«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օրենքի 50 նրբերանգները

11/12/2021

Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար գլխավոր դատախազը պետք է գա խորհրդարան եւ ստանա Ազգային ժողովի համաձայնությունը: Այդ նորմը կա թե՛ Հայաստանի եւ թե՛ մի քանի տասնյակ այլ երկրների օրենսդրություններում: Ո՞րն է դրա իմաստը. պարզ է՝ չխոչընդոտել օրենսդիրների քաղաքական գործունեությանը, որովհետեւ գործադիր իշխանության մոտ միշտ կարող է գայթակղություն առաջանալ՝ քրեական գործերի միջոցով սահմանափակել ընդդիմախոսների ազատությունը: Հետեւաբար, պատգամավորին ազատազրկելը պետք է լինի բարդ, խորհրդարանական քննարկում պահանջող գործընթաց: Այդ տարրական, տարընթերցումներ չենթադրող դրույթի մասին գիտեն (համենայնդեպս, պիտի իմանան) ավագ դպրոցի աշակերտները: Քիչ հավանական է, որ այդ իրավական նորմը հայտնի չլիներ դատախազության աշխատակիցներին եւ դատավորներին: Նույնիսկ մի փոքր զարմանալի է, որ նման խնդրով անհրաժեշտություն կար ստանալու Սահմանադրական դատարանի մեկնաբանությունը: Նույն հաջողությամբ պատգամավորները կարող են ՍԴ-ին հարցնել՝ կարելի՞ է արդյոք նույն հանցագործության համար քաղաքացուն դատապարտել երկու անգամ, կամ՝ արդյո՞ք Հայաստանում գործում է անմեղության կանխավարկածը: Իհարկե, չէր բացառվում, որ պատգամավորների անձեռնմխելիության նման պարզ, իրավական նրբություններից զուրկ հարցում ՍԴ-ն ինչ-որ խուճուճ ձեւակերպում կտար: Բայց այդպես, բարեբախտաբար, չեղավ:

Իշխանության երկրպագուներն, իհարկե, կասեն՝ «նրանք հանցագործ են, եւ պետք է նստեն»: Բայց, մի կողմ դնելով նույն անմեղության կանխավարկածը, թույլ տվեք հիշեցնել, թե ինչպես են մեր իրավապահները վերաբերվում, մասնավորապես, ընտրական հանցագործություններին: Հիշո՞ւմ եք՝ երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, շատ արագ «պարզվեց», որ ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ ընտրակաշառք էր բաժանում, իսկ Ծառուկյանը հարկերը չէր վճարում: Ի՞նչ եղան այդ մեղադրանքները: Դրանք հօդս ցնդեցին, որովհետեւ ԲՀԿ առաջնորդն այլեւս Փաշինյանի հրաժարականը չի պահանջում: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ քրեական մեղադրանքների, ինչպես նաեւ իրավապահների մասին: Նրանց, ինչպես 2018-ից առաջ, «վերեւից» են թելադրում՝ ում «փակել», ում՝ ոչ: Իսկ մյուս կողմից՝ վարչական ռեսուրսն օգտագործելու մասին իշխանության մեղադրանքներն այս ՏԻՄ ընտրություններից հետո այնքան էլ համոզիչ չեն հնչում: Այն մարդիկ, որոնք «աշխատում էին» ՀՀԿ-ի համար, հիմա նույնն անում են «ՔՊ»-ի համար: Ինչպես ասում էր Մուսոլինին՝ «մեր ընկերներին եւ բարեկամներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»: