«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փլվող աշխարհակարգ. Արայիկ Մկրտումյան

20/10/2023

1648թ. Վեստֆալիայի հաշտությունը և 1814թ. Վիեննայի վեհաժողովը կարող ենք համարել ներկայիս աշխարհակարգի երկու գլխավոր  հիմքերը: Այդ երկու ժողովները կոչված էին լուծելու մի քանի հարց, ինչպես օրինակ իշխանության լեգիտիմության և տարածքային ամբողջականության հարցերը: Բնականաբար դրանք արտացոլում էին միայն  ուժեղների իրավունքները և ինչպես Վեստֆալիայի համաձայնագիրը, այնպես էլ հետագայում Վիեննայի վեհաժողովը հիմնականում ամրագրեցին հզորների իշխանությունը՝ հաշվի չառնելով փոքր ազգերի և ժողովուրդների իրավունքները։

Այս  երկու իրադարձությունները ըստ էության շարունակեցին մեկը մյուսին, հետո տեղի ունեցան նորանոր կետերի ամրագրումներ, ինչպես օրինակ միջազգային իրավունք, ժողովուրդների ինքնորոշում և այլն: 1919թ. հիմնադրված Ազգերի Լիգան և ապա 1945թ. հիմնադրված ՄԱԿ-ը իրենց մեջ ամբողջացրին ներկայիս աշխարհի մասին մեր պատկերացումները: Այժմ աշխարհի միջկառավարական մարմինը ՄԱԿ-ն է, որը և հանդիսանում է ազգերի և պետությունների իրավունքների և պարտականությունների պաշտպանման ու կարգավորման հիմնական երևույթը:

1945թ. հետո աշխարհում ստեղծված փխրուն խաղաղությունը (ընդ որում ոչ ամենուր, քանի որ պատերազմները աշխարհի տարբեր մասերում չէին դադարում և ավելի արյունալի էին դառնում), որը պաշտպանվում էր փոխադարձ համաձայնությունների ուժով, ըստ էության սպառվեց 2010-ականներին՝ արաբական գարնան ժամանակ: Հակառակ աշխարհում ընդունված տրամաբանության, որ տարածքային վեճերը պատերազմով լուծելն անընդունելի է, պատերազմները ոչ միայն չդադարեցին, այլև հարցեր լուծելուն զուգահեռ սկսեցին ավելի շատ խնդիրներ առաջացնել: ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստերում ավելի ու ավելի հաճախ էին սկսում գումարվել նիստեր, որտեղ քննարկվում էին հերթական արյունոտ բախման ընթացքն ու հետևանքները:

Արաբական գարունը եկավ ցույց տալու, որ լիբերալ աշխարհակարգը սպառվել է և լիբերալիզմն այլևս չի կարողանում ապահովել ազգերի ու պետությունների անվտանգությունը: Դեմոկրատիան, որ հանդիսանում է ժամանակակից ցանկացած պետության հիմնական արժեք (գոնե հայտարարությունների մակարդակով) այլևս չի կարողանում ապահովել հասարակ մարդկանց իրավունքները: Պատերազմների հետևանքով ամբողջ ազգեր են հայտնվում ցեղասպանության շեմին, անընդհատ տեղի են ունենում ներիշխանական փոփոխություններ, նոր պատերազմներ: Մասնավորապես 2011թ. մինչև օրս էլ Մերձավոր Արևելքում պատերազմները ոչ միայն չեն դադարել, այլև դարձել են ամենօրյա երևույթ: Եգիպտոսից մինչև Արցախ, անվերջ պատերազմները եկան հերքելու միջազգային իրավունքի գերակայությունը, թեև այն դեռևս շարունակում է հանդիսանալ միջպետական հարաբերությունների գլխավոր շարժիչ ուժը: Պետությունների ներսում ավելի ու ավելի հաճախ են իրար բախվում ավտորիտար և ժողովրդավարական շարժումները, նույնիսկ զարգացած և կայուն հասարակարգեր ունեցող երկրներում ավելի են հաճախակիանում տարբեր խմբերի միջև վեճերն ու ծեծկռտուքները՝ սեփական, սեռական, մշակութային կամ այլ տեսակի իրավունքների պաշտպանության պահանջով, պետությունները միմյանց են հակադրում ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքները, որոնք հաճախ հակասում են մեկը մյուսին:

Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ լիբերալիզմն այլևս չի աշխատում այնքան հաջող, ինչքան թվում է, թե սրանից 20-30 տարի առաջ էր: Արաբական գարունը ցույց տվեց, թե ինչ փխրուն է իշխանության լեգիտիմություն ասվածը, Արցախի 44-օրյա պատերազմը՝ որ պատերազմով կարելի է տարածքային հարց լուծել, Արցախի բլոկադան, այնտեղի հայերի բռնագաղթը և պաղեստինա-իսրայելական պատերազմն ուղեկցող դաժան ջարդերը, որ հասարակ մարդկանց ապրելու և կյանքի իրավունքը ոչինչ է:

Աշխարհակարգը դանդաղ, բայց կայուն ճգնաժամի մեջ է: Նախորդ դարասկզբին Ռուսաստանում և Եվրոպայում իշխանության հասած նացիստական, ֆաշիստական, կոմունիստական ռեժիմները տապալվեցին՝ ավելի խորը ճգնաժամ առաջացնելով, իսկ երկու համաշխարհայինները, տարբեր ժողովուրդների հայտարարված ու չհայտարարված ցեղասպանությունները ապացույցն էին, որ խոշոր հաշվով ոչինչ ճի փոխվել այն պահից ի վեր, երբ Հռոմի պապի օրհնությամբ առաջին համաեվրոպական միջպետական համաձայնագրերով լիազորված ասպետական զգեստներով ավազակները, որոնց սուրբ են համարում, բնաջնջում էին մերձավորարևելյան երկրների երկրները մի ձեռքում սուր, մյուսում՝ խաչ:

Դրանից հետո պարզապես երկրները միմյանց մեջ բաժանել են ազդեցության գոտիները և սկսել թալանել ու կոտորել թույլերին՝ ամեն մեկն իր չափով:

Արդյունաբերական հեղափոխության ծնունդ սոցիալիզմն ու ժամանակակից դեմոկրատիան միայն պատրանք տվեցին հավասարության և արդարության հաղթանակի մասին ու 1945թ. առ այսօր երերացող աշխարհակարգն այսօր փլվում է՝ առնվազն Մերձավոր Արևելքի մասշտաբով: Կան կարծիքներ, որ պետության ամբողջականության սկզբունքը հետամնաց և վայրի մոտեցում է և ինքնորոշումն է իրական ժողովրդավարությունը և դրա հակառակորդներն էլ պնդում են, որ գերակա է պետության իրավունքի ուժը:

Նույնիսկ կարևոր էլ չէ, թե ինչպես կավարտվի արաբա-իսրայելական այս նոր պատերազմը: Կարևորն այն է, որ այն արդեն կա և ընթանում է շատ կատաղի կերպով: Բացառված չեն կոնֆլիկտի նոր և սառեցված օջախների բռնկումներ աշխարհի այլ հատվածներում և դրանով իսկ նոր հարված համաշխարհային լիբերալիզմին՝ որպես սպառված աշխարհակարգ: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ նոր գաղափարախոսություն ու կանոն է փոխարինելու ավարտվող լիբերալիզմին: Ի՞նչ նոր կանոններ են հաստատվելու աշխարհում և ի՞նչ դիրքում են հայտնվելու տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքները: Այն ինչ տեղի է ունենում այսօր կվերածվի՞ նոր ու քաոտիկ աշխարհակարգի ձևավորման, թե կսահմանափակվի որպես լոկալ բախում(մարդկային տառապանքը չհաշված) և դրանով մի քիչ կհետաձգի քայքայված լիբերալիզմի փոխարինման գործընթացը: Իսկ այդ գործընթացը լինելու է քաղաքակրթական մակարդակի փոփոխություն, այսինքն նոր պայթյուններ, նոր դրոշներ ու նոր գաղափարախոսություն: Փորձը ցույց է տվել, որ դրանք միշտ ավելի արյունահեղ են լինում, քան նախորդները:

Մի բան է հաստատ, մենք ապրում ենք սկզբուքային ճգնաժամի ու ծայրահեղ անորոշության փուլում: Մոտակա օրերին պատերազմը կարող է հրդեհել ողջ տարածաշրջանը և մենք որպես ազգ և պետություն գրեթե ոչինչ չունենք հակազդելու այդ ամենին: Ահա, թե ինչի մասին պետք է մտածել։

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող