«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գրանադա․ ով ինչ խնդիր է փորձում լուծել․ Աշոտ Ներսիսյան

05/10/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Վերջին օրերին ակտիվ քննարկման առարկա դարձած Իսպանիայի Գրանադա քաղաքում հոկտեմբերի 5-ին կայանալիք հնգակողմ հանդիպմանը Ալիևի հանկարծ չմասնակցելու որոշումը սառը ջուր լցրեց այն ոգևորության վրա, որ դրա հետ կապված ունեին Արևմուտքը և, թերևս, ՀՀ իշխանությունները: Ենթադրելի է, որ այնտեղ նախատեսվում էր հայ - ադրբեջանական փաստաթղթի ստորագրություն, որը լիարժեքորեն ձեռք էր տալիս Արևմուտքին, և որը դրանից հետո կսկսեր ռուսներին մեր տարածաշրջանից լիարժեքորեն դուրս մղելու գործընթացը: Որ փաստաթուղթ է նախատեսված եղել ստորագրելու, խորհրդարանում հայտարարեց նաև վարչապետը, իսկ դրա հիմքում ընկած էին լինելու Ալմա-Աթիի հռչակագրով տարածքային ամբողջականությունների ճանաչումը 1975թ. քարտեզների հիման վրա: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ալիևը հրաժարվել է մասնակցել երկու պատճառով` Էրդողանի չմասնակցության և Ֆրանսիայի մասնակցության: Առաջինը նշանակում է, որ չնայած Արցախի հայաթափմանը հաջորդած հայտարարություններին, Ադրբեջանը և Թուրքիան դեռևս Հայաստանի հետ ունեն չավարտված խնդիրներ և մտադրություն անգամ չունեն հարգելու մեր սահմանները թեկուզ Ալմա-Աթիի հռչակագրի հիմամբ, երկրորդը, որ Ֆրանսիան իր արտգործնախարար Կոլլոնայի միջոցով վստահեցրեց, որ Հայաստանի հետ լինելու է ռազմատեխնիկական համաձայնություն, որը առիթ է Ադրբեջանի համար` ձգձգելու պայմանավորվածությունները և Հայաստանին մեղադրելու Ադրբեջանի հանդեպ նոր հավակնությունների մեջ, որը չի բացառում այդ առիթով մի նոր ռազմական գործողությունը Հայաստանի նկատմամբ: Ակնհայտ է արդեն, որ Ֆրանսիան այստեղ իր համար խնդիրներ է փորձում լուծել, հընթացս հակառուսական ներշնչումների, որոնցում նրա կողմից է ողջ հավաքական Արևմուտքը, բայց տնտեսական շահերի առումով Ֆրանսիայի, ավելի քողարկված գործող Միացյալ թագավորության և ԱՄՆ -ի միջև չեն կարող չլինել հակասություններ: Ֆրանսիայի նման ձգտումներին չի կարող դեմ չլինել նաև Թուրքիան, որը լինելով ՆԱՏՕ -ի անդամ պետություն, չի ցանկանա տեսնել իր հետ նույն ռազմական կազմակերպության մեջ գտնվող մեկ այլ երկրի այս տարածաշրջանում առավել հիմնավորումը: Այս բոլորի հետնախորքի վրա բավական բարդ է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումը: Վերջինս վերջին ցավալի իրադարձությունների ողջ մեղքը գցում է ԵՄ-ի վրա, Արևմուտքն էլ` իր: Իրականում մի բան ակնհայտ է, որ մենք նուրբ չենք խաղում ռուսների հետ,որի հետ կնքած եռակողմ համաձայնագիրը փաստորեն ձախողեց Արևմուտքը, դրա արդյունքում դատարկվեց Արցախը, իսկ ՄԱԿ-ի դիտոդական առաքելության այցը Արցախ և հայտարարությունը փաստորեն հիասթափեցրեց նույնիսկ մեր արտգործնախարարին: Հայերի համեմատ շատ նուրբ խաղաց Ադրբեջանը, որին լրիվ ձեռնտու էր նոյեմբերյան համաձայնագրի դուրս մղումը: Ռուսներն ստեղծված պարագայում մեր կողմին հիշեցնում են, որ դեպի Արևմուտք թեքվելը մեզ համար ծանր հետևանքներ կարող է ունենալ, բայց մենք արդեն նրանց առհասարակ չենք լսում: Այնպիսի իրավիճակ է, որ մեր իշխանությունները իրենք էլ թերահավատորեն են մոտենում Արևմուտքին, բայց մյուս կողմից էլ` քայլ առ քայլ փորձում են կտրել կապը ռուսներից: Իսկ վերջիններս երբեք չեն հանդուրժի որևէ փաստաթղթի ստորագրությունը հայերի և ադրբեջանցիների միջև: Այստեղից էլ`ամենևին չենք բացառում ռուսական մութ ձեռքի աշխատանքն Ալիևի չմեկնելու համար: Իսկ Փաշինյանը կմեկնի Գրանադա, որտեղ նրան առավել, քան նախկինում կներշնչեն ռուսներից հեռանալու անհրաժեշտությունը: Իսկ ռուսները չեն գնա: Ավելին, Զախարովան հայտարարեց, որ շատ արցախցիներ ցանկանում են վերադառնալ:Դա պատահական հայտարարություն չէր: Ռուսները կուզենան արցախցիների վերադարձ, որովհետև դրանով նրանք դեռևս խաղապահներին պահելու հիմքերը ավելի կամրապնդեն: Մենք մնում ենք այն համոզմունքին, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը դեռ շատ կձգվի, այնքան, քանի դեռ թշնամի են ռուսներն ու արևմտյան տերությունները: Իսկ մինչև այդ դժվար թե մեր նպատակին հասնենք անկեղծ բարեկամ կամ դաշնակից ձեռք բերելու առումով: Դժվար է պնդել` միամիտ ենք, չենք հասկանում, թե երախտապարտ ենք ուժերի, որոնց պարտական ենք կառավարման լծակներին տիրելու համար: