«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առեղծվածային դրվագներ Արցախի հանձնման ողջ գործընթացի միջև. Աշոտ Ներսիսյան

01/10/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.
Առեղծվածային դրվագներ ենք նշմարում Արցախի հանձնման ողջ գործընթացի միջև: Ազգային ժողովի նախագահ, ապա Արցախի նախագահ ընտրելը, պարզ է,որ լեգիտիմ չէր համարելու չասենք Ադրբեջանը, ասենք աշխարհը, ինչպես և եղավ: Հիմա, ինչու հրաժարական տվեց Արայիկ Հարությունյանը: Տեսակետներ էին շրջանառվում, որ այն պատճառով, որ պատրաստվում էր հանձնել Արցախը: Հիմա եթե նրան հեռացրեցին, որ չհանձնեին, այդ դեպքում ինչու՞ հանձնեցին: Եթե հանձնելն անխուսափելի էր, ավելի լավ չէր հանձնեին խաղաղ, առանց զոհերի, բանակցությունների միջոցով: Սամվել Բաբայանը խնդիր էր դրել, որ եթե իշխանությունն իրեն տան, ապա բանակցություններով կփրկի Արցախը, իսկ աղետից հետո հասնելով Երևան, հարցազրույց տվեց և հայտարարեց, որ ինքը իր մարդկանց միջոցով բանակցել է և կարող էր 4,4 քառ. կմ տարածքով Արցախի ինքնավարությանը հասնել Ադրբեջանում: Սա համոզիչ չի հնչում: Տրամաբանորեն դա խոչընդոտել են տեղի ռուսական հայ գործակալները, որոնց, ըստ նրա ուղորդել են ռուսական դաշնային ծառայությունները: Հարց է առաջանում, այդ ծառայությունները ինչու պետք է ուզենային իշխանության բերել մարդկանց, որոնք գործեին վելիկոռուսական շահերի դեմ: Շատ պարզունակ կհնչի այն պատասխանը, թե այդ շահերը բռնում էին ադրբեջանցիների շահերի հետ: Մի խոսքով բազում հարցեր դեռևս սպասում են իրենց պատասխաններին, որոնք դժվար էլ թե լիարժեքորեն ստանանք: Պարզապես մի բանն է ցավալի: Արևմուտքն իր ողջ քարոզչամեքենան կիրառեց, իր տեղիս հինգերորդ շարասյունը ի գործ դրեց հօգուտ ռուսների հեռացման, բայց ստացվեց, որ դրանով ավելի շատ օգուտ բերեց Ադրբեջանին, դատարկելով Արցախը, որին կարող է հաջորդել ռուս խաղաղապահների հեռացումը, թեպետ դեռևս չենք կարծում, որ նրանք կգնան: Եթե գնան, կստացվի, որ մենք նպաստեցինք Ադրբեջանում ռուսական վերահսկողության թուլացմանը, իսկ ՀՀ-ում նրանց ամրապնդվելու նոր հիմքերի ստեղծմանը: Հիմա մենք ազատվեցինք ռուսներից,թե՞ ավելի կախյալ դարձանք: Կարծում ենք, որ նրանք ովքեր փորձեն սթափ դատել, ճիշտ պատասխանը կգտնեն: Ահա արևմտամետ կամ ռուսամետ և ոչ հայամետ լինելու խիստ ցավոտ հետևանքները: