«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը կփորձի կանխել նոր պատերազմը, բայց Հայաստան զորք չի մտցնի․ իրանագետ

12/09/2023

Իրանի ազգային անվտանգության հայեցակարգում նշված է, որ Իրանը բոլոր 15 հարևանների հետ պիտի ունենա բարիդրացիական հաարաբերություններ, հետևաբար մեկի օգտին, մյուսի հաշվին մյուսի հետ թշնամանալը դեմ է իրենց ազգային անվտանգության հայեցակարգին։ Այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասաց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը, մեկնաբանելով  Իրանի ԱԳՆ-ի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի հետ հավանական պատերազմի դեպքում Իրանի զորքերը Հայաստան չեն մտնելու և դա անհիմն լուրեր են։

 

«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը Հայաստան զորք չի մտցնելու։ Դիվանագիտության մեջ իրանը կփորձի իր բոլոր ջանքերը գործադրել և պատերազմը չեղարկի, եթե լինի պատերազմի պոտենցիալ վտանգ, հակառակ դեպքում, եթե մենք հաշվի առնենք, որ Ադրբեջանը միևնույն ժամանակ փորձելու է ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, եթե փորձենք կանխագուշակել Իրանի քայլերը, ապա Իրանը ոչ թե Հայաստան կմտնի, սրա մասին գոնե 2-3 տարի է հայտարարում ենք, այլ Իրանը տարածաշրջանում կկանխարգելի Իսրայելական, ամերիկյան ահաբեկչական գործողությունները»,- ասաց Իրանագետը։

Նրա խոսքով, հենց դրա համար վերջին շրջանում Փաշինյանի ոչ բարիդրացիական բնույթ ունեցող հայտարարություններից հետո նկատելի էր, որ Իրանական կողմն այլևս չխոսեց Հայաստանի սահմանները որպես կարմիր գծեր և խոսույթը փոխելով հայտարարեց, որ ինքը մտահոգված է իր սահմաններին տեղակայված են ահաբեկչական խմբավորումներ ու եթե հարկ լինի,ինքը նույնպես կմտնի և կստեղծի բուֆեր։

«Դա Իրանի մեր կողմից ենթադրյալ քայլը կարող է լինել, որը կամ Նախիջևանի տարածք է մտնելու կամ Արցախի հարավային գրավյալ տարածքներ, որտեղ ահաբեկչական խմբավարումների առկայությունը շահագործելով մուտք ունենա տարածաշրջան և կանխի հավանական միջանցքի ճեղքումը։ Սա կարող ենք ասել որ կլինի Իրանի հավանական քայլը, բայց ենթադրել, որ Իրանը պետք է Հայաստան զորք մտցնի ու պատերազմի Ադրբեջանի դեմ, դա այն քաղաքական միֆն է, որ իշխանությունը կամ իր մերձավոր շրջապատը փորձում են տարածել»,- ասաց Հարութ Արթին Առաքելյանը։