«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել անհայտ կորածների հիշատակին

29/06/2021

Հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատներ ու մարտական ընկերներ:

Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ Անհայտ կորածներին նվիրված հուշարձանի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ:

ՀՀ ՊՆ խորհրդական Վարդան Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես սատար է լինելու բոլոր այն զինծառայողների ընտանիքներին, որոնց ճակատագրերն անհայտ են, սակայն հայտնի է Հայրենիքն անմնացորդ նվիրումով պաշտպանելու նրանց սխրանքը։

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանն իր երախտիքի խոսքն է հայտնել ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներին, ներկաներին և բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում Հայրենիքի պաշտպանության համար մղված պայքարում անհայտ կորած տղաների ճակատագրերը բացահայտելու ուղղությամբ։

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել  Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։