«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԻՐԱՆԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

06/10/2021

ՀՀ  արտաքին քաղաքականության մեջ անորոշությունը չի հստակեցվում, ավելին՝ գնալով կարծես խորանում է: Սոչիում օրեր առաջ տեղի ունեցած  Պուտին – Էրդողան հանդիպումն ավելի լեզվանի դարձրեց Ալիևին: Դա պատահական չէ, որովհետև փաստորեն մեր «դարավոր բարեկամը» այնտեղ արցախյան հարցի լուծումից չտարանջատեց Թուրքիայի դերը, ավելին՝ շեշտեց, որ ռուս – թուրքական Ակնայի կենտրոնը կարևոր դեր ունի կատարելու հայ- ադրբեջանական հակամարտության  լուծման տեսանկյունից: Ռուս – թուրքական տանդեմը գնալով ավելի ջերմ է դառնում, որը երկվություն է առաջացնում հայ քաղաքական մտքի իշխող և  ընդդիմադիր  ներկայացուցիչների մեջ:

Էրդողանը և Ալիևն  անընդհատ հայտարարում են Զանգեզուրով միջանցքի մասին, այդ միջանցքի մասին պայմանավորվածության չգոյության մասին շեշտում են հայկական իշխանությունները, իսկ ընդդիմադիրները գտնում են, որ իրոք գոյություն ունի միջանցքի հարց, որն ինչ որ տեղ նույնականացվում է Զանգեզուրի հարցի հետ: Այդ մասին թերևս չկա հստակ առանձնացում նոյեմբերյան համաձայնագրի 9 – րդ կետում և այդ համաձայնագիրը նախատեսում է, որ կողմերը պետք է կանգ առնեն այն դիրքերի վրա, որտեղ հասել են պատերազմի ընթացքում: Բայց արդեն տևական ժամանակ է, որ Ադրբեջանն առաջ է գալիս՝ առանց մեր կողմից դիմադրության նշույլի անգամ: Սա ավելի է խորացնում այն կասկածը, որ հնարավոր է՝ կա ինչ որ պայմանավորվածություն: Կարող է նաև չլինել և հայկական կողմի տեղի տալը կամ չընդդիմանալը կարելի է պայմանավորել Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման վախով, որին պատրաստ չենք, բայց  այս դեպքում մեր արժանապատվությունը գոնե մի փոքր պահելու ձգտմամբ պայմանավորված պետք է նրանց առանց վախենալու մի փոքր դաս տալ: Սակայն, ցավոք, դա տեղի չի ունենում:

Արևմուտքի միջամտության մասին, որին այստեղ ձգտում են որոշ քաղաքական ուժեր, այս պահին խոսելը բոլորովին հիմնավոր չէ, որովհետև այս տարածաշրջանը Արևմուտքի համար միշտ էլ դիտվել է որպես ռուսական ազդեցության գոտի: Ավելին՝ 1920թ. Վիլսոնը դանդաղեցնում էր Սևրի պայմանագրով նախատեսված սահմանզատումը, քանի որ դեռ չէր ճշտել Ռուաստանի դիրքորոշումը:  Ռուսաստանը  նույնիսկ  իր սրտի խորքում չի էլ ցանկանում սկսել բանակցությունները  Մինսկի խմբի շրջանակներում, որոնք այս իրավիճակում որևէ կոնկրետ արդյունք չեն տալու:Ալիևն երբ ասում է՝  չկա ԼՂ խնդիր, ապա դա նշանակում է, որ այս առումով լիարժեք համաձայնության մեջ է  Պուտինի և Էրդողանի հետ: ԼՂ համար կա այդ խնդիրը, բայց տեղի ղեկավարության համար մնացածը պահելու միակ երաշխիքը համարվում է Ռուսաստանը: Դա ձեռնտու է Ռուսաստանին, որը փաստորեն նրա անվտանգության երաշխիքը միառժամանակ լինելով և իր տեղակայած խաղապահներով կարող է ստիպել միաժամանակ պահել փխրուն կայունությունը, բայց երբեք չի գնալու ԼՂ այնպիսի կարգավիճակի, որը կմատնանշեն Մինսկի խմբի մյուս համանախագահողները, և որը կնախատեսի կարգավիճակ ոչ իր ցանկութունների համաձայն:

 Մեր իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին, բայց վերջիններս շտապելու չունեն ոչինչ, քանի որ անցան այն ժամանակները, երբ մենք կարող էինք գնալ արժանապատիվ հարաբերությունների և խաղաղության: Այս իրավիճակում այնպես է ստացվում, որ մենք մնում ենք խնդրողի դերում, որին արհամարհաբար են վերաբերվում բոլորը: Աջ ու ձախ ընկած դաշնակիցներ ենք որոնում, հանդիպումներ ունենում, որոնք գործնականում ոչինչ չեն տալիս: Մենք այժմ չենք կարող դաշնակիցներ ընտրել, իսկ մեզ ընտրել չեն ուզում և այդ մասին հայտարարություններն էլ ձևական բնույթ են կրում:Մենք այլևս, ցավոք, գործոն չենք Արևմուտքի և Արևելքի համար, որովհետև պատրաստ ենք անելու այն՝ ինչ կասեն:

Հիմա փորձում ենք խաղալ Իրան – Ադրբեջան հարաբերությունների սրման լարի վրա: Հայտնի է, որ Իրանը լարվեց Ադրբեջանի դեմ, երբ գերվեցին երկու պարսիկ վարորդներ, ապա՝ ադրբեջանցիների կողմից Գորիս - Որոտան  ճանապարհի հատվածը  փակվեց, խաթարվեց Իրանի ճանապարհներից կենսական նշանակություն ունեցող մեկը: Սա,  բնականաբար, չէր կարող չափազանց ցավոտ չլինել Իրանի՝ այս տարածաշրջանի ուժեղ և ինքնուրույն պետություններից մեկի համար: Սպառնալիքներ հնչեցին Ադրբեջանի հասցեին, հայտարարվեց, որ Իսրայելը Ադրբեջանում հաստատվելուն նախապատրաստում է ձեռնարկներ /և ռազմական և քաղաքական/, Իրանի դեմ:  Իրանն իր հյուսիսում սկսեց զորավարժություններ, նույնիսկ վերջնագրային լեզվով խոսեց պետությունների տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություների մասին, որը բավական ոգևորիչ ընկալվեց հայ շատ քաղաքական ուժերի կողմից: Ապա արգելվեց ռազմական օդանավերի թռիչքը Իրանի վրայով Նախիջևան: Իրանը միշտ այս տարածաշրջանում վարել է շատ նուրբ և հավասարակշռված քաղաքականություն: Հարկավ, սխալ են բոլոր նրանք, ովքեր արդեն դասեր են կարդում Իրանին, թե արցախյան պատերազմում սխալվեցիր, հիմա ուղղում ես քո սխալը: Հետաքրքիր է՝ ի՞նչ սխալի մասին է խոսքը: Որ չխառնվե՞ց հօգուտ մեզ պատերազմին: Իսկ ինչու՞ պետք է խառնվեր, այն դեպքում, երբ մեր սիրած Ռուսաստանը, ԱՄՆ –ն  ու Արևմուտքը միշտ էլ կողմ են եղել գրավյալ տարածքները Ադրբեջանին զիջելուն, որը եթե լուրջ հաշվեկշռվի ենթարկվեր, որ զինու ուժով չենք կարող պահել, վաղուց պետք է զիջած լինեինք և մեր պատմության մեջ չէր մտնի անցյալ տարվա աղետալի և կորստաբեր պատերազմը: Իրանի սահմանը Հայաստանի հետ բնականաբար փոքրացավ կամ  կրձատվեց, բայց նա երբեք չէր կարող նախատեսել, որ այնքան հեռու կարող ենք գնալ, որ այդքան թուլակամորեն թույլ տանք, որ ազերիները մտնեն մեր տարածք: Ուրեմն բավական է մեծերին շարունակենք դասեր տալ և Իրանի ձգտումներն այս տարածաշրջանում ճիշտ ընկալելով շատ չնվիրվենք նրան և չոգևորվենք, թե կարող է պատերազմել Ադրբեջանի հետ: Նա իր տարանցիկ ճանապարհների հարցը կլուծի առանց դրա էլ, բայց մենք կարող ենք միայն մի քայլ անել՝ քանի հարաբերությունները սրված են մեր հնարավորությունների չափով ատամ ցույց տանք Ադրբեջանին, չէ՞ որ մենք այդ աստիճանի իջած ժողովուրդ չենք եղել: Այս դեպքում մեզ կխրախուսեն ոչ միայն Իրանը, այլև Արևմուտքի որոշ երկրներ, որոնք համեմատաբար զերծ են Իսրայելի ազդեցությունից: Իսկ եթե կաշկանդված ենք ինչ որ փաստաթղթով, որով իրոք ռուսը, թուրքը և ազերին լուծելու են միջանցքի հարցը, Իրանն այս դեպքում լրիվ կանտեսի հայկական գործոնը և մեզ կդարձնի խաղաքարտ՝ հետո դեն նետելու միտումով: Իսրայելն, իրոք, Իրանի թշնամի պետություն է, բայց Իրանին ամենևին ձեռք չի տալիս, որ իր իսկ արտահայտությամբ՝ Ադրբեջանում հաստատված այս պետության հետ կոնֆլիկտը հասնի ծայրահեղ սրման, կամ վատացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Զգույշ լինենք, քանի որ այդ դեպքում իրոք կարժանանանք ոչ միայն ռուսի, թուրքի և ադրբեջանցու քամահրանքին: Քամահրանքի սահմանները կընդլայնվեն:
Հ. Գ.
Մինչ մենք սույն հոդվածով ակնկալում էինք Իրանին համահունչ քայլեր՝ արդեն հայտնի դարձավ, որ հընթացս Իրանի կողմից Ադրբեջանի հետ օդային ճանապարհի փակման Ադրբեջանն արդեն օդային միջանցք է բացել Հայաստանի վրայով Նախիջևանի հետ: Ցավալի իրողություն Իրանի գործելաոճին ի վնաս: