«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ինչ կապ ունեն նոյեմբերի 9-ն ու Լեդի Գագան. ֆեյսբուքահայությունը կրկին անցել է «911»-ի «վերլուծությանը» (տեսանյութ)

13/11/2020

Այս օրերին սոցցանցերի հայկական տիրույթում շարունակում է լայն քննարկումների առանցքում մնալ Լեդի Գագայի մեծ աղմուկ բարձրացրած «911» երգի տեսահոլովակը։

Քննարկվում էր հատկապես այն տեսակետը, որ այս տեսահոլովակը զգուշացում էր հայերին՝ սպասվող պատերազմի, տարբեր երկրների ունեցած դիրքորոշումների ու ելքի մասին։ Տեսանյութի վերլուծության այս տեսակետի կողմնակիցների խոսքով՝ տեսանյութում առկա զգուշացում բառը հայերին զգուշացնում է մոտալուտ պատերազմի մասին, բացի դա «զգուշացում» բառը անգլերեն թարգմանվում է «warning», իսկ «war» նշանակում է պատերազմ։ Սպիտակ զգեստով կնոջը, ով լուռ հետևում է, ըստ նրանց խորհրդանշում է Ռուսաստանը, իսկ նրա կողքին գտնվող տղամարդը, ում ձեռքի կա հովհանոց՝ արևմուտքը։ 

Երբ կարծես թե տեսահոլովակի ու պատերազմի միջև առկա բոլոր կապերը «բացահայտել էին» և այլևս ոչինչ չկար ավելացնելու, նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրվեց հայտնի հայտարարությունը։ Այս հայտարարության ստորագրումից հետո Գագա վերլուծողները գործի անցան և արագ «բացահայտեցին», թե երգի որ մասում էր թաքնված այս նշանակալից իրադարձության մասին վկայող ազդակները։ Ըստ նրանց Գագայի երգի հենց վերնագիրը կանխորոշել էր ռազմական գործողություններ ի ավարտը՝ 911 կամ 9 նոյեմբերի։ Հուսանք այսքանով կսահմանափակվի երգի վերլուծությունները և նոր իրադարձությունների ու զարգացումների հետ զուգընթաց այլևս պարապ հասարակությունը չի հիշի Գագային։

Նշենք, որ Լեդի Գագան անդրադառնալով այս տեսահոլովակին նշել էր, որ «այս կարճ ֆիլմը շատ անձնական է ինձ համար, քանի որ պատմում է հոգեկան առողջության հետ կապված իմ փորձառության մասին եւ ցույց է տալիս, թե ինչպես կարող են միահյուսվել իրականն ու երեւակայականը եւ կերտել հերոսներ մեր շուրջը եւ մեր ներսում»:

Լեդի Գագան շնորհակալություն է հայտնել Թարսեմ Սինգհին՝ «25 տարվա վաղեմության գաղափարն ինձ ներկայացնելու համար»:

Երգչուհին ասել է, որ տեսահոլովակը «ցավի պոեզիա» է:

«911» տեսահոլովակի հերոսների ոճի հեղինակը Նիկոլա Ֆորմիչետին է, որը երկար տարիներ աշխատում է Լեդի Գագային հետ: Կերպարների մի մասը ստեղծել է հայազգի արվեստագետ եւ դիզայներ Կարինա Հակոբյանը:

Կարինա Հակոբյանը ծնվել եւ մեծացել է Ռուսաստանում, այժմ ապրում է Լոնդոնում:

Նրա կայքում ասված է, որ «Կարինայի աշխատանքները ներկայացնում են ցավի, էյֆորիայի, հիասթափության, արհեստական հիշողությունների եւ սեքսուալ երեւակայությունների աշխարհը»: