«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքական գործոնը. Աշոտ Ներսիսյան Պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, «Զորավար Սեպուհ» պատմաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար

09/09/2020

Ռոբերտ Քոչարյանը վերջերս ՌԲԿ – ին տված իր հարցազրույցում այն տեսակետը հայտնեց, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որը զսպում է Թուրքիայի նկրտումները: Պատասխանելով այն հարցին, թե Թուրքիան դրդել է արդյոք Ադրբեջանին հուլիսյան մարտերի ժամանակ, նա պատասխանեց՝ և այո, և ոչ: Նա մասնավորապես հետևյալը շեշտեց. «Հակամարտության ընթացքում Թուրքիան իրեն ծայրաստիճան ագրեսիվ էր պահում եւ չափազանց կտրուկ: Բայց ես տեղեկություն չունեմ, որ Թուրքիան դրդել է: Եվ ինձ թվում է, միջադեպը տեղի է ունեցել պատերազմող կողմերի առաջնագծի ուժեղացման տրամաբանության մեջ: Բայց թե ինչպես է Թուրքիան մտել գործընթացի մեջ, բազմաթիվ հարցեր է հարուցում: Դա, իհարկե, խնդրահարույց է մեզ համար: Թուրքիան գոյաբանական սպառնալիք է ներկայացնում, ուստի մենք ցավոտ ենք արձագանքում՝ զորավարժությունaներ եւ այլն: Թուրքիան միշտ աչք է ուղղել Հարավային Կովկասի վրա: Այս իրավիճակում այն ցանկանում է ընդլայնել իր ներկայությունը, դա տեղավորվում է ընթացող գործընթացների մեջ: Եթե լիովին օբյեկտիվ լինենք, ապա Ռուսաստանը միակ երկիրն է, որը զսպում է Թուրքիայի նկրտումները: Վաշինգտոնի եւ Բրյուսելի սպառնալից բղավոցներն այլեւս չեն աշխատում»: Այս խիստ վիճարկելի տեսակետի առիթով ստորև ներկայացնում ենք պատմական գիտությոնների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի հետևյալ պատմաքաղաքական վերլուծականը:

Թուրքական գործոնը

Հայ ժողովրդի հոգևոր և քաղաքական ընկալումներում «թուրք» հասկացողությունը համարժեք է, մեղմ ասած, թշնամի հասակցողությանը, ավելի խիստ ասած՝ ոճրագործ, մարդասպան եզրույթներն են ընկալվում դրան համարժեք: Պատճառների մասին ավելորդ է խոսել, քանզի դրանք պարզից էլ պարզ են և հիմքերը կան նրան այդպիսին համարելու: Բայց շատ ավելի կարևոր է հայության համար ընդհանրական դարձնել այն հայեցակարգը, որ թուրք ժողովրդին ցեղասպան դարձրին ոչ միայն պանթուքիստական գաղափարախոսական ինչ – ինչ դրույթների որդեգրումներ, այլ` Թուրքիան մասնատելու Արևմուտքի և Ռուսաստանի քաղաքական ցանկությունները, որոնց, որպես հակազդեցություն, փորձ արվեց ձևավորելու հիշյալ գաղափարախոսությունը, որի իրականացման գաղափարական և ռազմական բոլոր հիմքերը սպառված էին: Այսպիսի հարցադրումներին Հայաստանում և Սփյուռքում արձագանքները միանգամայնորեն դատապարտելի են դիտարկվում, քանզի տարբեր քաղաքական անձեր, կառույցներ և կուսակցություններ ցանկանում են մեր հոգիներում միշտ վառ պահել թուրքի հավիտենական թշնամի լինելու կերպարը, բնականաբար իրենց տնտեսական և քաղաքական գրխնդիրներով պայամանավորված և, ցավոք, հայրենասեր ընկալվելու մարմաջը լռել է ստիպում այն քիչ թվով մարդկանց, որոնք ավելի ճիշտ են ընկալել այն խորքային գործընթացները, որոնք հանգեցրին հայոց մեծ ողբերգությանը և առավել ճիշտ են ընկալում այն քաղաքական գործընթացների վնասակար հետևանքները, որոնք իրականցվում են այսօր ընդդեմ Թուրքիայի՝ հաճախ մեր կորուստների և ցավի շահարկումներով: Այս ամենի ճշտության մեջ համոզվելու համար անհրաժեշտ է թուրքական գործոնի ճիշտ գնահատումը չշփոթել թրքասիրության հետ, այլ` դրա անհրաժեշտությունը բխեցնել այն կորուստների պատճառների ճիշտ գնահատման ցանկությունից ելնելով, որոնք կրել ենք Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնավորումով մինչև 1923թ. և կրում ենք մինչև օրս: Այս ամենը պահանջում է որոնել և •տնել հետևյալ հարցերի ճիշտ պատասխանները. 1.​Ի՞նչ էր և է թուրքական •ործոնը Ռուսաստանի համար: 2.​Ի՞նչ էր և է նույն գործոնն Արևմուտքի համար: 3.​Ի՞նչ էր և է Հայկական •ործոնը Թուրքիայի համար: Առաջին երկուսի ճիշտ գնահատականի դեպքում մենք ստանում ենք երրորդի պատասխանը: Ռուսաստանը, որը մեր քաղաքական ընկալումներում, ընդհանուր առմամբ, նստած է որպես մշտական բարեկամ և այդ բարեկամի կերպարն այսօր էլ չի խամրել, թեպետ, որ Արևմուտքի քաղաքական շահերին հետամուտ հայաստանյան որոշ ուժեր խիստ բացասաբար են տրամադրված նման դիրքորոշումների նկատմամբ, ինչպես նաև ուժեր, որոնք ազնվորեն ցանկանում են հաշվեկշռի ենթարկել դրան անդամակցելու օ•ուտներն ու վնասները` իսկապես ելնելով մեր պետականության անկախության ամրապնդման շահերից: Դրանց սահմանազատելն այլ խնդիր է: Մենք փորձենք հասկանալ, թե Ռուսաստանի հակաթուրքական կամ Թուրքիան մասնատելու ցանկություններում ինչ դեր էր մեզ հատկացված և արդյոք մենք ճիշտ էինք, երբ չէինք ընդդիմանում, երբ ռուսները մեր թևից բռնած մեզ բարձրացնում էին իրենց քաղաքական լաստի վրա, որը շատ վտանգավոր էր և այդ վտանգն զգացողները որակվում էին որպես թրքամետներ: Հայտնի է, ռուսական քաղաքականությունն այս տարաշաշրջանում ակտիվացավ 19 – րդ դարի սկզբներին, երբ այն փորձեց իր առջև դրված հիմնական խնդիրներից մեկը լուծել, որն էր` իջնել դեպի միջերկրականք: Այս ճանապարհի վրա Անդրկովկասն էր, ապա` Արևմտյան Հայաստանը, որոնք գրավելու հիմքերը նա ուներ, քանզի Թուրքիային, որը թույլ պետություն էր տնտեսական և քաղաքական առումներով, ճնշման էր ենթարկում` քրիստոնյա եղբայրներին ճնշելու դրդապատճառներով, այդ քաղաքական արտահայտությունների քողի տակ թաքցնելով իր իրական ձգտումները, որը հասկանում էր Թուրքիան: Սակայն, այն ինչ նա հասկանում էր, չէր հասկանում հայ ժողովրդի ղեկավարությունը, որին թվում էր, սկսած Իսրայել Օրուց, որ Ռուսաստանը համակված է հայկական պետություն ստեղծելու անկեղծ ցանկությամբ: Ռուս – թուրքական պատերազմներում հայության օգնությունը ռուսներին պայմանավորված էր այս հավատով, իսկ ռուսների` այդ օգնության ակնկալիքը` հայությանն ընդդեմ Թուրքիայի տրամադրելով, որը բխում էր նրա քաղաքական ցանկություններից: Հայերի քաղաքական ռոմանտիզմը պարզորոշ դարձավ թե 1806-12թթ., թե 1828 – 29թթ. և թե 1877- 78թթ, ռուս – թուրքական պատերազմներից հետո, որոնցում ռուսական ռազմական հաղթանակներին հաջորդում էր դիվանագիտական պարտությունը, քանզի Արևմուտքին ամենևին ձեռնտու չէր Ռուսաստանի կողմից նեղուցների գրավումը և հիմնականում Անգլիան նրա առաջխաղացման դեպքում հանդես էր գալիս Թուրքիայի պաշտպանի դերում: Արդյունքում` Ռուսաստանը կորցնում էր իր հաղթանակի պտուղները, իսկ չեզոքության փոխարեն նրան օգնած արևմտահայությունը Թուրքիայի կողմից ընկալվում էր որպես անվստահելի տարր, ական, որն իր ներսում պահում էր Ռուսաստանը, որի հետևից, անկախ փուլային խաբկանքներից, շարունակում էր գնալ արևմտահայությունը, որը տնտեսական և քաղաքական լուրջ կշիռ ուներ Թուրքիայում: 

Ուրեմն, թուրքական գործոնը Ռուսաստանի համար նեղուցներին հասնելու դրույթի մի մասն էր, որում ըստ նրա փոքր – ինչ դերակատարություն կարող էր ունենալ հայությունը, որն այդպես էլ չհասկացավ, որ քաղաքականության մեջ քրիստոնյա լինելը պայման չէ ազգային անվտանգության ակնկալիքի տեսանկյունից, որն ունես մեկ այլ քրիստոնյա հզոր տերության նկատմամբ: Իր քաղաքական ծրագրերում հայության օգտագործման ռազմավարությամբ, այսպիսով, Ռուսասատանն աստիճանաբար անուղղակիորեն Թուրքիայի համար հասունացնում է այն գաղափարը, որ պետք է ազատվել արևմտահայությունից: Ուրեմն, ցեղասպանության պատճառները գալիս են դեռևս 19- րդ դար առաջին քառորդից, որը նախ արտահայտվեց հայերի ստիպողական գաղթի ձևով, առաջինը, 1830թ. ին, երբ Էրզրումի Թուրքիային հանձնելուց հետո տեղի բնակչությունից 30000 հայեր Կարապետ եպիսկոպոսի գլխավորությամբ թողեցին իրենց հայրենիքը և բռնեցին դեպի Ախալքալակ և Ծալկայի շրջաններ գաղթի ուղին: Այս նույն երևույթը շարունակվեց Բեռլինի կոնգրեսից հետո, ապա իր դաժան դրսորումներն ստացավ 1914թ. վերջերից, երբ արևմտահայության բռնագաղթն իրականացվում էր ոչնչացման զուգորդությամբ: Հայ քաղաքական կուսակցությունների գործունեության ամենաեռուն շրջաններից մեկը 1890- ական թթ. առաջին կեսերն էր, երբ ազգային - ազատագրական դրվագների գլխավոր շարժառիթները մեծ տերությունների և այդ թվում Ռուսաստանի միջամտության ակնլալիքն էր, որոնց հակասությունը ճիշտ ընկալելով, հակասություն, որը երբեք թույլ չէր տա նրանց միասնաբար ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, ձեռնամուխ եղավ արևմտահայության առաջին մասսայական ջարդերին: Պետք չէ ուշադրությունից շեղել այն հանգամանքը, որ հայոց առաջին մասսայական ջարդերը տեղի են ունեցել հենց այս շրջանում: Պատճառն այն է, որ ազատագրական ձգտումները կախյալ էին մեծ տերությունների միջամտության թյուր հույսերից: Առաջին համաշխարհային պատերազմի տարիների հայության նկատմամբ տեղի ունեցածը նույնես պետք է պայմանավորել չեզոքության փոխարեն ռուսական քաղաքականության հանդեպ հույսերով, երբ հայության շահը պահանջում էր լուռ և անցնցում սպասել պատերազմի ավարտին, որի դեպքում ինքնաբերաբար կճշտվեր նրա կարգավիճակը: Հակաթուրքականության մերժումը 1908թ. երիթուրքական սահմանադրությունից հետո պետք է շարունակվեր նաև պատերազմի ընթացքում, բայց այն կրկին խախտվեց Բալկանյան պատերազմի սկզբնավորմամբ, որի պայմանններում մասնավորապես Դաշնակցություն կուսակցությունը խզեց իր հարաբերությունները երիտթուրքերի հետ, կրկին տարվելով Դաշնակիցներով, այն դեպքում, երբ ՀՅԴ - Երիտթուրք դաշինքը ամենաճիշտ քայլերից մեկն էր ՀՅԴ պատմության ողջ ընթացքում և որը չէր ցանկանում Ռուսասատանը: Պատերազմի ժամանակ չեզոքության պահպանումը արևմտահայության անվտանգության հիմնական երաշխիքն էր և ոչ մեկը չի կարող ապացուցել, որ հակառակ դեպքում էլ հայերն այդ չափով կկոտորվեին: Այս մասով ընդհանրացնելով, շեշտենք` թուրքական գործոնը Ռուսաստանի համար ի հակադրություն Արևմուտքի, նեղուցներում և Մերձավոր և Միջին Արևելքում ամրապնդվելու ցանկությամբ էր ծնվել, որը ցարերի դարավոր երազանքն էր, իսկ հայկական գործոնը թուրքական գործոնը չեզոքացնելուն նվիրված լրացուցիչ միջոց էր` հայության քրիստոնյա լինելով շարժառիթներով հիմնավորված, որի կեղծությունը այսօր էլ մասամբ է ընկալելի: Առաջին Հանրապետության ավարտական փուլում թուրքական գործոնը ռուսների համար փոխեց իր իմաստն ու բովանդակությունը: Այս անգամ նա նեղուցներից դաշնակիցներին քշելու ցանկությամբ համակված նպաստեց նոր Թուրքիայի ստեղծմանը, այս առումով հասնելով իր նպատակին, իսկ հայ քաղաքական առաջնորդերն էլ, չհասկանալով այդ` կառչած մնացին Սևրի պայմանագրին, որն իր կնքման պահից իսկ կործանման դատապարտված փաստաթուղթ էր, փոխանակ գնալու թուրքերի հետ բանակցությունների, որոնք դրա կարիքն ունեին 1920թ. հունիս – հուլիսին: Սրա ճշտությունը խոստովանել են Հայաստանի առաջին Հանրապետության շատ գործիչներ՝ նրա անկումից շատ չանցած: Արևմուտքի համար նույնպես թուրքական գործոնն հանդիսացել է Եվրոպական և ասիական Թուրքիայի վրա ռուսական ազդեցության չեզոքացման գործոն: Եթե նրան ձեռտու չի եղել ռուսական առաջխաղացումը, ապա` նա փրկել է Թուրքիային, կասեցնելով այդ առաջխաղացումը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անգլիան և Արևմուտքը ավելի անկեղծ են եղել Հայկական Հարցի լուծման ցանկություններում, բայց Արևմտյան Հայաստանն ու նեղուցները նրանք խոստացել էին Ռուսաստանին: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի պատերազմից դուրս մնալով, նրանք ցանկացել են անկեղծորեն կայացած տեսնել ՀՀ անկախությունը: Սակայն հայ քաղաքական ղեկավարները չափավոր չեն եղել իրենց քաղաքական և տարածքային պահանջների մեջ, որը նպաստել է քչի փոխարեն կորցնել առավելագույնը: Քեմալական շարժման ձևավորմամբ, նրանք ցանկացել են մերձենալ Քեմալին, քանզի անկարող էին նոր պատերազմ սկսելու Ռուսաստանի և Թուրքիայի դեմ, դարձյալ այն պատճառով, որ Ռուսաստանի փոխարեն նեղուցների վրա տեսնեն Թուրքիային: Այս իրավիճակում նրանք հայերին մատնանշել են թուրքերի հետ լեզու գտնելու ուղին, որը վերջիններս հասկացել են ուշացումով, երբ շուտ հասկանալովª կարող էին խուսափել 1920թ. թուրքական պատերազմից: Փաստորեն, 1.​Ռուսաստան - Արևմուտք հակասությունները պատճառ են հանդիսացել Թուրքիայի հաղթելու կամ վերածնվելու: 2.​Հայ քաղաքական ուժերը այդպես էլ չեն հասկացել, որ իրենց օգտագործել են` արդյունքում փոքր ժողովուրդներից հանդիսանալով ամենից շատ զոհեր տվողը, որը խորհել է տալիս, որ ունեցել են մարտավարական և ռազմավարական լուրջ սխալներ: Այս պայմաններում Հայկական գործոնը թուրքերն ընկալել են մեծ տերությունների կողմից Թուրքիան մասնատելու գործոն, ինչի մասին նաև ակնարկել են հայերին: 3.​Այսօր էլ նրանք շարունակում են առաջնորդվել արտաքին քաղաքականության մեջ հակաթուրքական ցանկություններով, որը չի բխում հայության անվտանգության շահերից, այլ` Ռուսաստանի, որը Թուրքիայի հետ հայոց թշնամանքի մշտնջենականության հասնելու ցանկությամբ, խոչընդոտում է մեր անկախության և ազատության կայացման գործին: