«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը պետք է վերադառնա կառուցողական դաշտ․ «Հայաստանի Հանրապետություն»

11/12/2021

Եթե Ադրբեջանը փորձում է սահմանազատումը եւ սահմանագծումը կապել երկու երկրների ինքնիշխան տարածքների ճանաչման հետ, ապա ծայրահեղական, ոչ կառուցողական մոտեցում է ցուցաբերում, քանի որ տարածաշրջանում հակամարտության բուն հիմքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, լուծված չէ, ինչի մասին, բացի շահագրգիռ պետություններից, հայտարարել է նաեւ ողջ աշխարհը: Ավելին՝ 44-օրյա պատերազմից հետո արցախյան խնդիրն ավելի խորացավ, առաջ եկավ Արցախի օկուպացված տարածքների եւ բռնագաղթած 60 հազար արցախցիների հիմնահարցը: Եթե Ադրբեջանը փորձում է Սյունիքում այսպես կոչված միջանցք պարտադրել, ապա դա նույնպես հնարավոր չէ, քանի որ դա Հայաստանի սուվերեն տարածքի եւ սահմանների խախտում կնշանակի: Հայաստանը հայտնել է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մեջ շահագրգռված լինելու մասին, բայց  դրանք պետք է լինեն միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում՝ մաքսակետերի միջոցով: Վերջին հաշվով՝ Ադրբեջանն արդեն մաքսակետեր է տեղադրել Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհահատվածներում: Եթե Բաքվին մտահոգում է մաքսատուրքերի հարցը, ապա երկկողմ համաձայնությամբ կարելի է դրանք նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես զրոյացնել: Տարածաշրջանում միջնորդության կարեւոր առաքելություն ստանձնած Ռուսաստանը հորդորում է արագացնել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների իրականացման համար Սոչիում համաձայնեցված երկկողմ հանձնաժողովի ստեղծումը, ինչին խոստանում է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել: Ոչ մի տեղ չտանող սահմանային լարումներից խուսափելու համար Ադրբեջանը պետք է վերադառնա կառուցողական դաշտ, սթափ նայի իրականությանը, թոթափի իր վրայից Թուրքիայի եւ մյուս դաշնակիցների կողմից նվիրված «հաղթանակի» զգացողության բարդույթը՝ տարածաշրջանը ռազմական հերթական պայթյունից զերծ պահելու համար: