Ռուբեն Դարբինյանը և «Ռուսական վտանգը». Աշոտ Ներսիսյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.
Վերջին օրերս երբեմն սոցցանցերում հայտնվում է Հայաստանի 1-ին հանրապետության հայտնի գործիչներից, Խատիսյանի վարչապետության վերջին շրջանում, մինչև 1920թ. մայիսի 5-ը Արդարադատության նախարար,ապա փոխնախարար, հայ քաղաքական մտքի նշանավոր ներկայացուցիչ, «Հայրենիք» ամսագրի հիմնադիր և ցմահ խմբագիր Ռուբեն Դարբինյանի(Արտաշես Չիլինկարյան) «Ռուսական վտանգը» բրոշյուրից մի փոքրիկ հատված, որտեղ գրում է, որ ռուսը քանի ստրուկ էինք, մեր «բարեկամն» էր, իսկ երբ դարձանք ազատ և անկախ, մեր թշնամին է: Բազմիցս անդրադարձած լինելով այս մեծ անձի, որը բնականաբար դաշնակցական նշանավոր այրերից էր, կյանքին ու քաղաքական մտքին, ցանկանում ենք շեշտել, որ նրանից այս մեջբերումը այս օրերի համար հատկանշական լինելով, քարոզչական նշանակություն ունի: Նրանց համար, ովքեր չեն կարդացել սույն գրքույկը, ցանկանում ենք հայտնել հետևյալը: Այն գրվել է 1920թ., երբ արդեն ակնհայտ էր, որ ռուսները թակում են մեր դուռը և իրոք ապացուցում է, որ ռուսները մեր բարեկամները չեն: Իսկ առհասարակ կա՞ն արդյոք բարեկամ պետություններ: Նրանք, ովքեր մտածում են, որ կան, թող հեռու մնան քաղաքականությունից: Ինչպես բազմիցս շեշտել ենք, կան իրենց շահերից ելնելով ինչ որ պահ քո լավը կամեցող երկրներ միայն, իսկ բարեկամ, այն էլ մնայուն, երբեք չի լինում: Ռուբեն Դարբինյանը բազմաթիվ և ինքնատիպ օրինակներով բացահայտելով ռուս ազգի էությունը, որոնց ընդ որում բաժանում է թաթարական և սլավոնական արյուն ունեցողների, իրենց բնորոշ էություններով, զգուշացնում է զգոն լինել, քանի որ նրանք մոտենում են: Բայց դա ամենևին չի նշանակում, որ նրա տեսակետներն այսօր պետք է շահարկել, հավելյալ հիմք ստեղծելով այն պահանջների համար, որ ռուսները պետք է հեռանան: Նա բնութագրում է ռուսին, քանի որ նրա աշխարհակալական ձգտումները նորից կյանքի կոչելու վտանգ կար: Դարբինյանն ինքը հետագայում գրեց «Հայ քաղաքական մտքի դեգերումները» կոթողային գործը, որում գտնում էր, որ պետք է հաշտվել թուրքերի հետ: Այս առումով նա մատնանշում էր հայ քաղաքական մտքի սխալները: Բայց ամեն ինչ չէ, որ կարելի է բերել և հարմարացնել ներկա ժամանակներին: Նույն 1920թ., երբ բոլշևիկներն ու քեմալականները միացել էին և Սևրի պայմանագիրը ստորագրած տերությունները ամեն կերպ ձգտում էին շահել Քեմալի համակրանքը, մեր քաղաքական առաջնորդները դեռ կառչած էին այն մտքին, որ կստանան իրենց ուզածը, այն դեպքում, որ եթե հասկանային «ռուսական վտանգը», Հայաստանը կհռչակեին խորհրդային, փրկելով 1914թ. սահմանները: Եվ հիմա եթե մենք հասկանանք այդ վտանգը, որ հակադրվելով, էլի կկորցնենք, կնշանակի ճիշտ ենք ընկալել ռուսների էության դարբինյանական ընկալումները: Հակառակ դեպքում էլի կկորցնենք: Սա է կարևորը: Արևմուտքն արդեն կարծես տանուլ է տալիս: Պետք է սա հասկանալ, որպեսզի որոշ չափով չեզոքանան ռուսական վտանգները: Իսկ մեզ փրկողը միայն մենք կարող ենք լինել, եթե իհարկե վերջապես գլխապտույտներ չունենանք Արևմուտքում «հաջողություններից»: