ՓԱՍՏՈՐԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԻ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՒՄ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ ՉԷ ԶԱՐՄԱՆԱԼ
«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մենք մեր բազմաթիվ վերլուծականներում, որոնցով հանդես ենք եկել ողջ պատերազմի ընթացքում ՝ հիմնվելով բացառապես պաշտոնական տեղեկատվության վրա, հետևյալ եզրակացություններն ենք մատուցել.
1. Եթե պատերազմն սկսվել է,և ինչպես հենց սկզբում պաշտոնապես շեշտվում էր, մենք ձախողել ենք հակառակորդի պլանը, պետք է շարունակել գրոհը սահմանների վերականգնման կամ այնքան առաջխաղացման համար, մինչև թշնամին սպիտակ դրոշ կպարզի:
2. Ավելի ուշ, երբ արդեն ցույց էր տրվում քարտեզը և պարզ երևում էր, թե ինչքան է ներխուժել թշնամին, այն տեսակետն էինք ներկայացնում, որ տվյալ իրավիճակում պետք է խփել, առանց խնայելու, քանի որ հակառակ դեպքում ցաքուցրիվ էին արվում սիրելի բնակավայրերը, Շուշին և Ստեփանակերտը, իսկ եթե դա հնարավոր չէր՝ բացատրել ժողովրդին, թե ինչ է կատարվում:
3. Աշխարհը,գերտերությունները միայն մարդասիրական և հաշտության կոչեր են անում, դրանցից այն կողմ ոչ մի միջամտություն նրանք չեն անելու:
4. Պետք չէ Ռուսաստանին սովորեցնել, թե ինչ քայլեր են իրեն անհրաժեշտ, նա դրանք շատ լավ գիտի և պետք չէ աշխարհին ծիծաղեցնել մեր վրա: Պետք չէ հանդես գալ ահաբեկչության դեմ պայքարի առաջատար: Դա նույնպես ծիծաղելի էր:
5. Պետք չէր Ռուսաստանի և Թուրքիայի միջև շահերի անհամատեղելիությամբ այն տպավորությունը ներշնչել, թե Ռուսաստանը մեզ կփրկի: Այս առումով պետք էլ չէ նրան մեղադրել, որովհետև նա, և այդ մասին ազնվորեն եղավ Պուտինի խոստովանությունը, կողմ է յոթ շրջանները հանձնելու և փաստորեն նա Էրդողանի հետ այս տարածաշրջանում ցույց տվեց ԱՄՆ-ին և Արևմուտքին, որ իրենք են գլխավոր խաղացողները: Փաստորեն տեղի ունեցավ մի նոր բաժանում, որ համար պետք չէ զարմանալ: Պետք է զարմանալ մեր քաղաքական միամտության վրա:
6. Աշխարհը, ԵԱՀԿ –ն և ՄԱԿ-Ի Անվտանգության խորհուրդը մեր դեմ դրել էին լուծման ծրագիր, որից խուսափել կարելի էր միայն կռվով: Մեր ՊՆ –ն բազմիցս շեշտում էր թշնամուն իր բնում խեղդելու հնարավորության մասին: Բայց Գյանջայի օդանավակայանի հռթիռակոծումից հետո փաստորեն այլ օբյեկտներ հօդս չցնդեցին: Պատճառների մասին խորանալն այս պահին նպատկահարմար չեն գգտնում:
Ավելին չենք ուզում շեշտել, մեծ դավադրության հնարավորության մասին ակնարկել ենք: Ներկայումս ներքաղաքական կայունությունն արդեն խախտվում է այն պատճառաբանությամբ, որ չպետք է ստորագրվեր համաձայնագիրը: Բայց դրանից, ռազմաճակատային իրավիճակը չի փոխվելու: «Կարմիր» բանակը նորից մտավ, ինչպես 1920թ. վերջերին և դարձյալ թուրքերի հետ պայմանավորված: Իշխանության թողնելու կամ փոխելու խնդիրն արդեն նրա տիրույթում է: Արդեն ամեն քայլ ժամանակավրեպ է: Խոնարվենք սրբազան զոհերի առջև: Նրանք բոլոր առումներով ճիշտ են եղել, քանի որ գործել են քաղաքականությունից հեռո և ազնիվ: