«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԹԵ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՈՒԶՈՒՄ՝ ԿՐԱԿԻՐ ԵՎ ՋՆՋԻՐ, ՈՉ ԹԵ ԱՂԵՐՍԻՐ․ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

26/03/2022

Ասկերանի սահմանին, Փառուխ գյուղի մոտ տեղի ունեցող իրադարձություններն, որոնց արդյունքում թշնամի կողմը ցանկություն ունի դիրքեր գրավել Քարագլխի բարձունքի վրա, որով հնարավորություն կունենա վերահսկել ամբողջ Ասկերանի շրջանը՝ մինչև Ստեփանակերտ, սոցիալական ցանցերում ընթացող  մեր հավերժական կռիվներում հերթական փուլն է բերել: Ներքին տարբեր ճակատներում առկա են ՝ ա/ ուժեր, որոնք հակառուս են և ամեն ինչ կապում են ռուսական խաղաղապահների անգործության հետ, բ/ ուժեր, որոնք այն թյուր հիմնավորումն են բերում, թե Ադրբեջանը օգտվելով Ռուսաստանի՝  Ուկրաինայում իրականացնող հատուկ գործողություններից, առիթից օգտվելով այստեղ հրահրում է  էսկալացիա, գ/ ՀՀ իշխանությունները իրականացնում են թաքուն ծրագրեր, որոնց մասին պայմանավորվել են հակառակորդ կողմի հետ և այլն:

Սրանք տեսակետներ են, որոնցից որևէ մեկի ճշտությունը լիարժեքորեն հնարավոր չէ ապացուցել, քանի որ այդ մասին երբեք չեն բարձրաձայնի հակառակորդ կողմերը՝ մեծ, թե փոքր: Փորձենք քննական վերլուծության ենթարկել այս բոլոր տեսակետները և հանգել ըստ հնարավորին տրամաբանական եզրակացությունների.

  1. Արդյո՞ք հնարավոր է, որ Ադրբեջանն իր այս գործողություններով փորձում է հասցնել իր համար բաղձալի նպատակին՝ հաշվի առնելով ռուս– ուկրաինական  հակամարտությունը: Ամենայն հավանականությամբ՝ ոչ, որովհետև Ալիևն, ինչքան էլ մեզ համար ատելի, ռացիոնալ մտածող անձ է, որը շատ լավ գիտի, որ թեկուզ պատերազմական իրավիճակում, Ռուսաստանը, որը գրեթե բան չի թողել Ուկրաինայից, կարող է անկթարթորեն շարքից հանել Կոմանդոսի արտահայտությամբ՝ «նավթի տակառ» Ադրբեջանին: Դա եթե մեզ չթույլատրվեց, Ռուսաստանին  թույլատրող կամ չթույլատրող չկա. նա ինքն է որոշում: Թուրքիան նույնպես, չնայած նրա ղեկավարը, որը մեզ համար չափազանց ատելի կերպար է, վարում է բավական ճկուն և նուրբ քաղաքականություն, որի հետ մրցել չեն կարող Արևմուտքի երկրները՝ հավասարակշռված լինելու առումով, հաստատ  Ադրբեջանին թույլ չի տա նոր պատերազմ, որից շահելու ոչինչ չունի, մանավանդ,որ դանդաղորեն լուծում է կոմունիկացիաների բացման հարցը, կարգավորել է փորձում հարաբերությւոնները ՀՀ-ի հետ:
  2. Ռուս խաղաղապահները, որոնց մեղադրում են իրենց պարտականությունները չկատարելու մեջ, անում են այն, ինչ իրենց պետք է. Նրանք ինչու՞ պետք է կրակեն ադրբեջանցի զինվորների վրա՝ հրահրելով նոր էսկալացիա: Նրանք խաղապահներ են և պետք է աշխատեն, որպեսզի խնդիրը կարգավորեն խաղաղ ձևով: Հաստատ, եթե հարձակողական նախաձեռնություններ ունենա մեր կողմը, նրանք նույն դիրքորոշումն են ընդունելու: Ռուսները, չի բացառվում, որ «շշնջած» լինեն Ադրբեջանի ականջին, թե մի փոքր վրա տուր, որովհետև ՀՀ –ն  վարում է գրեթե անհասկանալի արտաքին քաղաքականություն՝ մեկ հայտարարում է, որ Ադրբեջանի հետ գնում է խաղաղության գործընթացի, դրան զուգահեռ դիմում է անհեռանկար, անօգուտ քաղաքական վարժանքների կամ լիարժեք չկշռադատված քայլերի: Այդ մասին քանիցս գրել ենք, բայց շեշտենք նորից՝ դիմել ՄԱԿ – ի Անվտանգության խորհուրդ, դիմել ԱՄՆ - ին, Ֆրանսիային, մեր միշտ սիրելի միջազգային հանրությանը, այն դեպքում, երբ այդ Խորհուրդն ու հանրությունը ամեն միջոցառման գնում է Ռուսատանի դեմ, Ուկրաինայի ժողովրդի վրա թքած ունենալով, և ցանկանում է հասնել նրա պառակտմանը, ոչինչ չի անում երկու կողմին ուղղված հայտարարություններից բացի, թե խնդիրը լուծեք խաղաղ ձևով, ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ նրանից: Մենք երեկ բանակցություններ էինք վարում՝ հանուն հաշտության և խաղաղության, այսօր դիմում ենք ՄԱԿ –ին, թե մեզանից օկուպացրած տարածքներում, ավելի կոնկրետ Շուշիում, Ալիևը միջոցառում է անում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Ակնհայտ ճշմարտություն է, որ եթե ռուս խաղապահները հեռանան, Արցախում հայ չի մնա: Կմնա, եթե արդեն նախապատրաստված լինենք նոր պատերազմի: Բայց այս առումով մենք արդյո՞ք պահանջված բարձրության վրա ենք: Ճիշտ պատասխանը շատերը գիտեն: Մի կողմից աշխարհից օգնություն ենք խնդրում, մյուս կողմից Արևմտյան Հայաստանի վտարանդի կառվարություն, Ազգային ժողով և չգիտեմ ինչ ենք ստեղծում: Նման երազախաբություն երեխաները չեն ունենում:
  3. Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման խնդիրը ենթադրում է նաև Արցախի կարգավիճակի հարցի ճշտում՝ ամենանուրբ և զգայական հարցի: Ճիշտ է մոտեցումը, որ տեղի ժողովորդի հանդեպ պետք է հիմք ընդունվի ինքնորոշման իրավունքը, բայց եթե նախկինում, յոթը տարածքների զիջումով հնարավոր էր Արցախի համար ձեռք բերել ինչ – որ կարգավիճակ, այժմ պատերազմով այդ տարածքները տալուց հետո, դժվար է խաղալ այդ կռվանով: Այն թույլ է:
  4. Արցախի հարցի կարգավորումը դարձյալ Մինսկի խումբ ուղղել փորձելով, արդեն հնարավոր չէ հասնել որևէ դիվանագիտական հաջողության: Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանը մյուս երկրների հետ թշնամական, ատելությամբ շաղախված հարաբերությունների մեջ է, ինչպե՞ս է հնարավոր պատկերացնել նրանց միջոցով խնդրի կարգավորումը՝ այն առանձնացնելով ՀՀ – Ադրբեջան սահմանագծումից: Այստեղ Ռուսաստանի և Ադրբեջանի շահերն արդեն համընկնում են: Ուրեմն, պետք չէ դիմել միջազգային հանրությանը նման խնդիրներով, մանավանդ, որ նրանք Ուկրաինային օգնության չգնալով՝ այստեղ չեն գա: Կփորձեն հրահրել մեզ ռուսների դեմ՝ Ռուսաստանի համար նոր խնդիրներ առաջ բերելով և ոչինչ ավելի: Սա արդեն աքսեոմա է: Ռուսաստանի որոշումը վերջնական է՝ այստեղ հարց լուծողն ինքն է:

Եզրակացություն. Պետք չի դիմել որևէ միջազգային կառույցի նման դեպքերում, նույնիսկ Ռուսաստանին, որը միայն մեր կողմը չի կարող բռնել, նրա խաղապահներին էլ պետք չէ դիմել: Պետք է հակահարված տալ նման իրավիճակներում և այդ դեպքում խաղապահներն ուզեն – չուզեն կմիջամտեն: Բայց մենք ի՞նչ ենք անում: 16 – րդ դարից բռնաբարում ենք աշխարհին մեր աղերսներով, դրանք գրելուց առաջ վարդագույն երազներ ենք տեսնում, որոնք արագորեն դառնալով մղջավանջային՝ այդպես էլ իմաստություն չեն բերում հայ քաղաքական մտքին: Արդեն հոգնել ենք նույն հարցը տալուց՝ Է, մինչև ե՞րբ:

Աշոտ Ներսիսյան,

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար