«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանը կխաղա Հայաստանի հետ, թե Հայաստանի դեմ. ինչով է գալիս հարևան երկրի վարչապետը

11/05/2021

Մայիսի 12-ին Հայաստան կայցելի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հայ-վրացական որևէ , այդ թվում հատկապես բարձր մակարդակի շփումները անկասկած ողջունելի են բոլոր դեպքերում և շատ կարևոր է դրանց առարկայացումը հայ-վրացական միջպետական «կոոպեևացիայի» իմաստով, բոլոր ոլորտներում: Այդ առումով, Վրաստանի վարչապետի այցում բնականաբար հույժ կարևոր է երկկողմ օրակարգը: Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ Իրակլի Ղարիբիաշվիլին օրեր առաջ Բաքվում էր, որտեղ քննարկումների օրակարգում ոչ միայն երկկողմ հարցեր էին, այլ նաև ռեգիոնալ ապաշրջափակման թեման, ինչպես տարածել էր Բաքուն: Դեռ այդ ժամանակ ուշադրություն դարձրի այդ հանգամանքին, հոդվածում նշելով, որ դա հետաքրքրական պահ է:

Բանն այն է, որ Վրաստանն Ադրբեջանի հետ կարծես թե չունի որևէ կոմունիկացիայի խնդիր, թե երկկողմ, թե նաև Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ իմաստով: Ըստ այդմ, ինչո՞ւ պետք է Վրաստանի և Ադրբեջանի բարձր մակարդակի հանդիպման օրակարգում ընդգծվի ապաշրջափակման հարցը: Դա նշանակում է, որ Բաքուն ունի Վրաստանի հետ կապված հարցեր արցախյան հարցի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև եռակողմ հայտնի հայտարարության օրակարգի իմաստով: Ահա այդ առնչությամբ էլ իր հերթին հարց է առաջանում, թե ի՞նչ է ուզում կամ ակնկալում, կամ պահանջում Բաքուն Վրաստանից:

Ադրբեջանը փորձում է Ռուսաստանից բացի ունենալ Հայաստանի հետ քննարկումների ա՞յլ խողովակ, որը նաև որոշակիորեն զերծ է թուրքական ներգրավվածությունից: Այսինքն, Ալիևը հաշվի առնելով մի շարք խնդիրներ, ակնկալում է Վրաստանի միջոցով որոշակիորեն «սուվերե՞ն» խողովակ տեսնել, թե՞ Ադրբեջանը Վրաստանը դիտարկում է Հայաստանի հանդեպ ճնշման լրացուցիչ միջոց, հաշվի առնելով նաև Վրաստանի հանդեպ թուրքական և ադրբեջանական ազդեցության լծակները: Սրան զուգահեռ, Վրաստանն անշուշտ շահագրգռված է ռեգիոնալ կայունության ռեժիմի ամրապնդմամբ, հաշվի առնելով այն, որ նոր ապակայունացումը ոչ մայն կարող է չշրջանցել Վրաստանը, այլ ըստ էության հենց Վրաստանը դարձնել առանցքային թիրախ: իսկ այդ համատեքստում, եթե կա ադրբեջանական շանտաժ Թբիլիսիի հանդեպ՝ Հայաստանի դեմ խաղալու առումով, ապա այդ շանտաժին տրվելու դեպքում Վրաստանը մեծ հավանականությամբ ավելի է խորացնելու հենց իր սպառնալիքները: Հետևաբար, Վրաստանի համար թերևս հույժ կարևոր է Հայաստանի հետ այլընտրանքային օրակարգի զարգացումը, մասնավորապես Պարսից ծոց Սև ծով ռեգիոնալ նոր վեկտորի կամ ուղու հեռանկարի առաջմղման իմաստով: Ավելորդ է խոսել այն մասին, որ հարցը, օրակարգը գերկարևոր է նաև Հայաստանի համար, թե տնտեսական, թե ռազմա-քաղաքական իմաստով:
https://www.1in.am/