«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք երբեք խրատվողը չենք․ Աշոտ Ներսիսյան

28/09/2023

1891-93թթ․ Սասունի իշխանները  Շենիկցի Գրգոյի և մյուս իշխանների գլխավորությյամբ քրդական աշիրեթներից մաքրեցին ամբողջ Սասունը և շատ ավելի ճիշտ կլինի հենց այդ թվականները  համարել  Սասնո  հերոսական ապստամբության շրջանը։ Մենք շատ հաճախ հերոսական ենք համարում  նաև ողբերգական ավարտ ունեցած շարժումները։  Հարկավ  նման շարժումների մեջ էլ կային հերոսներ, որոնք կռվում էին հուսահատ՝ առանց լուրջ հաշվարկներ անելու, թե ինչ արդյունքների կարող է հանգեցնել այդ կռիվը։ Բայց մենք հիմնականում արդյունքներով  չենք դատում, այլ  բարոյական նշանակությամբ։  Ինչ որ է։ Սա մեկ այլ թեմա է։ Հիմա ի՞նչ եղավ Սասունի հետ այնուհետև։ Վերոննշյալ  ապստամբության ժամանակ Սասունում  չկային ոչ մի կուսակցության ներկայացուցիչներ, տեղում էր ծրագրվել և տեղում էր իրականացվել ամեն ինչ և լուրջ հաշվարկների արդյունքում։  Սասուն մուտք գործեց հնչակյան գործիչ Միհրան Տամատյանը, որն  սկսեց քարոզել  նոր ապստամբություն, ընդ որում  առանց զենք ու զինամթերքի ներմուծման, այն  ներշնչումով, որ եթե ապստամբեն  Եվրոպան կմիջամտի և ողջ Արևմտյան Հայաստանի կազատագրվի։ Միհրան Տամատյանին, որի հետ սկզբնական շրջանում  համագործակցում  էր Հրայր Դժոխքը, բայց որը 1893թ․ հեռացավ Սասունից, հասկանալով, որ նոր աղետ է բերվում  վերջինիս գլխին և հարկավոր է այն կանխել,  թուրքերը ձերբակալեցին։ նրանից հետո Սասուն մտավ հայտնի Մեծ Մուրադը, Համբարձում Պոյաճյանը, որը դեռ Սասուն չհացած՝  <<Հնչակ>> թերթը հրապարակեց <<Ապստամբություն  Սասնո>> խորագրով  խմբագրականը։  Եվ սա այն դեպքում, երբ հնչակյանները Սասուն էին ներմուծել ընդամենը  12 հրացան։ Ինչ եղավ այնուհետև՝ շարունակվեց նույն քարոզը՝ ապսամբեք, Եվրոպան կմիջամտի և մենք կազատագրվենք։ Իսկ թուրքերը քնած չէին։ Նրանք 1894թ․ ամռանը Զեքի փաշայի գլխավորությամբ 15 հազարանոց բանակ ուղարկեցին Սասունի վրա, որը հերոսական դիմադրություն ցույց տալով, ընկավ, տալով  15 հազ․ զոհ։ Մուրադին և Գևորգ Չավուշին, անբի ծ հոգուն,  ձերբակալեցին։ Գևորգը բանտից կարողացավ փախչել, իսկ Մուրադը մերժեց փախչելու առաջարկը,հայտնելով, որ թող դատվի և ինքը դատի ժամանակ կմերկացնի թուրքական կառավարությանը։ Կ․ Պոլսում  նա այնպես <<մերկացրեց>>, որ ստացավ 101 տարվա բանտարկություն։ Մինչև 1908թ․ նստեց, իսկ 1915թ․ կախվեց Կ․ Պոլսում։  Սասնո ավերակները ծխում էին։ Մեծ տերությունները միջամտեցին,կազմվեց քննիչ հանձնաժողով,․ որը Սասուն գալով և քանդելով եղբայրական գերեզմանները, տեսավ, թե ինչ սոսկալի սպանդ է տեղի ունեցել։ Ի վերջո, մեծ տերությունները սուլթանին ներկայացրին 1895թ․ մայիսյան բարենորոգումների ծրագիրը, որը սուլթանն ընդունեց խմբագրությամբ և Արևմտյան Հայստանի  <<բարենորոգիչ>> նշանակեց Շաքիր փաշային՝ գաղտնի հրահանգելով՝  կոտորել։ Սկսվեցին 1895-96թթ․ հայտնի կոտորածները, որոնց զոհ գնացին 300հազ․ հայեր, նույնքանն էլ դարձան փախստական և գաղթական ։ Այս ամենն արդյո՞ք խրատ դարձավ մեզ համար։ Անշուշտ ոչ։ Կրկին նույն Արևմուտքի վրա հույսը դնելով , Արցախը զրկեցինք  ինքնապաշտպանվելու հնարավորութունից, <<Ոչ մի թիզ հող>> գոռացողներն  անտեսեցին հայոց բանակը , մսխեցին և թալանեցին ամեն ինչ, իսկ 44-օրյա պատերազմից հետո  սկսեցին աղոթքների առատահոսքը դեպի Եվրոպա։ Արդյոք այսքան քամահարանքի և ծաղրանքի արժանի էինք մենք, որ այսօր ստանում ենք աշխարհի մեծերից, մեզ վրա ծիծաղում են Կովկասի թաթարներն, այժմ ադրբեջանցի կոչված, որոնք  հազարավորներով փախչել են Սեբաստացի Մուրադի, Սեպուհի, Դումանի, Դրոյի և մյուսների  տասնյակների առջևից։ Իսկ ի՞նչ արեց Եվրոպան։ Իր քաղաքական խարդավանքներով  նպաստեց Արցախի զոհաբերությանը և հիմա մարդասիրական օգնություններ է տրամադրում  փախստականներին՝ մարդասեր երևալով; Ոչինչ  չի փոխվել և ցավով ենք արձանագրում՝ դժվար էլ փոխվի։ Իրապաշտության ձայնը միշտ խեղդվում է դրամապաշտների, ծախվածների և ազգադավների հյուսած խարդավանքների և դավերի մեջ։  Եվ մենք մեղավորներ ենք փնտրում դրսում, ձերբազատվել  չենք ուզում  մեր սխալներից, մեղադրելով ռուսին, ամերիկացուն եվրապացուն։ Մեղքը մեր մեջ է, մեր ծախվելու, թալանելու․ ծառայելու հատկանիշներով օժտվածության։  Ուրեմն ոչ մեկից մի բողոքեք։ Մենք հինգ թե  յոթ հազարամյակ կյանք ապրած ժողովուրդ ենք, բայց միայն դա նշելով, մեր սխալները չմատնանշելով  Քաջազնունու արտահայտությամբ գերեզմանոցի համար էլ փոքր տեղ թողեցինք մեր մեծ հայրենիքից։ Ահա, թե որն է ողբերգությունը։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի  ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան․