«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշխարհագրական դիրքի նշանակությունը դաշնակիցների ձեռքբերման գործում. Վահան Վարդանյան

01/11/2023

Հայ-ռուսական հարաբերությունների վատացման ֆոնին ավելի արդիական է դառնում նոր դաշնակիցների ձեռքբերման և ընդհանրապես այլընտրանքների ստեղծման հարցը։ Վերջերս այս հարցում դրական տեղաշարժ է երևում, կապված Հնդկաստանի և Ֆրանսիայի կողմից իրականացվող ռազմական մատակարարումների հետ, բայց սա դեռևս վաղ է լիարժեք այլընտրանք համարել։

Ընդհանրապես Հայաստանում թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությանը դիմագրավելու համար, որպես Ռուսաստանի այլընտրանք առավելապես դիտարկվում է ԱՄՆ-ի թեկնածությունը։ Որպես ԱՄՆ-ի աջակցության դրական հետևանքների օրինակներ բերվում են Ուկրաինան ու Իսրայելը։ Միանշանակ ԱՄՆ-ի կողմից այս երկրներին հատկացված աջակցությունը պատերազմների ժամանակ շատ մեծ է, բայց սա ամենևին պայմանավորված չէ միայն այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն, Ուկրաինան ու Իսրայելը ընդհանուր թշնամի ունեն։ Փորձենք հասկանալ այս երկու երկրներին հատկացվող աջակցության պատճառները։

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ուկրաինան։ Պետություն, որն ունի մոտ 500 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 41 միլիոն բնակչություն (2022 թ․ դրությամբ)։ Ուկրաինայի տարածքի մեծ մասը կազմում են տափաստաններն ու դաշտավայրերը, երկիրը ունի ռազմավարական լայն հնարավորություն, ինչը ուկրաինական բանակին անվերջ մանևրելու հնարավորություն է տալիս։ Համեմատաբար մեծ բնակչության շնորհիվ Ուկրաինան կարողանում է մեծ բանակ ունենալ, իսկ ԽՍՀՄ տարիներին երկրում կառուցված գործարանների, օդանավակայանների ու ճանապարհների խիտ ցանցը՝ կայուն մատակարարումների դեպքում երկարատև պատերազմին դիմանալու իդեալական պայմաններ էին ապահովում։ Բացի վերը նշվածից, Ուկրաինան Եվրոպայի հետ ունի ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային կապ։ Ուկրաինան ռազմական ներդրումների համար իդեալական պայմաններ ունի։ Ըստ էության ԱՄՆ-ի աջակցությունը ստանալու համար Ուկրաինան շատ ջանք թափելու կարիք չուներ, ընդամենը պետք է դուրս գար Ռուսաստանի դեմ, ինչը և տեղի ունեցավ։

Այսօրվա դրությամբ Ուկրաինան ռազմական փորձադաշտի տպավորություն է թողնում, երկիրը ավերվում է, ենթակառուցվածքները ոչնչանում են, հասարակության սերուցքը ռազմաճակատում մահանում է, իսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ուկրաինայի միջոցով չեն կարողանում միմյանց վճռական հարված հասցնել։

Միանգամայն այլ կերպով է ընթացել Իսրայել-ԱՄՆ համագործակցությունը։ Ի սկզբանե Իսրայելը Ուկրաինայի առավելություններից զուրկ է եղել։ Աշխարհագրական առումով մենք Իսրայելի հետ, կարելի է պնդել, շատ ընդհանրությւոններ ունենեք։ Թե՛ Հայաստանը և թե՛ Իսրայելը դասվում են անկլավային պետությունների շարքին (փոքր տարածք՝ մանևրելու մինիմալ հնարավորություններով)։ Թեև ժամանակակից Իսրայելը ձևավորվել է արտաքին միջամտության շնորհիվ, բայց որոշակի ժամակակահատվածում այն արտաքին մեծ աջակցություն չի ունեցել։

Իսրայելը շրջափակված էր հիմնականում թշնամաբար տրամադրված արաբական պետություններով, Իսրայելի աշխարհագրական դիրքը անբարենպաստ էր արտաքին ռազմական ներդրումների համար, ուստի հրեաները սկսեցին արագացված տեմպերով զարգացնել ու ամրապնդել իրենց պետականությունը՝ տարածաշրջանում գործոն դառնալու համար։ Այս ամենի արդյունքը եղավ 1967 թ․ Իսրայելի ու արաբական երկրների միջև տեղի ունեցած Վեցօրյա պատերազմը։ Հակառակորդի համեմատությամբ  ունենալով ավելի քան երկու անգամ փոքր բանակ, բայց որպես պետություն լինելով պատերազմին ավելի լավ պատրաստված, Իսրայելը նախահարձակ եղավ և ընդամենը վեց օրվա ընթացքում ջախջախիչ պարտության մատնեց արաբական երկրներին, թույլ չտալով նրանց մտնել Իսրայելի տարածք։ Վեց օրում Իսրայելը Եգիպտոսից խլեց Սինայի թերակղզին ու Գազայի հատվածը, Հորդանանի թագավորությունից՝ Հորդանան գետի արևմտյան ափը և Սիրիայից Գոլանի բարձունքները՝ ընդհանուր առմամբ մոտ հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Այս իրադարձություններից հետո կտրուկ մեծացավ Իսրայելին տրվող ռազմաքաղաքական աջակցությունը, որովհետև Իսրայելը ցույց տվեց, որ սեփական ուժերով տարածաշրջանում գործոն է հանդիսանում և կարող է տարածաշրջանում իրավիճակ փոխել։

Հիմա անդրադառնանք մեզ։ Հայաստանը հիմա նմամատիպ իրավիճակում է գտնվում, ինչ ժամանակին Իսրայելը՝ փոքր պետություն, քիչ  ռեսուրսներով, շրջափակված թշնամական երկրներով, լեռնային բարդ տեղանքում։ Այստեղ էլ տրամաբանական հարց է առաջանում ի՞նչ հետաքրքրություն ունի ԱՄՆ-ն Հայաստանի աջակցության հարցում։ Գոյություն ունի տեսակետ, որ ԱՄՆ-ն պետք է Հայաստանին զենքով օգնի, որպեսզի տարածաշրջանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի աճող ռազմական ներուժի դեմ հակակշիռ ստեղծի։

Սա իհարկե գեղեցիկ է հնչում, բայց միայն տեսականորեն։ Հայաստանը չունի ռազմավարական լայն հնարավորություններ, երկրի տարածքը շատ փոքր է երկարատև պատերազմին դիմանալու համար, պատերազմի դեպքում Հայաստանին զենքի մատակարարման ուղիները գրեթե բացակայում են։ Բացի այդ, Հայաստանը չունի բարձր ինքնակազմակերպման մակարդակ, արտակարգ իրավիճակներին դիմագրավելու հնարավորություն և կայուն, արագ մոբիլիզացվելու պատրաստ հասարակություն։ Այս ամենի պատճառով մենք գերտերությունների տեսանկյունից ռազմական մեծ ներդրումների համար ոչ շահավետ օբյեկտ ենք հանդիսանում։

Ժամանակին մենք ունեինք որոշակի հեղինակություն, երբ 1991-1994 թթ․ ազատագրեցինք Արցախը և տարածաշրջանում գործոն դարձանք։ Այդ ժամանակ, եթե կարողանայինք ավելի ուժեղացնել մեր բանակն ու անվտանգության համակարգը, մենք գերտերությունների աջակցությունը ստանալու հնարավորություն միգուցե  ունեինք, բայց տարիների ընթացքում մսխեցինք մեր բոլոր ձեռքբերումները։ Հիմա եթե ուզում ենք պահպանել պետականությունը, պետք է ինքներս բարձրացնենք դրա արժեքը, ինչպես դա ժամանակին արեց Իսրայելը։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող