«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տնտեսական անվտանգություն և պասիվ պատերազմ. Արայիկ Մկրտումյան

07/11/2023

Հայաստանում քննարկվող թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ անվտանգության թեման, բայց այն քննարկվում է խիստ սահմանափակ և միակողմանի սկզբունքով: <<Անվտանգություն>> ասվածը Հայաստանում շարունակում է սահմանափակվել հիմնականում զենքի մասին խոսակցություններով: Միակողմանիությունը վաղուց է, ինչ Հայաստանը կանգնեցրել է ընկալման խնդրի առաջ, քանի որ խնդրին մեկ տեսանկյունից նայելը բացառում է համակողմանի ուսումնասիրությունն ու լուծման  ճանապարհներ գտնելը:

Քանի դեռ Հայաստանում շարունակում են սիրողական մակարդակում քննարկել անվտանգության թեման՝ հիմնականում հասկանալով զենքի մատակարարման հարցը, օդից առկախ է մնում մի շատ կարևոր խնդիր, որը ոչ միայն անվտանգային, այլև ընդհանրապես պետության ապագայի կարևոր գրավական է: Խոսքը տնտեսության մասին է: Ի տարբերություն պաշտպանության և արտաքին գործերի, բարձր տեխնոլոգիաների, կգմս  և այլ ոլորտների, որտեղ ինչ որ բան կատարվում է, կամ՝ գոնե քննարկվում, ապա տնտեսության մասին ոչ մի խոսք չկա, մինչդեռ տնտեսությունից է կախված մնացած ամեն ինչը: Չկա տնտեսություն՝ չկա ոչ մի բան:

Տնտեսության թեմայով միայն մի բան կա՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունները երկնիշ աճերի հետ կապված: Բայց ներկայիս պայմաններում երկնիշ աճ գրանցելը ֆարս է, որով առաջընթացի իմիտացիա է ստեղծվում, քանի որ այս պահին երկրում փաստացի արդյունաբերական, արտադրական(որից ուղղակիորեն կախված է արտահանումը) նորություններ չկան: <<Սեպուհ-1>> կազմակերպության կողմից  մեքենայի արտադրության մասին խոսելն էլ ավելորդ է, որովհետև մեքենաշինություն ասվածը փոքր ինչ այլ բան է, քան երկու նմուշ մեքենան օտար երկրից բերելն ու այստեղ հավաքելը: Փաստացի ձախողվեց նաև Երասխի մետաղի գործարանը: Մանր ձեռնարկությունները, այսպես կոչված արտելային մակարդակի արտադրությունները խոշոր հաշվով ոչ մի էական նշանակություն չունեն և տնտեսության վրա չեն ազդում: Արտահանումը շարունակում է մնալ ապրանքաշրջանառության հիմնական միջոցը, էներգետիկ ռեսուրսը մեր վերահսկողությունից դուրս է: Փաստացի մենք չունենք արտադրություն, որով կարողանանք արտահանում կազմակերպել և հավասարակշռել ներմուծման ալիքը: Մենք ուղղակիորեն կախված ենք համաշխարհային տնտեսությունից և ի վիճակի չենք ազդել գների վրա: Տնտեսական աճերը, որի մասին տարբեր հաշվեկշիռներ և քաղվածքներ են ցույց տալիս, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան բնակության տեղափոխված ռուսներն են, զբոսաշրջիկները, իրենց գրանցումը ՀՀ տեղափոխած որոշ ընկերություններ: Տրանսֆերները չեն կարող արտադրական ու արդյունաբերական հետևանքներ ունենալ: Դրանք չվերահսկվող են, ավելի շատ վիճակախաղի նման: Դրանք իրական աճ չեն և որքան արագ, որ եկել են, այնքան անվերահսկելի արագ էլ կարող են անհետանալ, որից հետո չստացած աճի դիմաց մենք բոլորս ավելի շատ ենք սկսելու վճարել:

Բայց ամենավտանգավորն այն է, որ Հայաստանը չունի պարենային և էներգետիկ անվտանգություն և անկախություն: Տնտեսության հիմնաքարային դիվերսիֆիկացիայի մասին խոսք չկա: Հավանաբար շատերն են հիշում, որ շաբաթներ առաջ Վահան Քերոբյանը, կարծելով, թե իրեն ոչ ոք չի լսում, իր գործընկերներին ասում էր, որ իրենց հայտարարածների կեսը չեն կարողանալու իրականացնել, որովհետև միջոցներ չկան: Բնականաբար հետո այդ ամենը փորձ արվեց ուրիշ կերպ ներկայացնելու, բայց մեկ է՝իրավիճակը դրանից չի փոխվում: Հայաստանը շարունակում է մնալ տնտեսապես վատ վիճակում:

Ինչպե՞ս է Հայաստանը պայքարելու շարունակվող պասիվ պատերազմում կամ՝ ծայրահեղ դեպքում ակտիվ գործողությունների ժամանակ: Եթե նույնիսկ Հայաստանը միջուկային զենք ձեռք բերի, ապա դա պարզապես կփոշիանա, քանի որ պարզապես օգուտ չի տա: Մարդիկ զենք չեն ուտելու: Ընդ որում Հայաստանը էներգետիկ ու պարենային հարցով այնպիսի խիտ կախվածություն ունի Ռուսաստանից, որ Հայաստանին կոմայի մեջ գցելու համար բավական է միայն արհեստական պատճառներով խաթարել գազամատակարարումը, անջատել էլեկտրաներգիան, դադարեցնել ալյուրի և հացահատիկի ներմուծումը: Նույնիսկ դրանցից մեկի կարճաժամկետ կատարումը բավական է, որ Հայաստանում ահռելի խնդիրներ առաջանան: Իսկ սա նշանակում է ոչ միայն այն, որ Հայաստանը զրկված է իր տնտեսական անվտանգային մեխանիզմներն ունենալուց, այլև այն, որ այդ մեխանիզմները հիմա ուրիշի ձեռքում մտրակ են մեզ համար: Տնտեսական մտրակներ, որոնց ամեն հարվածն իջնելու է քաղաքացու գլխին անհատապես: Իսկ այն, ինչ մերն է, սովորաբար ցածր գներով որպես հումք վաճառվում է օտարներին:

Հենց այդ է պատճառը, որ կարիք կա տնտեսության շատ արագ դիվերսիֆիկացման: Առանց դրա Հայաստանը պարզապես չի կարող ապրել: Եթե պատերազմը կտրուկ սկսվում է, կտրուկ դադարում և դրանում կարելի է համեմատաբար արագ հաղթել, կանգնեցնել, բանակցել, ապա տնտեսական բարդությունները դանդաղ ու կայուն քայլերով մաշում են պետության ողնաշարը: Ով-ով, բայց մենք պիտի դա շատ լավ հասկանայինք, քանի որ նման ծանր հետևանքի կրողն ենք: ԽՍՀՄ-ը կործանվեց հենց իր տնտեսական քաղցկեղի պատճառով: Այդ կայսրությունը զենքի ու զորքի պակաս չուներ, ԽՍՀՄ-ը կործանվեց իր հզորության գագաթնակետին հասած: Որովհետև ԽՍՀՄ-ը չուներ նորմալ ու ինքնաբավ տնտեսություն, որն էլ մի ողջ կայսրության ծնկի բերեց: Ուստի հարկավոր է հասկանալ, որ անվտանգություն ասվածը շատ ավելի բազմաշերտ երևույթ է, քան պարզապես զենքի միավորի առատությունը: Ներկայիս պայմաններում տնտեսության «վերածնունդը» ոչ միայն սոցիալական կենսամակարդակի համար է, այլև, առաջին հերթին, պետության անվտանգության: Առանց դրա, պետությունը պարզապես չի ապրի: Սա գերկարևոր մի հարց է, որը կարծես թե, պատշաճ ուշադրության չի արժանանում:

Մյուս կողմից մենք այնքան «շռայլ ենք», որ մեզ թույլ ենք տվել հեկտարներով խոպան վարելահողեր ունենալ և թաղամասերի մեծության հասնող քաղաքային անբնակ տարածություններ: Մի՞թե մենք այնքան շատ հող ունենք, որ կարող ենք խոպան և ավերակ տարածքներ ունենալ: Ընդ որում այն ֆոնին, երբ այդ հողը ոչ միայն սուրբ հայրենիք է, այլև ռեալ տնտեսական հնարավորություն:

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող