Ալիևի հնարավոր քայլերը Արցախի անկումից հետո․ Վահան Վարդանյան
Արցախի դեմ իրականացված ագրեսիայից հետո իրավիճակը Անդրկովկասում շարունակում է լարված մնալ։ Թեև Արցախը արդեն փաստացի ֆիզիկապես գոյություն չունի, բայց թուրք-ադրբեջանական մեդիա դաշտը ինտենսիվորեն հող է նախապատրաստում արդեն Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար։
Թուրքիայի պետական լրատվամիջոցներից Türkiye Gazetesi-ում սեպտեմբերի 23-ին հոդված է հրատարակվել, որտեղ նշվում է, որ իրանական ստորաբաժանումները համալրումներ են կատարում Սյունիքի սահմանին, իսկ Արցախի հայկական ստորաբաժանումների մի մասը արդեն տեղակայվել է Սիսյանում։ Այս տեղեկությունների հիման վրա նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են սահմանային նոր էսկալացիաները կանխելուն։ Նույն լրատվամիջոցը հաջորդ օրը նոր հոդված է հրապարակում՝ արդեն ավելի կոնկրետ մեղադրանքներով։ Սեպտեմբերի 24-ին լույս տեսած հոդվածով արդեն նշվում է, որ Հայաստանն ու Իրանը պատրաստվում են «Զանգեզուրի» համար պատերազմի։ Տեղեկատվության համաձայն Արցախից դուրս եկած հայկական ստորաբաժանումները ուղարկվում են «Զանգեզուրի միջանցք»։ Թուրքական հետախուզության տվյալներով գլխավոր բախումները սպասվում են Զանգելան-Զանգեզուր հատվածում։
Պետական լրատվամիջոցների կողմից տարածվող նմանատիպ հայտարարությունները պարզ ցույց են տալիս, որ Թուրքիան պատրաստվում է ամեն գնով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Այն որ Արցախի կորստից հետո թուրքերի ուշադրությունը կենտրոնանալու էր Սյունիքի վրա առավել քան ակնհայտ էր։ Թուրքերը հիմա ինչ որ առումով շտապում են օգտվել Հայաստանի թուլացած վիճակից և փորձում են սկսած ագրեսիան ավարտին հասցնել։
Ոչ պակաս մեծ ինտենսիվությամբ պատերազմին են նախապատրաստվում նաև Ադրբեջանում։ Արդեն երկար ժամանակ հայտնի է Ադրբեջանի կողմից ստեղծված այսպես կոչված «Զանգեզուրի թուրքական հանրապետության» մասին։ Այս կեղծ պետության քարտեզը ներառում է Հայաստանի Հանրապետության արևելյան հատվածը՝ Տավուշից մինչև Մեղրի։ Բացի այդ Ադրբեջանում ավելի մեծ ինտենսիվությամբ հանձնաժողովներ են կազմվում, որոնք քննում են Հայաստանում ժամանակին բնակված ադրբեջանական բնակչության հետ վերադարձի հարցերը։ Կազմվում են «փախստականների» ցուցակներ, հաշվում են Հայաստանից արտագաղթելու ժամանակ նրանց հասցված նյութական վնասի չափը ու որոշվում թե Հայաստանի որ բնակավայրեր պետք է «հետ վերադառնան» ադրբեջանցի «փախստականները»։
Բացի վերը նշվածից պատերազմի նախապատրաստության մասին վկայող իրադարձություն տեղի ունեցավ երեկ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանեց Նախիջևան՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։ Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը իհարկե Զանգեզուրի միջանցքի հարցն է, բայց այս հանդիպման հետաքրքրությունը կայանում է նրանում, որ ոչ թե Ալիևն է ժամանում Էրդողանի մոտ, ով ավելի բարձր կարգավիճակ ունի, այլ Էրդողանն է ժամանում Ալիևի մոտ՝ ընդ որում ոչ թե մայրաքաղաք Բաքու, այլ Ադրբեջանի հեռավոր մարզ։ Սա վկայում է այն մասին, որ սպասվող ռազմական գործողություններում Նախիջևանը կարևոր դեր է խաղալու այն աստիճան, որ Թուրքիայի նախագահը անձամբ է գալիս իրավիճակին տեղում ծանոթանալու համար։
Ռազմական գործողությունների սկսվելու դեպքում օրակարգում առկա են հարձակման հնարավոր երեք ուղղություններ։ Առաջինը՝ Մեղրի-Օրդուբադ ուղղությունն է, երկրորդը՝ Գորիս-Սիսիանով դեպի Շահբուզ, երրորդը՝ Ջերմուկ-Երասխով դեպի Սադարակ։ Հնարավոր է միաժամանակյա հարձակում բոլոր ուղղություններով, հնարավոր է նաև ռազմական գործողությունները այլ ձևով և ուղղություններով ընթանան։ Պետք է հաշվի առնենք, որ թուրքերը ռազմավարական հեռանկարներում պլանավորում են նաև Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի գրավումը, իսկ էլ ավելի հեռուն գնացող նպատակներով նախատեսում են ամբողջ Հայաստանի ոչնչացումը։ Ըստ այդմ Սյունիքի շուրջ տեղեկատվական մեծ արշավ սկսելով թուրքերը հնարավոր է նաև խառնաշփոթ են ստեղծում, որպեսզի ռազմական գործողությունների ուղղությունը անսպասելի հատվածից սկսեն։ Բացառված չեն նաև ահաբեկչական գործողությունները Հայաստանի ներսում։
Այս պարագայում թշնամու համար խիստ ձեռնտու է Հայաստանում շարունակվող ներքաղաքական անկայունությունը, որը խորանալու դեպքում զրկելու է մեզ դիմակայելու հնարավորությունից։
Ստեղծված իրավիճակում խիստ անորոշ է այլ երկրների միջամտության հարցը և միջամտության մակարդակը։ Այսօրվա դրությամբ թուրքական ագրեսիայի դեմ ամենահավանական դիմակայությունը ենթադրվում է, որ Իրանի կողմից է իրականացվելու։ Իրանի պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ թույլ չեն տա և հիմա Իրանի հյուսիսային սահմանում զորքերի ուժեղացված խմբավորում է տեղակայված։ Բայց արդյո՞ք ռազմական գործողությունների դեպքում Իրանը կոչերից կանցնի կոնկրետ գործողությունների հնարավոր չէ ասել։
Նույնը վերաբերվում է մնացած խաղացողներին։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ հավաքական Արևմուտքը ինչ-ինչ լծակներ ունեն իրավիճակի վրա ազդելու համար, բայց Քառասունչորս օրյա պատերազմը, Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանային որոշ հատվածների գրավումը և Արցախում իրականացված ցեղասպանությունը հավատ չեն ներշնչում, որ գերտերությունները կոնկրետ գործողություններ կձեռնարկեն։
Այսօրվա դրությամբ հնարավոր չէ ասել Հայաստանի դեմ նոր ագրեսիան երբ կսկսվի, բայց մի բան հաստատ է, մենք հույսը պետք է ամբողջությամբ մեզ վրա դնենք, փորձենք համախմբվել, ամբողջ պետական համակարգը մոբիլիզացնենք անվտանգության կարիքների բավարարման համար և դիմակայենք ընդհանուր թշնամուն։
Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող