«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի դեմ Արևմուտքի պայքարը տեղափոխվում է պատժամիջոցների դաշտ. Գարիկ Քեռյան

26/02/2024

Մեծ Յոթնյակի երկրները փորձում են կիրառել բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի թույլ չտան Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում: Ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների դաշտ, երևի ռազմի դաշտում ուկրաինական բանակի հաղթանակն արդեն հավատ չի ներշնչում: Արևմուտքը ևս հսկայածավալ ռազմական մատակարարումներն արդեն դժվարությամբ է իրականացնում: G7-ը որոշել է խստացնել այն պետությունների դեմ գործողությունները որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները: Իհարկե հասկանալի է, որ այդ ցանկում առաջին և երկրորդ տեղերում են Չինաստանն ու Թուրքիան: Եթե Թուրքիան ստիպված լինի զիջել և միանալ պատժամիջոցներին, էականորեն կարող է հետընթաց գրանցվել ռուս-թուրք/ադրբեջանական համագործակցային ձևաչափում: Այս հանգամանքը միանգամայն իրական կարող է դարձնել Կրեմլի որոշակի տեղաշարժը դեպի հայկական շահերի պաշտպանություն և Իրանի հետ առավել սերտ դաշնակցություն: G7-ի որոշումը, եթե այն իրականացվի, տարածաշրջանային քաղաքական իրադրությանը նոր երանգներ է տալու: Հարավկովկասյան երեք պետություններն էլ, ինչպես գիտենք, չեն միացել պատժամիջոցներին: Բարդ է Էրդողանի համար, չէ, որ Անկարայում սպասում են ամերիկյան կործանիչների գնման գործարքին, բայց և չեն կարող նեղացնել Պուտինին: Ամեն դեպքում մինչև նոյեմբեր, մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտը ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների գործիքակազմի կիրառում:

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան  

Generalnews.am