«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի ԳԱԱ նորընտիր նախագահ. Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման շրջանակներում նույնպես օպտիմալացում է նախատեսվում

29/06/2021

Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը ամենակարեւոր ոլորտն է, որի վրա ակտիվորեն աշխատում են ԳԱԱ երեք ինստիտուտներ: Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը: «Սա իմ ներկայացրած ռազմավարության երկրորդ ամենակարեւոր կետն է: Կարծում եմ, որ աշխատանքները պետք է ակտիվացվեն:

Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ռազմարդյունաբերական համալիրի համար գիտական հետազոտությունների որ ոլորտներն են առաջնահերթ։ Դրանից հետո անհրաժեշտ է գիտական խմբերի միջեւ մոնիթորինգ իրականացնել եւ որոշել, թե դրանցից ով կարող է այս ուղղությամբ իրական արդյունքների հասնել, եւ դրա հիման վրա կատարել օպտիմալացում: Այսինքն՝ օպտիմալացում է նախատեսված նաեւ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման շրջանակներում՝ պաշտպանական համակարգի կարողություններն ընդլայնելու համար: Դրանից հետո անհրաժեշտ է միջոցներ ձեռք բերել, առաջին հերթին՝ պետական միջոցներ»,- հավելեց նա:

Աշոտ Սաղյանը նշեց, որ կարեւոր է Հայաստանի ձեռքբերումները համադրել համապատասխան կառույց ունեցող երկրների հետ եւ աշխատել այս ուղղությամբ: «Եւ սրա համար անհրաժեշտ է պետական մոտեցում: Բոլոր քաղաքական ուժերը, գալով իշխանության, խոսում էին գիտելիքահեն տնտեսության մասին, բայց ոչինչ չարեցին: Առաջին հերթին պետք է ստեղծել լուրջ գիտական բազա»,- պարզաբանեց նա: Հիշեցնենք, որ Աշոտ Սաղյանը հունիսի 28-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նոր նախագահ է ընտրվել: