«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՓՆՏՐԵԼԸ ԴԵՌ ՇՈՒՏ Է. Աշոտ Ներսիսյան «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

12/11/2020

Հայ ժողովուրդը գտնվում է զուտ զգացմունքային դաշտում: Այն ինչ կատարվեց, անվարան կարելի է պնդել, որ շատերն էին ուզում, այսինքն՝ պատերազմի ավարտը, բայց երբ կատարվեց այս ձևով, այսինքն՝ զիջելով առավելագույնը՝ նվազագույնը փրկելով, քչերն էին սպասում: Այն ամենի մասին, ինչը խոսվում է այս երկու օրը, եռակողմ համաձայնությունից հետո, ցույց է տալիս, որ իրականում  ռազմաճակատում տեղի ունեցածի  մասին մենք տեղեկացված չենք եղել: Այն տպավորությունն է ներշնչվել, որ հաղթում ենք: Միգուցե դա ճիշտ էր, որովհետև հոգեբանական առումով պետք չէր ընկճել ժողովրդին: Երեկվա իրադարձությունները, ցույցերը և ընդդիմադիրների ելույթները, որոնցում ՀՀ վարչապետը պիտակավորվում էր որպես դավաճան, որը հողեր հանձնեց թաքուն, կամ էմոցիոնալ դաշտում էին, կամ պայմանավորված էին իշխանությունն այդ առիթով վերցնելու ցանկությամբ, և  կամ էլ տեղի ունեցածի ոչ սթափ գնահատականով: Ամեն տեղ դավաճաններ են որոնվում և դեռ կշարունակվեն որոնվել: Իշխանության կողմնակիցները  դավաճաններ են մատնանշում հին իշխանությունների ներկայացուցիչների մեջ, վերջիններս՝ նորերի: Մենք հակված չենք հավատալու որևէ մեկին լիարժեքորեն, բայց  չենք կարող բացառել, որ դավաճաններ  եղել են: Բայց դրանց մատնանշելը ժամանակավրեպ է: Գուցե հետագայում էլ անհնար լինի որոշել, թե ովքեր են եղել դրանք, կամ արդյոք եղել են: Կարծում ենք, որ այժմ այդ մասին խոսելով ՝ մենք  կպնում ենք մեր թարմ զոհերի սուրբ հիշատակին, քանի որ տպավորություն ենք ստեղծում, որ նրանք ոչ թե հերոսական պաշտպանության զոհեր են, այլ՝ դավաճանության: Այլ հարց է, որ կարելի է քննարկել այն հարցը, թե հնարավոր էր արդյոք շարունակական բանակցություններով այս պատերազմի առաջն առնել, բայց այս դեպքում էլ հնարավոր չէր չգնալ փոխզիջումների, որովհետև մեր առջև վաղուց դա դրված էր և դրանից հրաժարվելը հնարավոր էր միայն հզոր բանակով: Պարզ է, որ փոխզիջման  դեպքում էլ կորոնվեին դավաճաններ, մի բան, որը շարունակաբար անում են առաջին նախագահի պարագայում, որը փոխզիջումների կողմնակից էր և այդ առիթով հեռացվեց և հիմա, գնալով ավելի է ապացուցվում, թե ինչքան հեռատես, և ճիշտ էր նա: Մոտիկ անցյալում այս մասին բարձրաձայնողները նույնպես թուրք կամ դավաճան էին համարվում: Այսօր արդեն դավաճան է համարվում Ն. Փաշինյանը, որի արտաքին քաղաքականության ուղվածությունները չհստակեցվեցին և, որն արդեն ստիպված գնաց հայտնի քայլին: Բայց սրանք հարցեր են, որոնց պատասխանների որոնումը դյուրին խնդիր չէ, մանավանդ, որ Արցախում տեղի ունեցածը պետք է դիտարկել ուժեղ քաղաքական խաղացողների շահերի բախման ենթատեքստում, որոնք այս իրավիճակում ռուսներն ու թուրքերն էին: Նրանք, օգտվելով այն հանգամանքից, որ Արևմուտքը և ԱՄՆ-ն  այս իրավիճակում չեն միջամտելու այս խնդրին տարբեր և հիմնականում ներքին պատճառներով, գնացին տարածքային բաժանման Արցախի, ՀՀ և Ադրբեջանի միջև և ազդեցությունների առավել հիմնավորման, որին մենք դիմակայել անկարող էինք: Մնում ենք այն կարծիքին, որ Ադրբեջանը չէր կարող այս հարձակմանը գնալ առանց Ռուսաստանի հետ համաձայնության, որտեղից մի զանգով և մի զանգով էլ ԱՄՆ – ից իր ավարտը գտավ 1916թ. ապրիլյան ճակատամարտը: Սրանք հարցեր են, որոնց հետագայում պետք է անդրադառնալ: Այժմ երկու խոսք երեկվանից ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց հնարավոր զարգացումների մասին.

Առաջին. Այն տպավորությունն ունենք, որ որոշ քաղաքական ուժեր, կարծես, անհամբեր սպասում էին, թե երբ է գալու օրը, որ ամենավերջին պիտակավորումներով հարձակվեն իշխող վարչակարգի վրա, որին հենց նրանց շատ ներկայացուցիչներ տվեցին իշխանությունը և, որոնցից երկուսը նույնիսկ կոալիցիա կազմեցին նրա հետ սկզբում: Հարց է առաջանում՝ եթե նրանք կոալիցիայի մեջ լինեին ցայսօր, ի°նչ էին անելու: Եթե նրանք Ս. Սարգսյանի ժամանակ նույնպես կառավարության մեջ  էին, և գիտեին, որ նա բանակցում է յոթ շրջանների հանձնելու վերաբերյալ, ինչու° էին լռում:

Երկրորդ. Երբեք վարչապետի երկրպագուն չենք եղել, բայց այսօր արդյոք տեղին է նրան դավաճան պիտակավորել թե՛ մեր միջազգային վարկով պայմանավորված և թե՛ առհասարակ պատերազմում պարտվելու հիմքով: Փաստեր ունե°ք, որ դա նա ծրագրված է դա արել, կարող էր հակառակը, թե° ոչ: Անհրաժեշտ են փաստեր, որնց առկայությամբ միայն կարելի է հիմնավորել երևույթը: Մենք պարտվեցինք այս պատերազմում ոչ լիարժեքորեն, որովհետև կարող էր ռուսական զորքը տեղակայվել ՀՀ - Ադրբեջան սահմանին: Այն դեպքում նոււյնպես նա դավաճան էր որակավորվելու: Ուրեմն դավաճան որակելուց առաջ պետք է դա ապացուցել: Եվ սա չի վերաբերում միայն վարչապետին: Նաև այն անձանց, որոնք նրա հակադիր ճամբարում են:

Երրորդ. Հնարավո°ր է արդյոք Ն. Փաշինյանի հեռացումը կամ հրաժարականը: Մեր խորին համոզմամբ՝ ոչ: Սա այն պարզ պատճառով, որ այժմ ՀՀ վարչապետի հրաժարականի կամ հեռացման հարցը գտնվում է Ռուսաստանի տիրույթում: Իսկ Պուտինը չի ցանկանա հեռացնել նրան, քանի որ նա է ստորագրել պատերազմի դադարեցման հայտարարությունը և մեկ ուրիշը, առանց նրա համաձայնությամբ` մանավանդ կորցրածը հետ բերելու կոչերով չի գա  իշխանության: Եթե գա իշխանության էլ՝ պետք է, ի վերջո, պատասխան տա, թե ինչ է նախատեսելու այս իրավիճակում, երբ ռուսներն արդեն տեղաբաշխվում են որոշված սահմաններում: Ուրեմն, ո°նց են նրանք վերադարձնելու կորցրածը: Միգուցե ռուս խաղաղապահների վրա գրոհով: Կարծում ենք, որ այս կերպ մտածողը պետք է ընկալվի որպես մի անձ, որը գտնվում է Չեխովի «հիվանդասենյակ N 6 - ում», տարածությունից և ժամանակից դուրս:

Չորորորդ. Երեկվա ընդդիմադիրների առաջնորդները միայն կրակոտ ելույթներ էին ունենում՝ խաղալով ժողովրդի ամենասուրբ զգացմունքների վրա: Նիկոլը դավաճան է, պետք է հեռանա, նա ծախեց Ղարաբաղը և այլն: Իշխանության գալու անափ ցանկության մեջ դա բնական է, բայց ու°ր է ծրագիրը: Մենք այն չլսեցինք: Ինչպիսի°ն են նրանց պատկերացումները Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ այս իրավիճակում: Ոչ մի բառ: Մի գուցե պատերազմի վերսկսու°մը: Բայց ու°մ դեմ: Միգուցե Ա. Վանեցյանի հետևյալ հանճարեղ լուծումով, որն երեկ լսեցինք պատահաբար. «Ամբողջ Ղարաբաղը տայինք, միայն փաստաթուղթ չստորագրեինք, հետո  պատերազմով հետ  վերցնեինք»: Մեկնաբանություններն, ինպես ասում են, ավելորդ են:

Հինգերորդ. Քննադատենք Հ. Փաշինյանին, մատնանշենք թերություններ, որոնք կարող են առհասարակ համոզիչ հնչել, բայց զգացմունքային դաշտում գտնվող մայրերին բերել և գոռալ, թե  հայրենիքը ծախել են, դավաճանել են, մեզ ոչինչ  չի տալու և դժվար է հակառակը պնդել: Նրա արտաքին քաղաքականությունը կաղում էր, պետք է մատնանշել, թե ինչում:

Խառը ժամանակներ ենք ապրում. իրատեսը կարող է դիտվել հոռետես կամ դավաճան, ինչպես ցայսօր դիտվում է Տեր Պետրոսյանը, փոխզիջման կողմնակիցը որակավորվել որպես զիջող և հայրենիք ծախող, հերոսի կռվի արդյունավետության ատիճանը որոշողը` հերոսներին արժեզրկող և այլն:

Բայց դեռևս պետք չէ հուսահատվել, այլ  հստակ ծրագրեր հենց այսօրվանից մտածել Արցախի հարցում, որ արդեն լիարժեքորեն տեղափոխվելու է դիվանագիտական դաշտ, մասնավորապես Բայդենի երդումից հետո: Ռուսաստանը դեմ չէ, որ վերջնական կարգավիճակը նորից պետք է ճշտվի Մինսկի խմբի շրջանակներում բանկցություններով, այսինքն  այլ մեծ խաղացողների մասնակցությամբ: Ակնհայտ է, որ ԱՄՆ -ն և Ֆրանսիան և գուցե այլ երկրներ դժգոհ են խնդրի այս կարգավորումից: Նրանք գոհ են , որ հրադադար հաստատվեց, բայց դժգոհ, որ գլխավոր խաղաքարտը ռուսի և թուրքի ձեռքում է, որ նրանք այստեղ ավելի հիմնավորվեցին: Եվ այդ առումով եղան նաև հայտարարություններ: Չպետք է մոռանալ նաև, որ կնքվածը հաշտության կամ խաղաղության պայմանագիր չէ: Ուրեմն մարմին տանք նոր տեսությունների, որոնք հիմք կտան` խաղալով այս հակասությունների վրա, շրջանցենք եռակողմ համաձայնագրի գոնե որոշ առավել վտանգավոր կետերը: Համոզված ենք, որ դա հնարավոր է: Եվ հզորանանք բոլոր առումներով:Սա է արդեն մեր նոր ուղին: