«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԻՍՐԱՅԵԼ ՕՐՈՒ ՀԱՅԵՑԱԿԵՏՆ ԸՍՏ «ՄՈՍԿՈՎՅԱՆ» ԾՐԱԳՐԻ. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

21/08/2020

Օրեր առաջ մեր կայքով ներկայացրեցինք պատմաբան Աշոտ Ներսիսյանի Իսրայել Օրու «Պֆալցյան ծրագրի» քննական վերլուծությունը: Այսօր ընթերցողին են ներկայացնում նույն Իսրսյել Օրու «Մոսկովյան ծրագրին» նվիրված նրա վերլուծականը:

Իսրայել Օրու «Պֆալցյան» ծրագրով հայոց պետականության վերականգնման խնդիրը քննություն չբռնելուց հետո հենց Եվրոպայում նրան մատնանշվում է նույն խնդրի՝ Ռուսաստանից կախյալ լինելու հանգամանքը: Եվ Օրին Ավստրիայի կայսեր և Հովհան Վիլհելմի հանձնարարականներով, ինչպես նաև Լեհաստանի Ավգուստ II թագավորի անցագրով 1701թ. հուլիսին հասնում է Մոսկվա: Ընդհանրապես խորհրդահայ պատմագրության մեջ այն տեսակետն է իշխել, որ Իսրայել Օրու շրջադարձը դեպի Ռուսաստան սկիզբն էր համայն հայության կողմից այն հայեցակետի որդեգրման, որ հայության ազատագրության խնդիրը կախյալ էր Ռուսաստանից և այնուհետև հայ քաղաքական միտքն ընթացավ այդ ճանապարհով: Սակայն, սա արհեստածին հայեցակարգ է: Այն հանգամանքը, որ Օրին Արևմուտքում հասկանալով իր ծրագրի անհեռանկար լինելը, գնաց փրկություն որոնելու Ռուսաստանում (ընդ որում սա նրան հուշեցին հենց Արևմուտքի տերությունները), ամենևին չի նշանակում, որ հայոց փրկությունը պետք է փնտրել միայն հյուսիսում և հայ քաղաքական մտքի պատմության մեջ այլևս անբեկանելի այն գիծը, որ հայոց փրկության երաշխիքը Ռուսաստանն է: Հաջորդ կարևոր հանգամանքը, որը կարևոր ենք համարում մատնանշել, այն է, որ եթե Օրին տվյալ իրավիճակում համոզվեց, որ պետք է իր ծրագրերը իրականացնի Ռուսաստանի օգնությամբ, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ այդպես էր մտածում ողջ հայ ժողովուրդը կամ նրա առաջնորդները: Հայ ժողովուրդը նույնիսկ նրա մասին չէր էլ լսել: Այսինքն նրա կողմնորոշումը հայ ժողովրդի կողմնորոշումը չէր: Կուզենայինք նաև շեշտել, որ Ռուսաստանի հայ ժողովրդի ճակատագրում ունենալիք կամ ունեցած նշանակության մասին թեր և դեմ տեսակետները եղել են և Իսրայել Օրու ժամանակներում և նրանից հետո և նաև՝ այժմ էլ: Ուրեմն, հայ քաղաքական միտքն Իսրայել Օրիից հետո չի ընթացել միայն այն հիմնավորումներով, որ Ռուսաստանի օգնության մեջ է հայոց փրկությունը: Այս հայեցակետը խորհրդային շրջանում գաղափարական պարտադրանքների հետևանք էր: Իսրայել Օրին, ինչպես կհամոզվենք քիչ անց, ճիշտ կերպով հասկացավ, որ Ռուսաստանի քաղաքական շահերը նրան բերելու են Կովկաս, ուստի և կարելի է դրանք ծառայեցնել հայության քաղաքական շահերին: Եվ դրա հիմնական կռվանը հայության քրիստոնյա լինելու հանգամանքն էր, որը միշտ շահարկվել է նույն կրոնն ունեցող մեծ տերությունների կողմից, բայց որը որոշիչ չի եղել հայ ժողովրդի ազատագրության համար: Այս տեսակետն այսօր էլ իր կորցրել իր արդիականությունը: Կարլովցիի պայմանագրից հետո Իսրայել Օրուն հասկացրին, որ Արևելքի խնդիրները լուծելը թողնված է Ռուսաստանի վրա, բայց արդյո՞ք Ռուսաստանն ի վիճակի էր դրանք լուծելու, երբ դեռևս չէր լուծել Արևմուտք կամ Եվրոպա դուրս գալու ծովային ճանապարհի հարցը, որի համար շվեդների հետ պատերազմ էր սկսել (Հյուսիսային պատերազմը՝ 1700-1721թ.): Անշուշտ, ոչ: Կամ եթե Ռուսաստանն իսկապես ձգտում էր ընդլայնել իր հարավային սահմաններն՝ ինչո՞ւ պետք է իր հարավային սահմանների մոտ ստեղծեր թեկուզ քրիստոնյա Հայկական թագավորություն: Փորձենք այս ամենում ավելի համոզվել՝ դիմելով փաստերին: Օրին Մոսկվա է ասնում Մինաս վարդպետ Տիգրանյանի և Նազար Օրեխովիչի հետ, որն ըստ երևույթին նրանց միացել էր Լեհաստանից՝ որպես թարգման: Նա կաթոլիկ էր: Հուլիսի 11-ին նրանց է ընդունում Ռուսաստաի կանցլեր (արտաքին գործերի վարիչ) Գոլովինը, ցանկանալով ճշտել նրա առաքելության նպատակը: Օրին հանդիպման ժամանակ արդեն մեջտեղ է բերում Ռուսաստանի օգնությամբ հայ ժողովրդին ազատագրելու խնդիրը: Ինչպես նկատել է Աշ. Հովհաննիսյանը՝ «Փաստապես Օրին դեսպանական պրիկազի հետ բանակցություններ էր սկսում ոչ թե իր արևմտաեվրոպական հովանավորողների, այլ մելիքների անունից»: Սա նշանակում է, որ Օրին մի նրբին դիվանագիտական հնարք է կիրառել, որն արդարացվում է, և որով նա այն տպավորությունն է ստեղծում, որ թե' Եվրոպայում և թե' Հայաստանում գտնում են, որ հայ ժողովրդին կարող է ազատել միայն ռուսական ցարը: Նրա այս մարտավարությունը հաստատում է մելիքների ստորագրությամբ այն գրությունը (քարտ բլանշ), որն ուղղված էր ցարին և որն ամենայն հավանականությամբ ինքն էր գրել մելիքների կողմից ստորագրված բաց թղթի վրա, որը վերցրել էր Անգեղակոթի ժողովում: Այդ գրությամբ մեիքները Օրիին երաշխավորում էին՝ գործելու իրենց անունից: Լեոն միանգամայնորեն ճիշտ է հասկացել Օրու քաղաքական շրջադարձի դրդապատճառները, որի վկայությունն են նրա հետևյալ տողերը. «Թագավորը երկար ժամանակ ունկնդրության չընդունեց Օրիին. դրա փոխարեն բոյարին Գոլովինն էր նրան հարց ու փորձի հրավիրում: Այն միջոցով ռուսաց կառավարությունը պարզում էր իր համար այն ամբողջ շարժումը, որ սկսվել էր հայերի մեջ, նրա նպատակը ծրագրած գործողությունները, իհարկե, լուսաբանվեց այնպես ինչպես կամենում էր Օրին: Իսկ Օրին իբրև քաղաքագետ մարդ, որ բանակցություններ էր վարում իր երկրի օգտի համար, Մոսկվայում արդեն փոխել էր իր լեզուն: Նա շուտ ըմբռնեց, որ ռուսաց կառավարությունը չի կարող հասարակ գործակատարի դեր ստանձնել կուրֆյուրստի կամ նույնիսկ կայսրի համար այնպիսի մի ձեռնարկության մեջ, ուր շոշափվում էին նաև Ռուսաստանի շահերը, ուստի տեղափոխեց հարցի ամբողջ ծանրությունը Ռուսիա, նրան հանձնելով այն դերը, որ սկզբնական ծրագրով պիտի կատարեին կուրֆյուրստն ու կայսրը»: Այսպիսով, ամենակարևոր բանը, որ հասկացել է Օրին՝ գալով Մոսկվա, հետևյալն է եղել՝ Ռուսաստանին ամենևին չէր կարող ձեռնտու լինել Պֆալցի կուրֆյուրստի կամ Ավստրիայի կայսեր հետ համատեղ ծրագրի իրականացումը, քանի որ Անդրկովկասին տիրելը նրա քաղաքական ծրագրերի մեջ էր մտնում: Պատահական չեն այն հարցին, թե ի՞նչ նպատակով է եկել Ռուսաստան Օրիի տված պատասխանը, որում մասնավորապես կարդում ենք. «Եվ ինչպես Ադամի որդիները հույսով սպասում էին Մեսիայի գալստյան, որ պիտի ազատեր նրանց հավիտենական մահից, այնպես էլ այս խեղճ ժողովուրդը միշտ ապրել է և այժմ ապրում է այն հույսով, թե օգնություն կստանա ձեր թագավորական մեծությունից»: Այսպիսով, Օրին Արևմուտքին լրիվ տարանջատում է հայոց ազատագրության խնդրից և այն կապում է միայն Ռուսաստաի հետ: Օրին կարողանում է մասնավորապես Գոլովինի միջոցով Պետրոս I-ի ուշադրությունը գրավել իր ծրագրերի վրա, քանզի դրանք բխում էին Սև և Կասպից ծովերի ափերին հաստատված նրա քաղաքական ձգտումներից, ուստի և պահանջում է (նույն Գոլովինի միջոցով) իրեն ներկայացնել հստակ ծրագիր Հայաստանի ազատագրման և դրանում Ռուսաստանի ունենալիք դերակատարության մասին: Եվ ահա, Օրին կարճ ժամանակահատվածում գրում է Պետրոս I-ին և ներկայացնում իր ծրագիրը, որը հայտնի է «Մոսկովյան» անունով (1701թ. հուիսի 25): Մինչև դրա վերլուծությանն անցնելը, կարևոր ենք համարում մի փաստաթղթի ևս անդրադառնալը, որովհետև դրանից երևում են Իսրայել Օրու դիվանագիտական հմտությունները՝ Արևմուտքին հայոց պետականության խնդրից ամբոջվին զատելու և այն միայն Ռուսաստանի հետ կապելու առումով: Այսպես, մելիքների գրությունից հետո Գոլովինը որոշ անորոշություններ ճշտելու նպատակով Օրիին առաջարկել է պատասխանել հետևյալ հարցերին. 1. Պֆալցի կուրֆյուրստը որքա՞ն զորք է մտադիր տրամադրելու և ուրիշ ի՞նչ գերմանական իշխանություններ և ինչքան զորքով պետք է մասնակցեն արշավանքին: 2. Այդ զորքերը Ռուսաստանի ո՞ր ճանապարհով պետք է անցնեն և ո՞վ է նրանց պարենավորելու: 3. Ռուսաստանից անցնող զորքերը չե°ն վնասի տեղի բնակիչներին: 4. Եթե Հայաստանում գրավվեն նախատեսված վայրերը, ո՞վ է լինելու այդ տարածքների տերը և ո՞մ զորքերն են այնտեղ մնալու: 5. Արշավանքի ավարտից հետո զորքերեն ու°ր են ձմեռելու և ում հաշվին են պարենավորելու: Օրին հետևյալ պատասխաններն է տալիս. 1. Պատերազմի առաջին տարում ռուսաց զորքերից բացի կուրֆյուրստի կամ այլ պետությունների զորքեր մեզ հարկավոր չեն: Կուրֆյուրստը զորքեր կտրամադրի, եթե Թուրքիան խառնվի պատերազմին, իսկ կայսրերը կօգնեն, եթե ցարը կամենա: 2. Ռուսաստանի վրայով զորքերի անցնելու դեպքում ամեն ինչ կգնվի փողով: Նրանք կանցնեն ռուսաց թագավորի անվան տակ: 3. Եթե թագավորը (ցարը) թույլ տա զորքերին անցնելու Ռուսաստանի վրայով, ամեն տեսակ ապահովության կտրվի նրանց, բնակիչները չեն վնասվի, այլ ընդհակառակը՝ կօգտվեն զորքերից: 4. Եթե Աստված օգնի, որ Հայաստանը գրավվի, ապա՝ բոլոր գրավված բերդերը կմնան թագավորի իշխանության տակ և այնտեղ կպահվեն ռուսական զորքերը: 5. Զիվորական արշավանքի վերջանալուց հետո ռուսական զորքերը կձմեռեն Հայկական թագավորության մեջ և կկերակրվեն հայերի հաշվին: Բավական է, որ 10-20 հազ. զինվոր մտնի Հայաստան, ցարը կհամոզվի, որ 10 օր անց 100 հազ. հայեր կմտնեն նրա իշխանության տակ: Ինչպես համոզվում ենք՝ Օրին նրբորեն մի կողմ է վանում Արևմուտքի տերություններին և փորձում է այն համոզմունքն առաջ բերել, որ Հայաստանի ազատագրման ակնկալիքը ինքը և իրեն լիազորողները սպասում են Ռուսաստանից: Օրիի այս պատասխաններից հետո նրանից պահանջվում է մանրակրկիտ ծրագիր՝ Հայաստանի ազատագրության մասին, որը նա ներկայացնում է, ինչպես նշել ենք, 1701թ. հուլիսի 25-ին: Ծրագիրը նա ներկայացնում է մանրամասն զեկուցման մեջ, որը զետեղված է Էզովի կազմած ժողովածուում: Այն բաղկացած է 18 կետերից: Լեոն ճշտորեն նկատել է, որ «Այդ նույն ծրագիրն էր, որ նա ներկայացրել է Հովհան Վիլհելմ կուրֆյուրստին, բայց համառոտած և այն տարբերությամբ, որ ավստրո-բավարա-տուսքանյան զորքի մասին խոսք անգամ չկար»: Համաձայն դրա՝ արշավանքը պետք է սկսեին 25 հազարանոց զորաբանակով, որը բաղկացած պետք է լիներ 15 հազ. հեծելազորից և 10 հազ. հետևակից: Զորաբանակի մեջ մտնելու էին կազակներն ու չերքեզները, որոնք գտնվում էին պարսկական սահմանագծում և անսպասելիորեն պետք է ներխուժեին Իրաք: Բանակը պետք է ունենար 6 թնդանոթ, 2 հրասանդ, հարյուր ռումբ, 100 դրոշակ, վառոդ և այլն: Արշավանքը կատարվելու էր երկու ուղղությամբ և շատ արագ՝ 1701թ. հոկտեմբերի սկզբներին: 10 հազ. կռվող ուժեր, հավաստապես բաղկացած հետևակից և հեծելազորից Նիզովայի նավահանգիստ էին դուրս գալու և այստեղից շարժվելու էին Շամախու վրա: Այս տարածությունը զորքը պետք է անցներ երեք օրվա ընթացքում: Իսկ 15 հազ. կռվող ուժերը անցնելու էին Անդրկովկասի ցամաքային ճանապրհով՝ Թերեք-Դերբենդ ուղղությամբ: Շամախի հասած զորքերն այնուհետև բաժանվելու էին չորս գնդերի, որոնցից մեկը շարժվելու էր դեպի Գանձակ, երկրորդը՝ Լոռի, երրորդը՝ Ղափան, իսկ չորրորդը՝ Նախիջևան, ուր նստում էր խանը:28 Նախիջևանում ռուսական զորքերին միանալու էին 100 հազ. հայկական կռվող ուժեր, որոնք այնուհետև պետք է շարժվեին Օրդուբադ, ուր պարսիկներ էին ապրում, որոնք հարուստ արհեստավորներ էին և որոնցից հարուստ ամբողջ աշխարհում չկա: Այնուհետև Օրին մատնանշում է Երևանի գրավման ուղին: Ըստ նրա՝ այն ուներ 200 կռվողներ: Նա հետևյալն է գրում. «Քաղաքն ունի երկու դուռ, որոնցից մեկն ունի պահակ, իսկ մյուսի վրա չկա և ոչ մի պահակ: Քաղաքում կան մեծ այգիներ, որոնց միջով զորքը գիշերով կարող է մոտենալ և հայերի հետ պայմանավորվել, որոնք քաղաքում 300-ն են և որոնք առանց դժվարության կբացեն դարպասը»:

Օրին իր ծրագրում որոշակի դեր է վերապահում նաև Վրաստանին: Նա առաջարկում է Հայաստանի ազատագրումից հետո ռուսական զորք ուղարկել Վրաստան, Բեշտաու լեռան մոտ թողած մարտական ուժերից, որոնց Թիֆլիսին մոտենալով՝ նրանց կաջակցեն տեղական իշխանները՝ հպատակություն հայտնելով ռուսներին՝ իրենց ազատարարներին: Օրին իր ծրագրում չի անտեսում Իրանի ուժերը միավորելու և Անդրկովկաս մտնելու վտանգը: Այն կանխելու համար նա գտնում է, որ ռուսները չպետք է թողնեն, որ այդ զորքն Անդրկովկաս շարժվի՝ Արաքսն անցնելով:

Ռուսական զորքն ինքը պետք է անցնի Արաքսը և արշավի Թավրիզի վրա, որը գրավելուց հետո Պարսկաստանի հաշվին զինվել 100 հազ.-ոց մի բանակ՝ ավարի ենթարկելով շրջակայքի հարուստ գյուղերը: Օրին ցարական արքունիքին ցանկանում է շահագրգռել Ստեան Ռազինի օրինակով, որը 3000 կազակներով կողոպուտի էր ենթարկել Մերձկասպյան շրջանի հարուստ քաղաքները և հատկապես Գիլանը և շահը չէր կարողացել արգելել այդ: Ահա այսպես հեշտորեն գրավվելու էին Հայաստանը, ապա՝ Թավրիզը ու Գիլանը: Իսկ ընդհանուր ծրագրի իրականացման համար նա նախատեսում է ընդամենը 15 օր: Կարծում ենք, որ չափազանցված է Օրին ներկայացնում հայերի տնտեսական հնարավորությունները, հակառակ դրա, թերագնահատելով պարսկական ուժերին: Ըստ նրա, քանի որ վերահաս ձմռան պատճառով շահը չպիտի կարողանար զորքեր հավաքել, ձմեռը պետք էր անցկացնել Թավրիզի և Գիլանի կողմերում և կարիքից նեղվելու վտանգ չկա, քանի որ հայկական 17 գավառներից յուրաքանչյուր ի վիճակի է տարեկան 100 հազ. մարդ կերակրել: Պատերազմի դեպքում այդ գավառները կարող են տալ 116 հազ. կռվող: Բացի այդ, այս շրջաններից 60 հազ. հայ առևտրականներ ապրում են Թուրքիայում, որոնք մելիքների կարգադրությամբ տուն կվերադառնան և կանցնեն ցարի տրամադրության տակ: Վրացիներն էլ իրենց հերթին կտրամադրեն 30 հազ. կռվողներ: Իսկ շահը կարող է հույս դնել ընդամենը 38 հազ. կռվողների վրա, որոնցից հազիվ կարողանա 5 հազարին զորահավաքի ենթարկել:35 Եվ սա այն պաճառով, որ նա կորցրած կլինի Հայաստանն ու Վրաստանը: Իրանը ստիպված կլինի զորք պահել ուզբեկների (ըստ Օրու՝ ղզլբաշների) դեմ, որոնց հետ անընդհատ կռիվների մեջ էր: Այսպիսով, Իրանը կդառնա անկարող ռուսների դեմ, քանի որ իրեն կմնա ընդամենը 20 հազ. զորք հանելու հնարավորություն, որը ստիպված պետք է պահի ընդդեմ ուզբեկների: Ծրագրի 18-րդ կետով Իսրայել Օրին խնդրում է ցարին՝ չհետաձգել արշավանքը: Ինչպիսի՞ քաղաքական գնահատականներ կարելի է տալ Իսրայել Օրու այս ծրագրին: Նախ և առաջ հարկ է շեշտել, որ նախորդ ծրագրի համեմատությամբ այն ավելի շատ էր իրատեսական, թեպետ դա ամենևին էլ չի նշանակում, թե այնտեղ քաղաքական ռոմանտիզմն ավելի քիչ էր: Փորձենք զատել ռոմանտիկն իրականից: Առաջին. Իսրայել Օրին, ինչպես նախորդ ծրագրով, այնպես էլ երկրորդով ի հայտ է բերում քաղաքական իրավիճակների ընդունման իր կարողությունները: Նա շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանի քաղաքական ցանկության մեջ է մտնում Անդրկովկասը գրավելը և այդ ցանկությունը փորձում է ծառայեցնել հօգուտ հայ ժողովրդի ազատագրության: Երկրորդ. Նա դարձյալ հայ ժողովրդի (ինչպես նաև վրաց) ազատագրությունը չի թողնում միայն ուժեղ տերության վրա ( տվյալ դեպքում՝ Ռուսաստանի), այլ՝ դնում է հայության զինված ապստամբությա հարցը ևս, որի հնարավորությունը կախյալ է համարում ռուսական արշավանքից: Որ իսկապես ռուսական արշավանքը կարող էր ազդակ հանդիսանալ հայերի ապստամբության համար, երևաց Պետրոս I-ի կասպիական արշավանքի (1722թ.) օրերին, երբ հայերը ապստամբեցին Սյունիքում և Արցախում: Բայց նա չափազանցնում էր հայկական զինված ուժեր ստեղծելու հնարավորության հարցը: Երրորդ. Ճշտորեն դնում էր հայ և վրաց ժողովուրդների համատեղ ապստամբության հարցը (այս անգամ նա որպես համախոհ էր գտել Իմերեթի նախկին թագավոր Արչիլին, որն ապաստան էր գտել Մոսկվայում և դարձյալ Ռուսաստանի հետ էր կապում իր ժողովրդի ազատագրության խնդիրը): Սակայն, տվյալ իրավիճակում դրան գնալը դյուրին խնդիր չէր: Չորրորդ. Ճիշտ էր հասկացել, որ Իրանը, ի տարբերություն Ռուսաստանի, գնում էր դեպի թուլացում, բայց չափազանց փոքր էր ներկայացնում նրա ռազմական հնարավորությունները: Հինգերորդ. Ուռճացրած էր ներկայացնում հայերի տնտեսական և մելիքների ռազմական հնարավորությունները: Չհիմնավորվող էր Թուրքիայի առևտրական հայերի՝ մելիքների հրահանգներին ենթարկվելու նրա հավաստիացումը: Անհնար էր այդքան կարճ ժամանակահատվածում այդ ծրագրի իրականացումը և ինչքան էլ նա փորձեր ոռճացրած փաստերով հրապուրելու ռուսաց ցարին, վերջինս այդքան միամիտ չէր՝ դրանով այդքան արագ հրապուրվելու համար: Ավելացնենք նաև, որ ծրագրի ուսումնասիրության ընթացքում պարզ է դառնում, որ Օրին այնտեղ չի քննարկում երկու խնդիր՝ հայերի դավանափոխության և հայոց թագավորության վերականգնման: Դավանափոխության խնդիր չի դրել այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը դա էական չի համարել իր համար, ինչպես Հռոմի պապը կամ Եվրոպական տերությունները: Իսկ թագավորության վերականգնման հարցը թերևս թողնելու էր հետագային, երբ իր մատնանշած ծրագրով կազատագրվեր Հայաստանը: Ուրեմն, «Մոսկովյան» ծրագրով հայոց պետականության վերականգնման Օրու հայեցակետը մշուշապատ է: Հայաստանի հնարավոր ազատագրումից հետո նրա ստանալիք կարգավիճակն այս ծրագրով մնում էր անորոշ: Վերջնական եզրակացությունն այն է, որ Օրին նախ՝ ցանկացել է հասնել արշավանքի իրականացման գաղափարի իրականացմանը, ապա նոր միայն գեթ տեսականորեն առարկայացնել պետականության խնդիրը: Ցանկանում ենք մի փաստ մեջբերել, որը վկայում է, որ Օրին Հայաստանը և կից տարածքները գրավելու համար 15-20 հազ. կռվողներ խնդրել է միայն առաջին տարվա համար: Սա նշանակում է, որ նա չգիտեր, թե ինչ կարող է լինել հաջորդ տարի՝ հակառակորդը կակտիվանար, Թուրքիան կմտներ պատերազմի մեջ, թե՝ ոչ և այլն: Ուրեմն, տվյալ իրավիճակում թագավորության վերականգնման հարցը մնում էր անորոշ, և հրատապ էր դառնում Հայաստանի ազաագրության հարցը (ինչպես գրում էին և գրում են շատ պատմաբաններ և քաղաքագետներ) կամ ավելի ճիշտ՝ նվաճման: Այստեղից էլ դժվար է համաձայնվել Ա. Աբրահամյանի հետևյալ տեսակետի հետ՝ «Մոսկովյան ծրագրում թեև ոչինչ չի ասվել Հայաստանի պետական ստատուսի մասին, սակայն դա հիմք չի տալիս կարծելու, թե Օրին հայ ինքնուրույն պետականություն ունենալու հարցը անորոշության մեջ է թողել: Ցարական արքունիքի հետ վարած բանակցությունների ընթացքից երևում է, որ հարցը դրված էր ռուսական ռազմական օգնության շնորհիվ օտարերկրյա լուծը թոթափելու և անկախ պետականություն ստեղծելու իմաստով: Մելիքների՝ արքունիքի ուղարկած գրության մեջ ևս խոսքը գնում էր ռազմական օգնության մասին»: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը արշավանք կատարեր, կորուստներ կրեր՝ հանուն հայկական պետականության վերականգնման: Ոչ մեկը չի կարող լիարժեքորեն համոզել, որ այդ էր պահանջում նրա քաղաքական շահը: Ըստ երևույթին սա ըմբռնել է Օրին՝ իր ծրագրում չդնելով թագավորության ստեղծման հարցը: Ընդհանրապես այն տեսակետն է իշխել (և իշխում), որ Օրու «Մոսկովյան» ծրագիրը «Պֆալցյան» ծրագի հետ համեմատած ավելի գործնական էր, ավելի իրատեսական և համոզիչ (Աշ. Հովհաննիսյան, Աշ. Աբրահամյան, Պ. Հովհաննիսյան և այլն): Մենք այդ տեսակետը չեք ուզում վիճարկել: Բայց ցանկանում ենք հետևյալ քաղաքագիտական հայեցակարգը մատուցել. «Պֆալցի» ծրագրով նախատեսված արշավանքի հրաշքով կյանքի կոչվելու դեպքում հայկական թագավորության վերականգնման հնարավորությունն ավելի ռեալ էր, քան «Մոսկովյան», որովհետև եթե առաջին ծրագրի գլխավոր դերկատարները ազատագրեին Հայաստանը, տարածքային հեռավորության պատճառով կձգտեին այն տեսնել որպես իրենց հպատակ թագավորություն, իսկ ռուսական ցարը կցանկանար իր սահմաններն ընդլայնել հօգուտ այդ տարածքների և ոչ թե դրանց վրա ստեղծել հայկական թագավորություն: Չի բացառվում, որ սա ևս հասկացել է Իսրայել Օրին՝ ռուսական արշավանքի ծրագրում անտեսելով հայկական թագավորության վերականգնման հարցը: Կարծում ենք նաև, որ վիճելի է այն ընդունված տեսակետը, որ Օրին վերջնականապես Հայաստանի ազատագրման հույսը արդեն կապում էր Ռուսաստանի հետ: Դիմենք փաստերի: 1701թ. հոկտեմբերի 7-ին Պետրոս I-ը վերջապես ընդունում է Իսրայել Օրիին (Մինաս վարդապետի հետ) բնականաբար, որպես կուրֆյուրստի դեսպանի: Ցարը հայտնում է, որ ինքը ցանկնում է ընդառաջել հայերին, բայց միայն Հյուսիսային պատերազմից հետո: Լեոն հետևյան է գրում. «Ընդունելությունը միանգամայն գոհացրեց Օրիին, բայց նոյեմբերի 19-ին թագավորի անունից հայտարարեց նրան ռուսական կառավարության պատասխանը, որ ուզում էր իմանալ Օրին, այն էր, թե արդյոք թագավորը համաձա՞յն է ընդունել հայոց ազատագրության գործն իր հովանավորության տակ: Նրան պատասխանեցին, թե թագավորը «հակված է» ընդունել, բայց շվեդական պատերազմը թույլ չի տալիս, որ նա ամբողջ գործն իր վրա վերցնի: Ուստի առաջարկվում էր Օրիին գրել կուրֆյուրստին, որ նա, ինչպես խոստացել էր, ուղարկի երեք կամ չորս գունդ զինվոր, որոնց ռուսաց հողով անցնելու մասին առանձին կարգադրություն կարվի»: Հատկապես մեր ընդգծած պարբերությունից պարզ է դառնում, որր Պետրոս I-ը Օրիին վերաբերվել է որպես դեսպանի և պատասխանը գրել է կուրֆյուրստին: Սա նշանակում է, որ խորամանկ ցարն իր հերթին խնդիրն իր վրայից գցել է և Օրիին կրկին կողմոնորոշել է դեպի Եվրոպա: Եվ նա այն աստիճան միամիտ չէր, որ չիմանար, թե Եվրոպան ի վիճակի է այդ իրականացնել, թե՝ ոչ: Իսկ Օրին նորից դիմեց Լեոպոլդին և Հովհան Վիլհելմին, ինչը նշանակում է, որ նրա համար մեկ էր թե ո՞վ հանձն կառներ Հայաստանի ազատագրության գործը: Ուրեմն, ի՞նչ վերջնականապես որդեգրված ռուսական կողմնորոշման մասին կարող էր խոսք լինել: Միանգամայնորեն ճիշտ է ասված. «Ուստի և այժմս էլ ռուսաց կայսրը Օրիին խորհուրդ տւեց Աւստրիոյ կայսեր և Պֆալցի իշխանի օգնութեանը դիմելու»: Պետրոս I-ը չէր կարող չիմանալ, որ Ավստրիան և Պֆալցի իշխանը ներքաշված են իսպանական ժառանգության համար մղվող պայքարի մեջ: Ուստի և, Օրիին վերստին կողմնորոշում է դեպի Եվրոպա՝ հստակ գիտակցելով, որ մերժումը կլինի պատասխանը: Այդպես էլ եղավ: Իսրայել Օրիի ծրագիրը մտավ փակուղի: Այն, ինչ կատարվեց այս ամենից հետո շարադրվել է պատմաբանների և քաղաքագետների կողմից: Աննկուն Իսրայել Օրու հետագա գործունեությունը ոչ մի արդյունք չի տալիս և ոչ միայն իր մահվան պատճառով (1711.թ): Գլխավոր պատճառն այն էր, որ նրա քաղաքական ծրագրերը չէ, որ պետք է առաջնորդեին մեծ տերություններին, որոն եթե ցանկանում էին (և ցանկանում են) քաղաքական խնդիրներ լուծել, չեն դժվարանում ծրարգրեր կազմելու մեջ: Փաստաթղթերի​և​աշխատությունների​խորն ուսումնասիրությունն այն համոզմունքն է առաջ բերում, որ 1702- 1711թթ. իր գործունեությամբ Օրին, չնայած այդ տարիների ընթացքում ձեռք բերած դիվանագիտական հմտություններին, Ռուսաստանի և Եվրոպայի հակընդդեմ քաղաքականությունների ոլորտում չկարողացավ իրականացնել իր քաղաքական նկրտումները: Երբ տապալվեց նրա «Պֆալցյան» ծրագիրը, տապալողները նրան կողմնորոշեցին դեպի Ռուսաստան, երբ Պետրոս I-ը նրան որպես դեսպանորդ առաքեց Պարսկաստան, այդ նույն Եվրոպան աշխատեց նրա առաքելության դեմ, որը նշանակում էր՝ ընդդեմ ռուսական շահերի: Չդառնալով խաղաքարտ Եվրոպական տերությունների և Ռուսաստանի ձեռքերին, վերջիններիս նկատմամբ խնդրողի դերում հանդես գալով, Օրին չանտեսեց նաև իր ժողովրդի հնարավորությունները, բայց միևնույնն է՝ նրա քաղաքական ծրագրերն իրենց վախճանը գտան այդ տերություննեի խարդավանքների մեջ: Ճշմարիտ է, որ Օրիի ծրագիրը «չէր կարող իրագործուել այն պատճառաւ ևս, որովհետև Աւստրոյ և Ռուսիոյ կայսրեր և Պֆալցի իշխանը, եթէ կարելի է այդպէս ասել, - խաղաթղթեր չէին, որ Օրին նրանցից իրենց ուզած տնակներ շինէր»: Ճշմարիտ է նաև այն, որ նա և ցավոք նաև իր հետնորդները «աւելի իրենց ազգասիրական թռիչքներով են ղեկավարվել և ընթացել, քան իրական կեանքով»: Ամփոփենք: Հայաստանի պետականության Ռուսաստանի օգնությամբ վերականգնելու Իսրայել Օրիի հայեցակետը պատմական քննություն չբռնեց, որովհետև դեռ Ռուսաստանի համար չէր հասունացել պատմական պահը՝ Անդրկովկասն Իրանից գրավելու համար: Եթե պահը հասունանար նա ինքը կմշակեր հարկ եղած ծրագիրը: Այդ ծրագիրը ավելի ուշ մշակվեց և իրականացավ (հայտնի ճշմարիտություն է) ոչ թե հայերին իսկապես օգնելու, այլ՝ օգտագործելու հայեցակարգային հիմքով: Հայաստանը ոչ թե ազատագրվեց, այլ՝ նվաճվեց: Սա է անողոք ճշմարտությունը: