«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիական զենքի ռազմական ու քաղաքական կրակոցները. Արայիկ Մկրտումյան

23/10/2023

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպում  է ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ; Դեռ մինչև այդ հանդիպումն էլ Ֆրանսիայի ՊՆ Սեբեաստիեն Լըքորնուն հայտարարել էր, որ նախատեսվում է ռազմատնտեսական համաձայնագիր կնքել, որը հնարավորություն կտա Հայաստանին Ֆրանսիայի որոշ արտադրողներից զենք գնել: Դեռևս ոչ մի հստակ թիվ ու անուն չի նշվում, բայց, բաց աղբյուրների հավաստմամբ խոսքը գնում է հակաօդային միջոցների մասին:

Այս այցը իհարկե բավական կարևոր նշանակություն ունի, քանի որ բացի ռազմականից, այն նաև քաղաքական քայլ է, որով Ֆրանսիան ու Հայաստանը իրենց ակնարկներն են ուղարկում համապատասխան կողմերին: Ֆրանսիայի ՊՆ-ի խոսքերով Ֆրանսիան չի կարող ռազմական միջամտություն խոստանալ ու պաշտպանել ՀՀ տարածքը, բայց Ֆրանսիան պատրաստ է զենք տրամադրել, որովհետև կարևոր է հայերին հնարավորություն տալ պաշտպանելու սեփական տարածքը: Միաժամանակ հաղորդվում է, որ ֆրանսիացիներն ուսումնասիրում են հայկական ռազմական պաշտպանական համակարգը:

Ասել կուզի Ֆրանսիան բավական անկեղծ տոնով ասում է, որ իր բանակը չի կարող գալու կռվել հայերի համար, բայց եթե հայերը ցանկանում են կռվել, ապա Ֆրանսիան պատրաստ է աջակցել՝ առայժմ դիվանագիտությամբ և որոշ զինատեսակներով: Պիտի խոստովանանք, որ վատ չէ, հաշվի առնելով, թե ինչ սեղմված վիճակում է գտնվում ՀՀ-ը հիմա:

Այս պահին ամենակարևոր հարցերից են, թե ինչ քանակի ու տեսակի մասին է գնում խոսքը: Այդ վաճառվող զինատեսակը ի վիճակի՞ է լինելու ապահովել իր առջև դրված խնդիրը, թե այդ զենքի հիմնական կրացոցները դիվանագիտական են և ուղղված են առավելապես ռուս-իրանական կողմին: Բացի դրանից հարկավոր է ճիշտ գնահատել Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության այս հնարավորությունը և ո՛չ գերագնահատել և ո՛չ էլ թերագնահատել այն: Անհրաժեշտ է տեղեկատվական քարոզչական սկզբունքերից հանել մաքսիմալիզմը և ֆրանսիական ռազմական համագործակցության այս առաջին փուլը չդարձնել մի այնպիսի առասպել, ինչպես եղավ ռուսական Իսկանդեր բալիստիկ հրթիռային համակարգերի պարագայում, երբ մարդկանց հավատացրին, որ Իսկանդերի մեկ կրակոցով կարելի է ամեն տեսակ հարց լուծել և արդյունքում Իսկանդերն ընկալվեց որպես քաղաքական զենք, այլ ոչ թե ռազմական: 44-օրյայի ժամանակ մենք տեսանք, որ Իսկանդերը չի կարող պատերազմ ավարտել և պետք չէր այն քարոզել որպես սուպերհրթիռ: Ուկրաինական ճակատում ևս Իսկանդերը ոչ մի հրաշք չգործեց, այնպես, որ հիմա, երբ խոսում ենք ֆրանսիական հակաօդային պաշտպանության համար նախատեսված զինատեսակների մասին, չպետք է թույլ տանք, որ դրանք ընկալվեն որպես փրկության միջոցներ, քանի որ բանակային պաշտպանական համակարգը բազմաշերտ երևույթ է և չի կարող միայն մի զինատեսակի որոշ քանակությունը լուծի հայեցակարգային այն բացերը, որը մենք ունենք: Ընդ որում պետք է հուսալ, որ ֆրանսիական զինատեսակները կմատակարարվեն անհրաժեշտ քանակով և չեն ունենա խորհրդանշական բնույթ, այլ հնարավորություն կտան ապահովելու պաշտպանական նվազագույն անհրաժեշտությունը:

Հետաքրքիր է նաև այն, թե ի՞նչ ճանապարհներով է այդ զենքը հասնելու Հայաստան: Ո՞ր երկրների տարածքով է այն անցնելու և ի՞նչ վերաբերմունք ցույց կտան ոչ միայն Անկարան ու Բաքուն, այլև Մոսկվան ու Թեհրանը: Վերջիններս բազմիցս հայտարարել են, որ երրորդ կողմի ներկայությունն այստեղ ցանկալի չէ: Եթե ֆրանսիական զենքը սկսի հարց լուծել, արդյո՞ք դա կընկալվի որպես երրորդ կողմի ներկայության ուղիղ նշան: Այս առումով Մոսկվան հավանաբար կես-վիրավորված և կես-զայրացած տոնով որևէ բանաձևում կտա առ այն, որ հայերը իրենց գլխից մեծ գործեր են բռնել: Մնում է, որ մոսկովյան խանդը չափից ավելի անադեկվատ չլինի:

Միաժամանակ պետք չէ նաև թերագնահատել այս հանդիպումն ու դրանից բխող հետևանքները, քանի որ կարևոր է ոչ միայն կոնկրետ զենքը, այլև այն, որ ի վերջո Հայաստանը կարողանա դուրս գալ միայն ռուսական մթնոլորտից և հնարավորություն ունենա խնդրանքներից բացի նաև համագործակցային ձևաչափով հանդես գա: Ընդ որում ոչ միայն Ֆրանսիայի, այլև բոլոր այն երկրների հետ, որոնք կարող են նպաստել հայկական բանակի հայեցակարգի պրակտիկորեն կատարմանն ու կայացմանը:

Բացի վերը նշված հարցերից անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ևս մի բանի վրա՝ բացի նրանից, որ հարց է առաջանում, թե այս զենքն ավելի շատ ռազմական թե քաղաքական նշանակություն ունի, կա նաև դրա ևս մեկ կողմը: Ցանկացած զենք ունի իր շահագործման հստակ պայմաններն ու հմտությունները:Այսինքն միայն զենքն ունենալը բավական չէ, հարկավոր է դա օգտագործելու ձևը նույնպես գիտենալ: Արդյո՞ք Հայաստանը կսկսի իր բանակի մոդեռնացման այդքան կարևոր հայեցակարգային գործընթացը, որը նախատեսում է ոչ միայն ժամանակակից զենքերի ձեռքբերում, այլև ստրատեգիայի ու տակտիկայի ամբողջական մշակում և թարմացում: Սա կարևոր մի հարց է, քանի որ միայն մի քանի մարտկոց ժամանակակից զենք ունենալը թողնելու է այն ազդեցությունը, որ թողեցին ռուսական մի քանի զենքերի առկայությունը: Քանի որ դրանք ավելի շատ նմուշային քանակով էին, հնարավոր չեղավ պաշտպանական գիծ ապահովել: Եվ կարևոր է, թե արդյոք ֆրանսիական  զինատեխնիկական պայմանագիրը բանակի վերականգնմանն ուղղված քայլերից մեկն է, թե հերթական փոքր, գեղեցիկ բայց անարդյունավետ գործողությունը:

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող