«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսկ մեզ խաղաղություն է պետք, որը սխալ տեղ ենք փնտրում. Աշոտ Ներսիսյան

19/03/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Երկու տարի առաջ գրել ենք. «Մեղրին Հայաստանի մեղրն է: Առանց դրա ամեն ինչ շատ դառը կլինի»: Հիմա ուզում ենք ավելացնել, որ առանց դրա շատ բան դառը կլինի ոչ միայն Հայաստանի համար: Մեղրիով անցնող ճանապարհը կարևոր դերակատարություն ունի միջազգային կոմունիկացիաների մեջ: Այն շատ կարևոր տեղ ունի դեպի Արևմուտք դուրս գալու Չինաստանի և Հնդկաստանի ցանկությունների մեջ, Արևմուտքի` դեպի Արևելք դուրս գալու ցանկությունների մեջ և Թուրքիայի` դեպի կենտրոնական Ասիա դուրս գալու ցանկությունների: Վերջինիս, մեր խորին համոզմամբ, այնքան չի հուզում Ադրբեջանի Նախիջևանի հետ կապվելը, որքան այս նպատակի իրականացումը: Նրա և Ադրբեջանի շահերը կմեկտեղվեն: Արևմուտքին նույնպես այդ ճանապարհն է ձգում, որը նշանակում է, որ նրա համար բացարձակ նշանակություն չունի, թե Զանգեզուրը Հայաստանին է պատկանում, թե Ադրբեջանին: Ավելին, կարծում ենք, որ Ադրբեջանին, քանի որ վերջինիս հետ ունի նավթա-գազային շահեր և վերջինս կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի դեմ իր ծրագրերում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա համար այս ճանապարհն ունի կարևորագույն նշանակություն, որը չի հանդուրժի իրենից բացի ոչ մեկի վերահսկողությունը: Այս իրավիճակում ՀՀ իշխանությունների պայքարը Զանգեզուրի այսպես ասած «միջանցքը» իր անվերապահ ենթակայության տակ պահելու համար, ունի մեզ համար կենաց-մահու նշանակություն: Նրա արտատարածքային կարգավիճակով Ադրբեջանին տրամադրելը մեր պետականությանը կվերածի ոչ մեկի պետք չեկող, քաղաքական և տնտեսական առումով անիմաստ մի գոյության: Մեղրու ճանապարհի հարցն, ի վերջո, կլուծվի: Բայց որ տարբերակով, դժվար է պնդել: Արևմուտքի տարբերակը, որը գրեթե թուրք-ադրբեջականն է, մեզ համար կործանարար է: Ռուսական տարբերակը, որը նոյեմբերյան համաձայնագրով ենթադրում էր վերահսկողություն իր դաշնային ծառայության կողմից, այժմ սառեցված է մեր եվրոպական հակվածության պատճառով, բայց ռուսներն ամենևին չեն հանդուրժի այլ վերահսկողություն: Մեր կողմը խճճվել է աշխարհաքաղաքական մեծ հակասությունների մեջ և անկեղծորեն ուզելով խաղաղություն, իրականում չի կարողանում հասնել դրան: Պատերազմի ուրվականն էլ միշտ կա` ժողովուրդին վախեցնելու համար: Մենք շրջապատված ենք միայն թշնամիներով: Արևմուտքը բարեկամ է հայտարարություններով, նրա քաղաքական ղեկավարները մեզ օգնություն չեն խոստանում, հակառակ հիմնադրամներից սնվողների, որոնք փողի դիմաց ստեր են մատուցում մեր ժողովրդին: Նրանք ռուսներին թշնամի սարքելով, շուտով այդպիսին կդարձնեն Իրանին: Իսկ նրանք տող անգամ գիտե՞ն հայ-ռուսական հարաբերությունների նրբերանգների մասին: Հազիվ թե: Իսկ մեզ խաղաղություն է պետք, որը սխալ տեղ ենք փնտրում: Այսպես որ գնա, Հայաստանը կբաժանվի: