«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դիվանագիտությունն իր խոսքը պիտի ասի. Գարիկ Քեռյան

01/04/2024

Արտաքին քաղաքական կողմնորոշման, կամ այլ կերպ ասած վեկտորի փոփոխման դիսկուրսը հասել է գագաթնակետին: Թունդ արևմտամետ/հակառուսները հավաքվել ու բարձրաձայնում են, որ այլևս սպասելու ժամանակ չկա, վեկտորը փոխենք փրկվենք, քանի որ Վրաստանը կողմնորոշվել է Արևմուտք, Ադրբեջանը՝ Թուրքիա-Ռուսաստան դաշինք, մնում է Հայաստանը, որն այլևս այլընտրանք չունի և միակ ճանապարհը դեպի ԱՄՆ/ԵՄ: Ռուսամետները զգուշացնում են այն տնտեսական և անվտանգային կոլապսից, որն սպառնում է Հայաստանին, եթե նա վերջնականապես գնա դեպի Արևմուտք, որովհետև նրա հետ կյանքի ու մահու առճակատման մեջ մտած Ռուսասատանը չի ների և հերթական անգամ կպատժի: Որ կողմն է ճիշտ, մոտակա վեց յոթ ամսվա իրադարձությունները ցույց կտան, հստակություն չկա, պետական ղեկավար այրերը որոնք տիրապետում են շատ ավելի մեծ ինֆորմացիայի, իրենք էլ չգիտեն, դա զգացվում է նրանց խոսքից և հռետորաբանությունից: Ես մի բանում համոզված եմ, որ հյուսիսից եկող պատիժը խիստ է լինելու, խիստ և վտանգավոր: Համոզված եմ նաև, որ ժողովրդավարության և ինքնիշխանության մասին դասախոսությունների ու հուզական հայրենասիրական պաթոսախառն ելույթների փոխարեն ճիշտ կլինի մտածել այդ պատժից խուսափելու մասին: Համոզված եմ նաև, որ 44-օրյա պատերազմում Մոսկվայի և Թեհրանի իներտ դիրքորոշումը ինչ որ տեղ արևմտյան կողմնորոշման համար հասցված ապտակ էր, որը կրկնվեց, ընդհուպ մինչև Արցախի հայաթափում: Կարող է արդյոք հավաքական Արևմուտքը կայուն անվտանգային երաշխիքներ տալ և ապահովել հերթական պատժից: Բացի անզեն եվրոդիտորդների քաղաքացիական առաքելությունից և զենք վաճառելու մասին հրապարակումներից դեռևս ոչինչ պարզ չէ: Запад нам поможет, ասում են արևմտամետները և հավելում, որ ռուսները մեր թշնամիներն են: Եթե Արևմուտքը մեր թիկունքին է, Այդ դեպքում ինչու է՞ վարչապետը խոսում մի քանի գյուղի համար անխուսափելի պատերազմի մասին: Նույնպես անհասկանալի է, նշանակում է, որ վստահ չէ արևմտյան արագ օգնության առումով, եթե Ալիևը օգտագործի իր համար այս ոսկե պահը և Հայաստանը հասցնի Ակեքսանդրոպոլի պայմանագրին, Արևմտյան Ադրբեջան նարատիվը դրա ապացույց: Ադրբեջանը պահանջված և հուսալի գործընկեր է և ըստ Ֆոն դեր Լայենի, և Պուտինի համար, իսկ թուրք-ադևբեջանական միաձուլումը ռազմաքաղաքական հենքով, նշանակում է, որ ՆԱՏՕ-ն չի տրորի իր հարավային հենարանի ոտքը: Իրանի գործոնը ևս անտեսելը անթույլատրելի , Թեհրանը դեմ է հարավկովկասյան տարածաշրջանում արևմտյան ազդեցության տարածմանը: Թերևս շատ երկար վերլուծություններով կարելի է շարունակել այս դիսկուրսը, բայց մի բան պարզ է, որ, որ կողմ էլ գնանք հավասարաչափ կունենանք անվտանգության որոշակի չափաբաժնով սպառնալիքներ: Ելքը՞: Կհարցնեն շատերը: Իմ կարծիքով սա է` առայժմ կանգնել եղած իրադրության վրա և խուսափել արտաքին քաղաքական կտրուկ տեղաշարժերից: Կանխել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը և փորձել կարգավորման գնալ երկկողմանի՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, որովհետև և ռուսական և արևմտյան մոդերատորությունը կարող են հավասարապես հանգեցնել իրավիճակի բարդացմանը: Հայաստանին անհրաժեշտ են միաժամանակ և արևմտյան, և ռուսական, և իրանական բարեկամական դիրքորոշումները: Այս կամ այն բևեռ նետվելը երկիրը կարող է տանել ուկրաինական կամ սիրիական սցենարի: «Անհնար է իրագործել ձեր առաջարկը». կարձագանքեն շատերը: Ես կպատասխանեմ, «հնարավոր է, բայց շատ դժվար»: Այստեղ է, որ դիվանագիտությունն իր խոսքը պետք է ասի... :

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան  

Generalnews.am