«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ահաբեկիչներ Երևանում և պատերազմի նոր հավանականություն. Արայիկ Մկրտումյան

03/11/2023

Իրադրությունը շարունակում է լարված մնալ բոլոր առումներով: Վերջին մեկ շաբաթում կրկին սրվել են Սյունիքի մասին խոսակցությունները: Մի կողմից չարագուշակ կանխատեսումներ են արվում հայ-ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսման, մյուս կողմից՝ տարբեր երկրներ հայտարարում են ՀՀ տարածքի անձեռնամխելիության մասին: Կարելի է ասել, որ տարածաշրջանով հետաքրքրված պետությունները նախ իրար տրամադրություն են շոշափում՝ տարբեր մակարդակի դեմարշներ իրականացնելով: Ֆրանսիան նկատելիորեն ուժեղացրել է Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու քաղաքականությունը և մյուս կողմից էլ ձգտում է հիմնավորվել միջին Ասիայում: Ֆրանսիան ցանկանում է փոխհատուցել Նիգերի ու այնտեղից ստացվող ուրանի պակասորդը: Միջին Ասիայում ուրանի մեծ պաշարներ կան ու Փարիզը չի կարող հանգիստ նստել իր տեղում, քանի որ Նիգերի կորուստը նրան մոտ 40 տոկոսով ուրանի դեֆիցիտի առաջ է կանգնեցրել: Ուրանը Ֆրանսիային էներգետիկ անկախության հիմնական սյուներից է, որը թույլ է տալիս դուրս մնալ նավթի ու գազի կախվածությունից: Հասկանալի է, որ Ֆրանսիան հենց այնպես չի կարող գնալ Միջին Ասիա և ուրան բերել: Ճանապարհին բազում արգելքներ կան և սակավ հենակետեր: Հարավային Կովկասը կարող է Ֆրանսիայի համար կարևոր խաղաքարտ դառնալ կամ էլ վերածվել մոդերատորական կենտրոնի, որին տիրելով Փարիզը կկարողանա ձեռնտու պայմաններով այն «վարձով տալ» ուրիշներին:

ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ նոր աշխարհակարգ է անհրաժեշտ, քանի որ հինը չի աշխատում: Նա նշել է, որ երկրորդ համաշխարհայինից հետո ստեղծված աշխարհակարգը այլևս անպիտան է, որ մարդկությունը նոր ուղի ու կարգ ու կանոն է փնտրում: Այս հայտարարությունը բավական մտահոգիչ է: Այն կարծես դատավորի սուլիչ լինի, որով բոլորին թույլ է տրվում դուրս գալ կանոններից և առաջին հերթին հենց իրեն՝ ԱՄՆ-ին քարտ բլանշ է տալիս ցանկացած գործողության համար: Ռուսաստանն այսօր այլևս չի կարող տանել այն դերը, որն ուներ 1950-ականներին և նրա փոխարինող Չինաստանը դեռևս պատրաստ չէ 2-րդ համարով խաղալու, բայց Ռուսաստանին փոխարինող է պետք: Միաժամանակ այլևս հնարավոր չէ չնկատել Հնդկաստանի ու Իրանի դերը: Այս երկուսը գուցե և համաշխարհային այնպիսի հավակնություններ չունեն, ինչպես ԱՄՆ-ը կամ ՌԴ-ը, բայց նրանք տարածաշրջանների այնպիսի լուրջ հավասարակշռողներ են, որ կարող են իրենց ընտրությամբ բազմաթիվ կարևորագույն հարցերում բեկումնային արդյունքների հասնել: Ընդհանուր առմամբ՝ քաոսը դեռևս շարունակում է ուժգնանալ: Որևէ հանդարտեցման, կարծում եմ, սպասել պետք չէ: Եթե սրանից մեկ-երկու ամիս առաջ հիմնականում այն կարծիքն էր գերիշխում, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից ու ավարտից է կախված, թե ինչ կլինի հետագայում, հիմա դրան գումարվել է՝ արաբա-իսրայելականը: Ինչպես կարելի է կարծել, նոր ճակատներ միայն ավելանալու են, եղածները՝ թեժանալու: Իրավիճակը շատ նման է 1914թ. նախօրեին, երբ գրեթե բոլոր պետությունները բավական լցված էին մեկը մյուսի նկատմամբ, բոլորն ինչ որ կիսատ հարցեր ունեին և նաև ծագում էին փոքր պատերազմներ, որ հետո սպառնում էր հրդեհել մի ողջ երկրամաս:

Որքան էլ, որ ցավալի է, այդ գործող ճակատներից մեկը մեր տարածաշրջանն է: Հարավային Կովկասը շարունակում է մնալ շահարկումների մի մեծ հնարավորություն: Արցախի հարցը շուրջ 30 տարի իրար փոխանցած ուժերը հիմա ավելի մեծ խաղադրույքներ են անում «միջանց» և »ՀՀ ինքնիշխանություն թեմայով»: Ընդ որում բոլորն էլ լուռ ընդունում են, որ Ադրբեջանի կողմից ՀՀ-ին լուրջ վտանգ է սպառնում, ծայրահեղ լուրջ և չհիմնավորված սպառնալիք, բայց դեռևս ինչ որ բան խանգարում է դնչկալ հագցնել և խաղաղեցնել արյան համից գազազած ադրբեջանցիներին:

Միևնույն ժամանակ երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում, որ ՀՀ տարածքում կանխվել է անահբեկչական խմբի գործունեություն, ձերբակալվել են խմբի անդամներ, առգրավվել է զենք ու զինամթերք, շարունակվում են խմբի հետ կապ ունեցող այլ անդամների հայտնաբերումը: Ընդ որում նշվում է, որ այդ խմբի գործունեությունը լուրջ հանրային վտանգ է պարունակել և նախատեսել են պետական կարևոր նշանակության շենքեր գրավել, ունեցել են թիրախավորված անձ և այլն: Այս ամենին կարճ ասում են ռազմական հեղաշրջման փորձ, որովհետև Հայաստանում միակ բանը, որ կարող են պահանջել ահաբեկիչները՝ իշխանությունն է: Հայաստանում պարզապես անհնար է ուղղակի շենք գրավել, փող և ուղղաթիռ պահանջել, որովհետև նախ այդքան փող չկա և երկրորդն էլ՝ գնալու տեղ: Այնպես ոչ վստահությամբ կարող ենք ասել, որև եթե ԱԱԾ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա ահաբեկիչները ցանկացել են իշխանություն գրավել: Բայց այստեղ ուրիշ հարց է ծագում: Ի՞նչ նպատակ ունեին նրանք: Ի՞նչ էին անելու նրանք: Ու ընդհանրապես ի՞նչ կարող են անել, մանավանդ մի այսպիսի իրավիճակու, երբ ողջ աշխարհը կանգնած է տանջալի անհայտության քաոսի առաջ: Նրանք ինքնագործունեութա՞մբ են զբաղել՝ ցանկանալով ռեժիմի փոփոխությամբ հասնել «փրկության», նրանց հովանավորել են ինչ որ խմբե՞ր, ցանկանալով պղտոր ջրում ձուկ որսալ և այն թանկ գնով վերավաճառել, թե այդ ամենի հետևում ինչ որ ավելի մեծ ու հստակ ուժ է կանգնած: «Հյուսիսային տերևաթափ» անվանումը ակամայից մարդկանց ստիպում է մտածել Ռուսաստանի մասին, մանավանդ, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները չեն փայլում ևռուսները մեկ անգամ չէ, որ գրեթե սպառնալիքի տոնով հայտարարել են, որ Հայաստանի համար «լավ չի լինելու», եթե հայերը շարունակեն իրենց արևմտամետ գործունեությունը: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում հեղաշրջման դեպքում միանգամից փուլ են գալու բոլոր արտաքին ծրագրերը և նոր իշխանությունները ցանկանալու են ամեն գնով լեգիտիմացվել աշխարհի աչքում: Լեգիտիմության վկայական բաժանողներից մեկը հայերի դեպքում Ռուսաստանն է: Մի՞թե այդ ամենն արվելու էր Մեղրիի միջանցքը տալու համար: Շատ են եղել խոսակցություններն առ այն, որ Հայաստանում եթե նոր իշխանություն ձևավորվի, ապա նրանք կհայտարարեն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այնպես են փչացրել ամեն ինչ, որ այլևս հնարավոր չէ որևէ բան փոխել, պետք է համակերպվել եղածի հետ, տալ միջանցքը և այլն: Դատելով այն բանից, որ Լեմկինի ինստիտուտը հայտարարել էր վտանգի ամենաբարձր՝ կարմիր դրոշի նշան, չի բացառվում, որ Բաքուն հարձակվեր հեղաշրջման հաջող ընաթցքի դեպքում, թեև Բաքվի գործողություններն ու երեկվա դեպքերը կարող են ընդհանրապես կապ չունենալ մեկը մյուսի հետ: Պարզապես համընկնումներն են շատ: Իհարկե սա չի նշանակում, որ ադրբեջանցիները այլևս չեն հարձակվելու և ամեն ինչ վերջացավ: Ամեն ինչ կարող է պայթել ցանկացած պահի, քանի որ ոչ միայն տարածաշրջանը, այլև ողջ աշխարհն է քաոսի մեջ:

Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, հասարակության վրա թեկուզ և չնչին ազդեցություն ունեցող բոլոր անհատներն ու խմբերը պետական լրջության կարիք ունեն: Բոլորն են պարտավոր այս պահին մի կողմ դնել բացարձակապես ամեն ինչ, որովհետև սա այլևս քաղաքական պայքար չէ: Սա կենաց ու մահու կռիվ է հանուն Հայաստանի Հանրապետության, ավելի բարձր ու կարևոր, քան ցակացած խմբային շահ ու ցանկություն:

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող