մի սոցիոլոգ մոտավորապես 30 տարի առաջ նկատել է, որ, օրինակ, Ֆրանսիայում և Իսպանիայում ապրող որոշ երիտասարդներ մարդահամարի ժամանակ ներկայացել են իբրև հայեր, թեև իրականում եղել են ֆրանսիացի կամ իսպանացի: Սոցիոլոգն այս ամենի պատճառը համարում է այն, որ այս բազմազգ երկրներում ազգության խնդիրը խստությամբ դրված չէ: Եվ այն մարդիկ, որ շփվել են հայերի հետ, կարծես ներքուստ ցանկություն են ունեցել նմանվել նրանց: Մեր համոզմամբ այս երևույթը պայմանավորված է հայերի գենոֆոնդի ուժեղությամբ: Եթե վրացիներն ու ադրբեջանցիներն իրենց տարածքում ապրող այլազգիներին ստիպում են փոխել ազգանունը, մինչ դեռ հայերը նման խնդիր չունեն: Սա ապացուցում է այն որ ազգերը դեռևս ամբողջովին չեն կայացել, ազգային հոգեկերտվածքի խիստ կրողներ չեն: Իսկ հայկական գենոտիպն ունի այն ազգային ինքնավստահությունը, որ ինքը երբեք չի կորչի:

Իսկ ի՞նչ է ազգային հոգեկերտվածք հասկացությունը, որ հաճախ անվանվում է մենթալիտետ: Այն բառացի նշանակում է՝ բնավորություն, խառնվածք: Ազգային հոգեկերտվածքը ձևավորվում է ժողովրդի կազմավորման շրջանից սկսած, մինչև մեր օրերը՝ կապված պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական և այլ գործոնների հետ: Հայ ժողովրդի պատմության առանձնահատկությամբ էլ պայմանավորված է նրա հոգեկերտվածքը: Ժողովրդի կյանքում կատարվող ցանկացած իրադարձություն իր կնքին է դնում նրա հոգեկերտվածքի վրա: Հայոց ազգային հոգեկերտվածքը պայմանավորված է հիմնականում նախ՝ բնօրրանի, բնակլիմայական ու աշխարհագրական պայմաններով, մի հանգամանք, որը չպետք է անտեսվի, բայց նաև պետք չէ գերագնահատել: Ազգային հեգեկերտվածքը որոշակի սոցիալ-քաղաքական և ժողովրդի կյանքում այլ իրադարձությունների ազդեցությամբ կարող է փոխվել: Ժամանակակից դրամական հարաբերությունները որոշակի հարված են հասցնում ավանդական կենցաղավարությանն ու հոգեկերտվածքին:

Հայկական հոգեկերտվածքի վրա ազդող մեկ այլ գործոն էլ Հայոց մեծ եղեռնն էր, որի հետևանքով տեղահանված ժողովրդի մի մասը վերաբնակեցվեց այս մոտ 30 հազար քառակուսի կիլոմետրում: Սրա հետևանքով խառնվեցին տարբեր գյուղերի, գավառների, մարզերի բնակիչներ: Արդյունքում շատ սովորույթներ, ավանդույթներ ու ծիսական արարողակարգեր վերացան: Բացի այդ, եթե մինչև 1915թ ավանդույթի փոխանցելիությունը պապից հորը և հորից որդուն անցնում էր ուղիղ գծով, ապա 1915թ դա ընդհատվեց: Այսքանով հանդերձ՝ հոգեկերտվածքի հիմնական գծերը շարունակում են մնալ անփոփոխ, որովետև դրանք ձևավորվել են հազարամյակների ընթացքում: Հակիրճ անդրադառնանք հայկական հոգեկերթվածքին բնորոշ մի քանի հատկանիշների.

Ազգագրագետիս դիտարկմամբ՝ հայկական հոգեկերտվածքի կարևոր կողմերից մեկն անսահման նվիրվածությունն է ընտանիքին, օջախին, տունուտեղին, հայրենիքին: Աշխարհի որ անկյունում էլ որ հայն ապրի հայրենիքի հետ կապը չի խզի: Նույնիսկ նրանք, ովքեր օտար երկրներում հաստատվել են, էլի վերադառնալու հեռանկարը չեն կորցնում, հայրենի տունը չեն վաճառում: Պապենական հողին, օջախին կապվածությունը դեռ դարերից է գալիս: Գյուղական բնակավայրերում այն այսօր էլ պահպանում է իր կենսունակությունը:

Հայերն ի սկզբանե ավանդապաշտ են եղել և հավատարիմ մնացել իրենց ավանդույթներին։ Այսպիսին է մեր ժողովրդի ընտանեկան բնութագիրը։ Ընդհանրապես ընտանիքը համարվել է ազգային կարևորագույն արժեքներից մեկը։ Հայկական ընտանիքը հազարամյակներ շարունակ եղել է բազմանդամ և բազմաճյուղ։ XIX-XX դարերում ազգագրագետներն ու բանահավաքները հիցամունքով են արձանագրել այն փաստը, որ հայ գերդաստանը համերաշխ ու ժողովրդավար ընտանիքի կերտված է ունեցել։ Դա պետականության երկարատև բացակայության ժամանակ մեր ազգի գոյատևման վճռորոշ նախապայմանն է եղել։ Այդպիսի ընտանիքում հայ կնոջ հիմնական պարտավորությունը եղել է զավակներ ունենալը։ Նրա գրաված դիրքն ու հեղինակությունը որոշվել են բազմազավակությամբ։ Կնոջ կարևոր գործառույթներից մեկն էլ ընտանիքում համերաշխության ու խաղաղության պահպանումն է։ Բազմազավակ կինն իր իրավունքներով հավասարվել է տղամարդուն։ Անցյալում այդ հանգամանքի շնորհիվ իրավունք է վերապահվել մասնակցելու համայնքային կարևոր, վճռական նշանակություն ունեցող հարցերի քննարկումներին։

Հայկական հոգեկերտվածքի նկատելի մեկ այլ բնորոշ կողմն էլ կանանց նկատմամբ պաշտամունքն է: Երբեմն տղամարդիկ, չափազանց զգայուն լինելով, կարող են սահմանն անցնել, նույնիսկ մոլեռանդության աստիճան խանդել, բայց բոլոր դեպքերում հայերը պաշտում են իրենց կանանց: Հայկական ընտանիքն էլ պահպանվում ու զարգանում է մոր իմաստնության հիման վրա: Հայկական ընտանիքում մայրը սրբություն է: Աշխարհի ժողովրդների մեջ նա տարբերվում է զոհաբերվելու իր ընդունակությամբ, ընտանիքին նվիրվածությամբ: Հայ կինն ամուսնուն այնպիսի հոգատարությամբ է շրջապատում, ինչպես իր զավակին, նա երբեք չի փորձի առաջինն իր ափսեն ճաշ լցնել: Հայ կնոջ նվիրվածությունն ընտանիքին անսահման է: Բացառություններ կան, բայց դրանց մի մասն էլ կյանքի դժվարություններով է պայմանավորված, երբեմն հանուն երեխաների են շեղ քայլերի դիմում: Իսկզբանե հայ իրականության մեջ հայ կնոջ կերպար կա: Այդ կերպարը Փառանձեմն էր, նաև այն կանայք էին, ովքեր իրենց ժայռից անդունդն էին նետում, որպեսզի օտարին կնության չգնան: Այսօր լայն առումով վերցրած, այդ կերպարը պահպանելու միտում կա: Եղել են դեպքեր, երբ կանայք սուղ պայմանների պատճառով քայքայել են ընտանիքը, լքել-հեռացել են: Բայց հայ ընտանիքը նման հիմքերի վրա չի կառուցվում: Իրական հայկական ընտանիքի կենտրոնում կինն է կանգնած: Եթե նա չլինի, կքայքայվի այդ ընտանիք: Հայկական ընտանիքում երեխա-ծնող կապը շատ սերտ է: Երեխան հայ իրականության մեջ կուռք է: Անգամ հասուն տարիքում հայ ծնողներն իրենց երեխաներին չեն ուզում մեծացած տեսնել: Նրանց թվում է թե իրենց զավակը դեռ փոքր է, այդպես են ուզում տեսնել, որպեսզի իրենց կողքին ավելի երկար մնա, իրենց հորդորները լսի, իրենց հետևի: Օրինակ՝ ռուսներն իրենց 16-17 տարեկան դարձած զավակների առաջ ինքնուրույն ապրելու, միջոցներ ստեղծելու, սեփական խնդիրները լուծելու հարց են դնում: Իսկ հայերն անգամ 50-60 տարեկան զավակների խնդիրներն ուզում են իրենք հարթել և ինքնազոհության գնալ: Հայերը երեխաներին նաև իբրև սեփականություն են ընկալում: Սա ծնողական էգոիզմն է, որը շատ ուժեղ է հայ իրականության մեջ: Առհասարակ հայը մտածում է ոչ միայն իր զավակների, այլ նաև թոռների ու ծոռների մասին, նրանց ապագայի մասին: Սա արյան միջոցով փոխանցվող երևույթ է:

Հայերը նաև շատ կենսադիմացկուն են, նրանք անապատում լինեն, թե ժայռերի վրա, կարող են ելք գտնել և գոյատևել: Հայերը ֆիզիկապես տոկուն են և կարողանում են ելք գտնել:

Հայկական հոգեկերտվածքին հատուկ մեկ այլ գիծ էլ ուսումնատենչությունն է: Այսօր մոտ 3 մլն բնակչություն ունեցող մեր երկրում կա շուրջ չորս տասնյակի հասնող բուհ: Եվ եթե գանք պատմական ակունքներից, ապա կտեսնենք, որ միջնադարում ևս Հայաստանը հարուստ է եղել բարձրակարգ դպոցներով ու համալսարաններով:

Հայերի ազգային բնութագրական կողմերից մեկն էլ եղել է երիտասարդության դաստիարակության խնդիրը, որի անբաժան մասն է կազմել կրթությունը։ Ընդհանրապես, կրթությունը հայերի համար կենսական անհրաժեշտություն է եղել։ Դա է վկայում այն փաստը, որ բազմաթիվ բռնակալներ պատերազմի ժամանակ բռնագրավում էին հայոց գրական գանձերը, հետո էլ մեծ փրկագին պահանջում դրանք վերադարձնելու համար։ Նման օրինակներ, հայոց պատմության էջերում շատ կան։

Ներկայումս հայերին հուզող հրատապ խնդիրը, որ նրա հոգեկերտվածքի կարևոր գծերից մեկն է՝ առողջ սերնդի վերարտադրության կազմակերպումն է։ Այո, կարևոր խնդիր, քանզի մենք կանգնած ենք տխուր իրողության առաջ. երիտասարդության բավական թվով մասը տառապում է չբերությամբ կամ սեռական վարակներով։ Մեր համոզմամբ՝ նման վիճակի դրդապատճառներից են երիտասարդների մի մասի՝ ընտանիքից դուրս, հոգեպես անառողջ ու անհանգիստ և սոցիալապես անապահով պայմաններում ապրելը, սեռական աննորմալ կամ անբավարար կյանք վարելը, բարոյական արժեքների անտեսումը։

Ներկայումս նկատելի է ձգտումը դեպի եվրոպականացումը, որն էլ հանգեցնում է ձուլման։ Շատ վատ սովորություններ են ներթափանցում մեր արժեքային համակարգ, երևույթ, որ դժվարացնում է սերնդի դաստիարակության գործը։ Ինչ վերաբերում է առողջ սերունդ ունենալուն, ապա այդ հարցում, իհարկե, առկա է էկոլոգիական և ոչ ճիշտ բարոյական կյանք վարելու գործոնը։ Այս իրավիճակում իր բացասական դերն է խաղում նաև բուժօգնության անմատչելիության փաստը։ Եվ չնայած մեր դարաշրջանը համարվում է տեղեկատվական, սակայն երիտասարդները ժամանակին և ճիշտ ճանապարհներով չեն ձեռք բերում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Հայերին բնորոշ է նորի հանդեպ ձգտումը: Բոլոր նորարարական շարժումներում հայերն առաջին շարքերում են հայտնվել: Հիմա հայերին բնորոշ շատ կողմեր ու երբեմնի նահապետական բարքեր մոռացության են մատնվում, գուցե ժամանակի պահանջն է: Օրինակ՝ նախկինում հայերը հազվադեպ էին դատի ու դատարանի առաջ կանգնում: Մի քանի պրիստավ կարող էին ղեկավարել ամբողջ Հայաստանը: Այսինքն՝ սովորութային նորմերն ու համայնքային չափանիշներն այնքան կայուն արմատավորված են եղել, որ ոստիկանների կարիք չի զգացվել, և բացառիկ դեպքերում է հանցագործություն կատարվել: Նրանք աղ ու հացով թոնրի կրակով կամ թոնրի մոխրով երդվել են ու վերջ: Այն անխախտ է մնացել: Դրամաիրային, գույքային սեփականության այս հարաբերությունները, փաստորեն, շատ քանդարար նշանակություն ունեցան հայկական հոգեկերտվածքում: Այսօր շատ հատկանիշներ կորչում, փոշիանում են, սա նոր պայմանների ու ժամանակների հետևանք է: Օրինակ՝ նախկին ԽՍՀՄ-ում Հայաստանն ամենակայուն ընտանիք ունեցող երկիրն էր, որտեղ ամուսնալուծությունը հազվադեպ երևույթ էր, բայց այսօր ամեն ինչ փոխվել է: Անկայուն է դառնում հայկական ընտանիքը: Մենք գիտենք, որ այն պետությունն ու պետականությունն է ուժեղ, որտեղ ավելի կայուն ու ամուր է ընտանիքը:

Հայերը նաև կամեցող ազգ են: Թեև ներկայումս կյանքի դժվարություններով պայմանավորված՝ մեկը մյուսով չի ապրում, բայց հայերը համայնքային սովորույթներ, հարևանական սերտ կապեր ունեն: Մարդիկ բնակության վայրը փոխում են, բայց նախկին հարևանական կապերը պահպանվում են: Նրանք մասնակցում են միմյանց և՛ տխուր, և՛ ուրախ արարողություններին: Երբ հայը հայտնվում է օտար երկրում, նրա առաջին դժգոհությունն ու դժվարությունն այն է, որ այնտեղ հարևանները, անգամ ազգակիցներն ու բարեկամները կտրված են միմյանցից: Հայը երբեք ուրախություն կամ խնջույք չի կազմակերպի, եթե շուրջ բոլորը տառապանք կա: Բայց երբ օրհասական պահ է, երբ օգնություն է պետք, հայը միշտ պատրաստ է օգնել:

Հայկական հեգեկերտվածքում կարևոր տեղ է զբաղեցնում նաև հյուրասիրությունը։ Տասնյակ տարիներ առաջ ազգաբանական մի գիտաժողովի ընթացքում մի ռուս ազգաբան ներկայացրել է հյուրասիրության մասին իր ուսումնասիրությունները։ Այդ պրոֆեսոր-ազգաբանը եղել էր և՛ Վրաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։ Նա պարզել էր, թե որ ժողովուրդն ինչ ձևի մեջ է հյուրասեր։ Ազգաբանն այն համոզման էր եկել, որ որոշ ազգեր հյուրասիրելու միջոցով ուզում են իրենց ներկայացնել, իսկ հայերն ամեն ինչ անում են, որ հյուրն իրեն լավ զգա։ Նրանք կարող են անգամ պարտքեր կուտակել, թանկարժեք իրեր վաճառել, միայն թե ըստ պատշաճի հյուրասիրություն կազմակերպեն։

Հայերը նաև մաքրասեր ազգ են, բայց հայկական էգոիզմը չափազանց միակողմանի մաքրասիրության է բերում։ Նրանք կարող են իրենց բնակարանը, աշխատասենյակը մաքուր պահել, բայց մի քայլ այն կողմ բոլորովին այլ պատկեր է։ Պատճառն այն է, որ պատկանելության, տեր լինելու զգացում չկա։

Հանգամանքների բերումով հայերը օրենք չսիրող ազգ են, օրենքը երբեմն-երբեմն ոտնահարում են: Սա բխում է ազգային անհատական առանձնահատկություններից, օրիգինալությունից, առանձնատիպությունից: Հոգու խորքում յուրաքանչյուր հայ իրեն նախագահ է տեսնում, հետևապես նա, ինքը կարող է ունենալ իր օրենքը: Հայը միշտ օրենքի մեջ սողանցքեր փնտրող աչք ունի: Կա նաև տեսակետ, որ օրենքի նկատմամբ հայերն ունեն երկակի վերաբերմունք: Մի կողմից հազարամյակների ընթացքում օրենքները պարտադրված են եղել օտարի կողմից, և ժողովուրդը նրանց կողմից գրված օրենքին պետք է խիստ բացասական վերաբերմունք ցույց տար, որովհետև դա օտարի օրենքն էր։

Թիմային աշխատանք տանել չենք կարող, միշտ մի խլրտում լինում է, և դրանից գործն է տուժում։ Այդ հանրային մտածողությամբ հայերը զգալիորեն զիջում են մյուս ազգերին։ Ինչ-որ տեղ էգոիզմը, անհատականը, անձնայինը հաղթում է։ Օրինակ՝ սպորտում հայերը լավ ներկայանում են մենապայքարային ձևերում։ Թիմային, խմբային մարզաձևերում հայերը զիջում են այլ ազգերին։ Սա ոչ թե մարդու շփվող կամ չշփվող լինելուց է, այլ բոլորովին ուրիշ՝ ազգային հարթություն է։ Հայ անհատն իր ուսերին շատ մեծ պարտականություններ է վերցնում և համոզված է, որ այդ ծանր լուծը կարող է տանել մինչև վերջ։ Այս տեսանկյունից հայկական տիպը շատ ուժեղ է։

Հայերն ունեն նաև որոշ բարդույթներ։ Բարդույթ է բոլոր հարցերում էգոիստական լուծումներ ու խնդիրներ առաջացնելը։ Բարդույթ է այն, որ նա ուզում է և չի կարողանում գտնվել հանրության մեջ։ Բարդույթ է իր մեծությունը ցույց տալու ձգտումը։ Այստեղ նա չի կարողանում հաղթահարել այդ գերէգոիզմը, գերիշխանության ձգտումը։ Հայն ունի նաև մենակության մատնվելու վախ, մշտապես վախենում է մենակ մնալ։ Բարդույթ է ծնողից զավակի առանձնանալը։ Երբ զավակը հեռանում է, մեծ վիշտ են ապրում։ Բոլոր մարդիկ էլ բաժանումները ծանր են տանում, բայց հայերը չեն կարողանում հաղթահարել այդ զգացողությունը։

Հայերն ամոթխածության բարդույթ ևս ունեն։ Երբ մարդ ամոթ է զգում և այն խանգարում է իրեն ապրել, բարդույթ է։ Այնտեղ, որտեղ չի կարողանում հաղթահարել, տանում է մեկուսացման։ Իսկ հայի մեջ ամոթխածությունը ոչ թե մեկուսացնում է նրան, այլ նոր խնդիրների լուծման անհրաժեշտություն է առաջացնում։ Եթե նա մի նոր իրադրության մեջ է հայտնվել և այդ իրադրության մեջ պետք է կարողանա ինքնադրսևորվել, այստեղ առաջանում է ներքին պատնեշը՝ ամոթը։ Միևնույն ժամանակ այն կարծես հուշում է, որ եթե այդպես վարվես՝ կմեկուսանաս։ Ամոթն օգնում է նոր խնդիրներ լուծելուն, երբեմն էլ թույլ չի տալիս լուծումներ գտնել։ Եթե անամոթ լիներ, ավելի վտանգավոր կլիներ։

Ցավոք սրտի, հիվանդագին, խոցելի, բյուրեղացված ինքնասիրություն ունեն հայերը։ Հաճախ վիրավորանքից անչափ խոցվում են ու շատ ծանր տանում։ Օրերով, տարիներով կարողանում են խորհել այդ մասին։ Ինչքան ժողովուրդներ են տարածքներ, պետություններ կորցրել, բայց ապրում ու չեն ուզում այդ մասին անգամ հիշատակել։ Իսկ մեր ժողովրդի ազգային ինքնասիրությունը թույլ չի տալիս մոռանալ, որովհետև մեր ինքնասիրությունն այդ խոցելիության, վիրավորանքի համար արդարացում չի գտնում։

Հայի ֆենոմենը համբերատարությունն է։ Հայերն ամեն ինչ կարողանում են համբերությամբ տանել։ Նրանք կարող են համբերությամբ անգամ սովին դիմանալ։ Հնարավոր է, որ համբերությունը լավատեսության արգասիքն է։ Հոռետեսությունը ազգին տանում է խուճապի։ Ազգակործան բնավորության գիծ է այն։ Համբերությանն առնչակից հատկանիշ է համառությունը։ Հայերն այդ համառությամբ շատ բաների կարող են հասնել։