«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ժողովրդավարական ընտրություններ թե՞ ընտրական ավտորիտարիզմ. Վահան Վարդանյան

17/10/2023

Արցախի ցավալի կորուստն ու վերջին օրերին Իսրայելում սկսված ռազմական գործողությունները ամբողջությամբ զբաղեցրել են Հայաստանի մեդիադաշտը։ Այս իրադարձությունների ֆոնին հետին պլան մղվեց վերջերս Հայաստանում տեղի ունեցած մի կարևոր իրադարձություն, որը սակայն Հայաստանի համակարգային ամենամեծ խնդիրներից մեկի մասն է կազմում։ Խոսքը գնում է Երևանի քաղաքապետի ընտրությունների մասին։ Կոնկրետ քաղաքապետի ընտրություններին մանրամասն անդրադառնալու կարիք չկա, այնտեղ ոչ մի անկանխատեսելի բան տեղի չունեցավ, բայց ընտրական համակարգը Հայաստանում ամենաշահարկված ու միևնույն ժամանակ գրեթե չուսումնասիրված ոլորտներից մեկն է։ Ընտրական համակարգի ազդեցությունը տեսանելի չէ, բայց շատ մեծ է երկրի թուլացման հարցում։

Ընդհանրապես գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ ընտրությունների համակարգը Հայաստանում ընդհանուր առմամբ գրեթ կայացած չէ։ Ժողովրդի վստահությունը խաթարված է, ընտրախախտումներն ու վարչական ռեսուրսի օգտագործումը համատարած, ատելության կոչերն ու հասարակության բևեռացման փորձերը պարբերական բնույթ են կրում։ Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում օրվա իշխանությունների կողմից ընտրություններն օգտագործվել են բացառապես իրենց իշխանության «օրինականությունը» հիմնավորելու և հակառակորդներին ճնշելու համար։ Ընտրությունները Հայաստանում երբեք քաղաքական ճգնաժամերի հաղթահարման միջոց չեն եղել, ընդհակառակը՝ ընտրությունների արդյունքում քաղաքական ճգնաժամերը միայն խորացել են, իսկ հատկապես վերջին տարիներին ավելացել է նաև ժողովրդի տոտալ անտարբերությունն ու հիասթափությունը՝ չաշխատող համակարգի պատճառով։

Այս ամենի պատճառը նաև այն է, որ Հայաստանի անկախության ողջ շրջանում երկիրը կառավարվել է այսպես կոչված ընտրական ավտորիտարիզմի սկզբունքով։ Այս սկզբունքը նոր չէ միջազգային ասպարեզում, ինչպես գիտենք շատ ավտորիտար համակարգեր են օգտագործում ժողովրդական ընտրությունները՝ իրենց լեգիտիմությունը հիմնավորելու համար։ Ընտրական ավտորիտարիզմի մեխանիզմը թերևս լավագույն կերպով ձևակերպվել է Անդրեաս Շեդլերի կողմից։ Համաձայն վերջինիս՝ հիմնական մեխանիզմները, որոնց շնորհիվ ավտորիտար համակարգերը ապահովում են իրենց հաղթանակը ընտրություններում, հետևյալ սկզբունքները պետք է ենթադրեն՝

Բոլոր որոշակիորեն մրցունակ հակառակորդների վերացում՝ քաղաքական ճնշումների կամ «օրինական» սահմանափակումների միջոցով։

Արտաքին վերահսկողություն ընդդիմության նկատմամբ, որի արդյունքում այն առաջադրում է միայն թույլ և իշխանության չհավակնող թեկնածուների։

Հանրային լրատվամիջոցների նկատմամբ մենաշնորհի հաստատում, որը թույլ չի տալիս ընդդիմությանը՝ իր գաղափարները փոխանցել ժողովրդին։

Ընտրողների նկատմամբ վարչական կամ տնտեսական հարկադրանք՝ քվեարկելու գործող իշխանությունը ներկայացնող թեկնածուների և նրան սատարող կուսակցությունների օգտին։

Ընտրական համակարգի նկատմամբ իրականացվող մանիպուլյացիաներ։

Ընտրությունների արդյունքների բացահայտ կեղծում։

Ըստ Շեդլերի ընտրական ավտորիտարիզմը ըստ էության ավտորիտար համակարգի նոր դրսևորում է, ընդ որում, ավտորիտար համակարգը իր իշխանությունը ամրապնդելու համար ընտրությունների կարիք չունի, բայց այն ընդօրինակում է ժողովրդավարական ընտրությունները՝ առավելապես արտաքին լսարանի առաջ համեմատաբար լավ պատկեր ստեղծելու համար։

Այս խնդիրը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև շատ այլ պետությունների։ Այստեղ, իհարկե, կարելի է արդարացիորեն մատնանշել, որ շատ երկրներում ավտորիտար վարչակարգերը կարողացել են որոշակի կայունություն հաստատել և զարգացման ուղի բռնել՝ հենց թեկուզ Ադրբեջանում, բայց այս դեպքում պետք է հաշվի առնենք նաև էթնոմտածողության հարցը։ Նույն Ադրբեջաննը իրենից ներկայացնում է ուղղահայաց կառավարման համակարգ։ Այնտեղ առկա է հստակ հիերարխիա, ավելի կոնկրետ գործում է «տեր ու ծառա» սկզբունքը, բոլորը գիտեն իրենց տեղը և յուրաքանչյուրը ենթարկվում է դասակարգով ավելի բարձրին։ Հայաստանը, թեև վերջին հարյուրամյակներում մեծապես ենթարկվել է ուղղահայաց կառավարման համակարգի ազդեցությանը և այսօր դա արտահայտվում է նրա տարբեր ոլորտներում, բայց փաստացի Հայաստանում այդ համակարգը չի աշխատում։ Հայ հասարակությունը հատկապես վերջին հարյուր հիսուն տարիների ընթացքում իրենից ներկայացնում է որպես հեղափոխական տրամադրություններով հասարակություն, այն պարբերաբար ըմբոստություններ է կազմակերպում։ Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում, ոչ մի իշխանություն չի կարողացել երկրում կայունություն հաստատել, որովհետև այն գործել է ուղղահայաց ավտորիտար սկզբունքով, իսկ հասարակությունը իր էթնոմշակութային մտածողությամբ ավելի շատ հակված է դեպի հորիզոնական (առանց ընդգծված հիերարխիկ շերտավորման) կառավարում։

Պետք է արձանագրենք, որ ընտրական ավտորիտարիզմը Հայաստանում ոչ միայն կայունություն չի հաստատում, այլև խաթարում է երկրի հիմքերը։ Հայ հասարակությունը նման չի ո՛չ արևմտյան, ո՛չ էլ արևելյան հասարակություններին, որովհետև մենք մշտապես գտնվել ենք երկու քաղաքակրթությունների խաչմերուկում։ Ստեղծված իրավիճակում սա ավելի շատ թերություն է, քան թե առավելություն, բայց ունենք այն, ինչ ունենք։ Հայ հասարակությունը ֆրանսիական հասարակության օրինակով պետք է պարբերաբար ըմբոստանա և տեսնի իր ըմբոստության հետևանքով առաջացած դրական հետևանքները, սա հորիզոնական կառավարման համակարգին բնորոշ վարքագիծ է։ Միևնույն ժամանակ մենք հակված ենք բացառիկ դարձնել մեզ ցանկալի անհատներին (օրինակ 2018-2020 թվականներին), սա էլ իր հերթին ուղղահայաց կառավարման համակարգին բնորոշ վարքագիծ է։

Բոլոր դեպքերում Հայաստանում հաստատված ներկա համակարգը չի գործում։ Սա պետական մակարդակի խնդիր է և առանց արմատական բարեփոխումների Հայաստանը կշարունակի թուլանալ՝ ընդհուպ մինչև լուրջ վնասաբերությանը պետության գոյությանը։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող