«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուրեմն, քննադատող միտք ունենանք, սիրելինե՛ր, և ոչ թե քննադատող սիրտ. Մեսրոպ վարդապետ Պարսամյան

31/08/2020

Քննադատությունը բազում տեսակներ և պատճառներ ունի։ Որոշ քննադատություններ հաճախ կոչում ենք «կառուցողական», երբ դրանց նպատակը մարդկանց բարիքի համար է և արվում է սրտացավությունից մղված։ Ես շնորհակալ եմ իմ կյանքում արված բոլոր կառուցողական քննադատությունների համար։ Տարիների ընթացքում սովորել եմ դրանք ընդունել՝ որպես սրտացավ մարդկանց կողմից արված արժեքավոր խորհուրդներ։ Սակայն քննադատություններ էլ կան, որոնք ծնունդ են նախանձի, չարակամության, ագահության և բարկության։ Երբ մեկը որևէ հաջողության է հասնում, ամեն գնով ցանկանում ենք նրա հեղինակությունը գետնին հավասարեցնել բամբասանքներով և զրպարտություններով։ Երբ հաջողության հասած մեկը որևէ սխալ է թույլ տալիս, անմիջապես վերցնում ենք դատավորի մուրճը և դատավճիռ կայացնում։

Տեր Հիսուս Քրիստոս մի առիթով ասում է. «Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք»: (Մատթեոս 7:1-2)

Եթե մեր քննադատությունը դիմացինի հանդեպ սրտացավությունից չէ և չի ծառայում նրա բարիքին, ապա այն հեշտությամբ վերածվում է բամբասանքի, զրպարտության, և դատաստանի։ Ուրեմն, քննադատող միտք ունենանք, սիրելինե՛ր, և ոչ թե քննադատող սիրտ, այլապես մի օր մենք ևս կդատվենք այն դատաստանով, որով դատում ենք։