«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թայվանի խնդիրը համաշխարհային քաղաքականության մեջ.Նոր միտումներ ասիական-հեռավորարևելյան զարգացումներում

30/08/2022

Արդի գլոբալացվող աշխարհում տեղի է ունեցել բավականին յուրահատուկ գործընթաց, որի արդյունքում ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացները այնպես են միաձուլվել և միախառնվել, որ գրեթե անհնար է որոշել որտեղ է ավարտվում ներքաղաքականը և սկսվում արտաքին քաղաքականը: Ուստի պատահական չէ, որ  քաղաքագիտական կենտրոններում միջազգային հարաբերություններ և միջազգային քաղաքականություն հասկացությունները հաստատուն կերպով փոխարինվել են համաշխարհային քաղաքականություն եզրույթով, որն իր մեջ ներառում է ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացների միաձուլված ամբողջությունը: Այս համատեքստում է նաև մեզ վերաբերվող ղարաբաղյան հակամարտությունը, որն անշուշտ չի կարող լինել Ադրբեջանի ներքին գործը: Սակայն վերը նշված իրողության դասական օրինակը Թայվանի խնդիրն է: Այս օրինակը ապացույցն է ներքաղաքական հակամարտության երկարատև կերպափոխման: Այն նաև Չինաստանի և Թայվանի 70-ամյա թշնամանքի պատմություն է, որի խորքային պատկերացումները կարևոր են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ ճշգրտումների  և միջազգային ատյաններում  ճիշտ դիրքորոշումների մշակման համար: Թեման առավել քան հրատապ է, որովհետև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և նրան հաջորդած այլ ամերիկյան պաշտոնյաների այցը Թայվան հանգեցրել է Չինաստանի և Թայվանի ու նրանց դաշնակիցների միջև լարվածության նոր աճի: Ս. թ. Օգոստոսի 28-ին ամերիկյան ռազմանավերը ցուցադրաբար անցան Թայվանի նեղուցով: Անցումը բավականին դանդաղ ընթացքով էր և տևեց մոտ 14 ժամ, որի ընթացքում ՉԺՀ ռազմածովային ուժերը նեղուցում բերվել էին մարտական պատրաստվածության և նոր պատերազմից հինգ րոպե էր պակաս: Հաջորդ օրը, եղավ տեղեկատվություն ռուսական զինված ուժերի կողմից հեռավորարևելյան լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին, որն իհարկե արվում է ԱՄՆ-ի դեմ, չինական կողմի աջակցության համար: Իրադրությունն իսկապես վտանգավոր է և այս տարածաշրջանը նախկինում էլ բազմիցս եղել է պատերազմածին և կոնֆլիկտոգեն: Պատմությունից հիշենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օջախն առաջացել էր հեռավորարևելյան տարածաշրջանում, երբ 1931 թ. Ճապոնիան ներխուժեց Չինաստանի կազմի մեջ մտնող Մանջուրիա: Չինաստանի նման գերտերության կտրուկ արձագանքները հսկայածավալ զորավարժություններով և ամերիկյան նոր ռազմական մատակարարումները Թայվանին, անշուշտ նոր աշխարհակարգի փոփոխման իրողություններից են, որտեղ կան նաև ուկրաինական ճգնաժամի արձագանքներ:  
Դե ֆակտո գոյություն ունեցող կղզի պետություն Թայվանի շուրջ բազմաշերտ և բազմակողմ հակամարտություն է ձևավորվել: Այն էվոլյուցիոն երկար ուղի է անցել: Թայվանի հակամարտության 70-ամյա պատմությունը շատ բան է փոխել: Արևմտյան կենտրոններում հիմա շրջանառվում է այն կարծիքը, որ այսպիսի երկարաժամկետ օտարվածությունը մայր երկիր Չինաստանից և մշտական հակակրանքը, ի վերջո հանգեցրել է էթնիկ ինքնության նոր դրսևորումների: Խնդրով զբաղվող հետազոտողներ կան, որոնք աշխատել են թայվանական հասարակության մեջ և գրում են, որ Թայվանում շատերն իրենց  առանձին ազգ են համարում։ Իբր շատ թայվանցիներ, յոթանասուն տարվա բաժանումից հետո, սկսեցին իրենց համարել առանձին ժողովուրդ, իսկ իրենց կղզին առանձին երկիր, չնայած դեռ անկախություն չի հռչակվել: Թայվանական որոշ շրջանականեր նույնիսկ իրենց իշխանությունը համարում է ամբողջ հսկայական Չինաստանի օրինական իրավահաջորդը: Հակառակ դրան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Թայվանը համարում է անջատված նահանգ, որը վաղ թե ուշ պետք է վերադառնա Չինաստան։ 
Պաշտոնական Պեկինի կարծիքով Թայվան կղզին պատմականորեն Չինաստանի անբաժան մասն է: Ըստ պատմական աղբյուրների կղզին հայտնվել է չինական գրառումներում մ.թ. 239 թվականին, երբ չինացի կայսրը արշավախումբ ուղարկեց տարածքը ուսումնասիրելու համար։ Այս փաստով Պեկինը արդարացնում է կղզու սեփականության իրավունքը: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում՝ 1624-1661 թվականներին, Թայվանը եղել է հոլանդական գաղութ, իսկ հետո՝ 1683-1895 թվականներին, եղել է չինական Ցին դինաստիայի վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ, 17-րդ դարում անկարգություններից և աղքատությունից փախչող մեծ թվով ներգաղթյալներ Չինաստանից եկան Թայվան։ Նրանց ժառանգները ներկայումս կազմում են կղզու ամենամեծ ժողովրդագրական խումբը: 1895 թվականին, առաջին չին-ճապոնական պատերազմից հետո, Չինաստանի կայսերական կառավարությունը ստիպված եղավ Թայվանը զիջել Ճապոնիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում պարտված Ճապոնիան հրաժարվեց Չինաստանից խլված տարածքի վերահսկողությունից։ Չինաստանի Հանրապետությունը՝ որպես պատերազմում հաղթող պետություն, սկսեց կառավարել Թայվանը՝ իր դաշնակիցների՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համաձայնությամբ։
Ներկա հակամարտությունը ծնվեց 1949 թ., երբ քաղաքացիական չորս տարվա պատերազմի արդյունքում, որն ընթանում էր կառավարող Գոմինդան կուսակցության և կոմունիստների միջև, երկրում հաստատվեց կոմունիստական վարչակարգ Մաո Ցզե Դունի գլխավորությամբ: Պարտված գոմինդանական կառավարությունը և նրա կողմնակիցները, ընդհանուր առմամբ մոտ մեկուկես միլիոն մարդ, փախան Թայվան: Գոմինդանի առաջնորդ Չան Կայ Շին այնտեղ ստեղծեց վտարանդի կառավարություն, իրեն ենթակա տարածքը անվանեց Չինաստանի Հանրապետություն և կառավարեց այն հաջորդ 25 տարիներին։ Մայրցամաքային չինացիները, ովքեր փախել էին կոմունիստական վարչակարգից երկար տարիներ գերիշխում էին Թայվանի քաղաքականության մեջ, թեև նրանք կազմում էին բնակչության ընդամենը 14%-ը։

Որն է Թայվանի թնջուկի էությունը?: Իհարկե այն էթնոքաղաքական հակամարտություն չէ, դժվար է նաև այն համարել անջատողականության/սեպարատիզմի դրսևորում: Թերևս դեռ չկա միասնական քաղաքագիտական մոտեցում։ Համաշխարհային ուժային կենտրոններում անընդհատ փոփոխվել են դիրքորոշումները այս հակամարտության նկատմամբ:  Անհամաձայնություն և շփոթություն կա, թե ինչ է Թայվանը: Շատերը հակված են այն համարել չճանաչված պետություն: Կղզին, որի բնակչությունն անցնում է քսան միլիոնից,  ունի իր սահմանադրությունը, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն և շուրջ 300,000-անոց բանակ: Չան Կայ Շին, ով ժամանակին այնտեղ ստեղծեց վտարանդի կառավարություն, պնդում էր, որ իր կառավարությունը ներկայացնում է ողջ Չինաստանը և պատրաստվում էր նույնիսկ  հետ նվաճել երկիրը:
Երկբևեռ աշխարհակարգում, սառը պատերազմի քաղաքականության տրամաբանությամբ, ԽՍՀՄ-ը և սոցիալիստական պետությունների իշխանությունները ճանաչում էին Պեկինի կոմունիստական կառավարությունը, իսկ կոլեկտիվ Արևմուտքը օրինական իշխանություն էր ճանաչում գոմինդանական կառավարությունը Թայվանում: Թայվանը նույնիսկ զբաղեցրեց Չինաստանի տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, քանի որ շատ արևմտյան երկրներ նրան համարում էին Չինաստանի օրինական կառավարություն:

Այնուամենայնիվ, 1970-ականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամ պետություններ սկսեցին պնդել, որ Թայվանն այլևս չի կարող ներկայացնել մայրցամաքային Չինաստանում ապրող հարյուր միլիոնավոր մարդկանց: 1971 թվականին վերականգնվեց Պեկինի կոմունիստական կառավարության տեղը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, իսկ Թայվանի ներկայացուցիչները հեռացվեցին։ 1978 թվականից, մեծ ռեֆորմատոր Դեն Սյաոպինի բարեփոխումների շնորհիվ Չինաստանը սկսեց բացել իր տնտեսությունը և դարձավ շուկայական տնտեսությամբ, բայց քաղաքական համակարգով կոմունիստական ավտորիտար պետություն: Այլ կերպ ասած իրականացավ չինական յուրահատուկ զարգացման ուղու մասին հայեցակարգը: Միացյալ Նահանգները, տնտեսական շահերից ելնելով,  գիտակցելով առևտրի հնարավորությունները և հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, պաշտոնապես՝ 1979 թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Պեկինի կոմունիստական կառավարության հետ։ 
Այդ ժամանակից ի վեր Թայվանը պաշտոնապես ճանաչող երկրների թիվը նվազել է՝ հասնելով մոտ 15-ի։ Սպիտակ Տունը ամերիկա-թայվանական հարաբերությունների մակարդակը իջեցրեց միջպետական կարգավիճակից, ազդարարելով, որ պաշտպանում է միասնական Չինաստանի գաղափարը: Այժմ, չնայած անկախ պետության բոլոր հատկանիշներին և Չինաստանից տարբերվող քաղաքական համակարգին, Թայվանի իրավական կարգավիճակը մնում է անհասկանալի:
Թայվանական բազմաշերտ հակամարտության կերպափոխման գործընթացում մինչև օրս վճռորոշ նշանակություն ունի այն, թե ինչպե՞ս են այժմ հարաբերությունները Թայվանի և Չինաստանի միջև: 1980 թ.-ից Չինաստանի և Թայվանի միջև հարաբերությունները սկսեցին բարելավվել: Թայվանը նախ թուլացրեց Չինաստան այցելելու և ներդրումներ կատարելու արգելքները, իսկ 1991-ին հայտարարեց, որ պատերազմը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ավարտված է: Չինաստանն առաջարկեց այսպես կոչված «մեկ երկիր, երկու համակարգ» տարբերակ, որով Պեկինը հավաստիացրեց, որ Թայվանը կպահպանի ինքնավարությունը, եթե համաձայնի վերամիավորմանը: Նույն խոստումներով Պեկինը վերականգնեց Հոնկոնգը 1997-ին, և մինչև վերջերս պահում էր իր խոսքը, թեև հետո փորձում էր պարտադրել  իր համակարգը ժողովրդավարական Հոնկոնգում:
Ելնելով այդ փորձից Թայվանը մերժել է առաջարկը, իսկ կառավարող  Դեմոկրատական առաջադիմական կուսակցության լիդերները բացահայտորեն հանդես էին գալիս առանձին պետության ստեղծման օգտին: Ի պատասխան 2005 թ.-ին Չինաստանը ընդունեց այսպես կոչված «հակաառանձնացման օրենքը», որը թույլ էր տալիս Չինաստանին «ոչ խաղաղ միջոցներ» կիրառել Թայվանի դեմ, եթե նա փորձի անջատվել։ Կարգավորման մի տարբերակ էլ հարաբերությունների շտկումն էր տնտեսական համաձայնագրերի միջոցով, սակայն 2016 թվականից իրավիճակը կրկին լարված է: 2018թ. Պեկինը ուժեղացրեց ճնշումը միջազգային ընկերությունների վրա՝ սպառնալով արգելել նրանց բիզնեսով զբաղվել Չինաստանում, եթե Թայվանը իրենց կայքերում չնշեն որպես Չինաստանի մաս: 2020 թ.-ից  Պեկինին նյարդայնացնում է այն հանգամանքը, որ թայվանյան ընտրություններում միշտ հաղթում են անկախության կողմնակից քաղաքական ուժերը (քաղաքական դաշտը տնօրինում են Գոմինդան և Դեմոկրատական կուսակցությունները), որոնք իրենց քաղաքական դիրքորոշումները հիմնավորում են Հոնկոնգում հակակառավարական բողոքի ցույցերով: Այս ցույցերը վերամիավորման հակառակորդների ջրաղացին են ջուր լցնում:
Որքանո՞վ է կարևոր անկախությունը Թայվանի համար: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ: Թայվանական հասարակությունը դեռևս չի համակերպվում մայրցամաքային հայրենիք վերադառնալու մտքի հետ: Կարծիք կա, որ միավորումը կղզու համար բարենպաստ չի լինի ժողովրդավարության ապագայի իմաստով: Եթե Պեկինը և Թայբեյը չեն կարողանում համաձայնության գալ հիմնարար քաղաքական հարցի շուրջ, ապա հակառակ դրան, տնտեսության մեջ նրանց հարաբերություններն ընդլայնվել և ամրապնդվել են վերջին տասնամյակների ընթացքում։ Ըստ Թայվանի պաշտոնական տվյալների՝ 1991 թվականից մինչև 2021 թվականի մայիսի վերջը Չինաստանում թայվանական ներդրումները կազմել են 193,5 միլիարդ դոլար: Միաժամանակ Թայվանում որոշ մարդիկ անհանգստանում են, որ իրենց տնտեսությունն այժմ կախված է Չինաստանից: Մյուսները կարծում են, որ ավելի սերտ տնտեսական կապերը նվազեցնում են ՉԺՀ-ի կողմից հարձակման ենթարկվելու հավանականությունը: 2014 թվականին Չինաստանը և Թայվանը ստորագրեցին երկու երկրների միջև առևտրային համաձայնագիրը, որին հետևեց բողոքի շարժում։ Շարժման անդամները՝ ուսանողներ և ակտիվիստներ, ժամանակավորապես գրավեցին  Թայվանի խորհրդարանը՝ բողոքելով չինական ազդեցության հնարավոր աճի դեմ։
Թայվանի ներկայիս իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը դեռ կողմ է կղզու անկախությանը, մինչդեռ Գոմինդանի լիդերները խոսում են միավորման մասին։ Թայվանում անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը դեռ միակարծիք չէ։ Թայվանցիների մեծամասնությունը դեռ միջանկյալ դիրքերում է անկախականների և միավորման կողմնակիցների միջև: Հետաքրքիր էր 2022 թվականի հունիսին անցկացված հարցումը: Այն ցույց է տվել, որ բնակիչների միայն 5,2%-ն է ցանկանում վաղաժամ անկախության հռչակումը և միայն 1,3%-ը, ընդհակառակը, կողմ է առաջին իսկ հնարավորության դեպքում միավորվել մայրցամաքային Չինաստանի հետ։
Տարածաշրջանում Վաշինգտոնի վաղեմի քաղաքականությունը ռազմավարական երկիմաստության օրինակ է. պաշտոնապես ԱՄՆ-ը հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը՝ ճանաչելով միայն Պեկինին և դիվանագիտական հարաբերություններ ունի նրա հետ: Միաժամանակ ամերիկյան դիվանագիտությունը հմտորեն օգտագործում է թայվանական խաղաքարտը չին-կորեական-ճապոնական տարածաշրջանում: ԱՄՆ վերջին կառավարությունները դաշնակցային հարաբերություններ են պահպանում Թայվանի հետ, որն իրականում միջպետական մակարդակի է:  Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի Թայվանը Չինաստանի հարձակումից: Նենսի Փելոսիի այցը Թայվան, կարծես դրա ապացույցն էր: 
Մոտակա ամիսներին նոր զարգացումները այս տարածաշրջանում և Թայվանի խնդրի արծարծումները հաստատ կապված են այն բանի հետ, որ ԱՄՆ-ն Չինաստանի հանդեպ խորը դժգոհություն ունի ՌԴ նկատմամաբ պատժամիջոցներին չմիանալու համար: Եթե Սին Ծինփինը տեղի տար Բայդենի հորդորներին ու զգուշացումներին և միանար պատժամիջոցներին, իրադարձություններն այլ ընթացք կունենային: Նենսի Փելոսին էլ հաստատ Թայվան չէր գնա: Այնպես որ, իրական քաղաքականության մեջ արժեհամակարգն այլևս տեղ չունի, ամեն ինչի տակ թաքնված են մերկ շահերը, մնացյալը քարոզչություն է և տեղեկատվական պատերազմի արդյունք: 

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր  Գարիկ Քեռյան  

Generalnews.am