«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻ ՔԱՆԻ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ԵՎ ՎԱՐՁԿԱՆՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ. Աշոտ Ներսիսյան «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

06/11/2020

Արցախի համար պատերազմի սկզբնավորումից շատ չանցած արդեն ակնհայտորեն պարզ դարձավ, որ հայոց դեմ կռվում ներգրավվում են սիրիացի ահաբեկիչներ և վարձկաններ: Այդ մասին ի լուր աշխարհի գրեթե ամեն օր է բարձրաձայնվում  թե՛ պաշտոնական և թե՛ այլ տեղեկատվություններում, վերլուծական հոդվածներում: Փորձ է արվում բացահայտել այն դերը, որ այս վարձկանները կարող են ունենալ այս տարածածրջանի ապակայունացման առումով և ցույց տալ Ռուսաստանին, Իրանին, Արևմուտքին և այլն, թե ինչպիսի՞  վտանգ կարող են դրանք ծառանալ այս երկրների համար: Նույնիսկ առաջ է քաշվել այն հայեցակետը, որ, կռվելով այս ահաբեկիչների դեմ, փաստորեն, մենք հանդես ենք գալիս որպես միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջատար: Այս ամենի հետ կապված կցանկանայինք ներկայացնել հետևյալ մի քանի դատողությունները:

Առաջին. Այն փաստը, որ իրոք այս վարձկանները և ահաբեկիչները կռվում են մեր դեմ և գլխավորապես վնասազերծվում են մեր  բանակի և զինյալների կողմից արդեն պարզ ճշմարտություն է, բայց դրանց առկայության հանգամանքի ցույցերի կամ բողոքների տեսքով աշխարհին մատուցումն ունի սոսկ քարոզչական նշանակություն: Ոչ մեկը այստեղ չի գա և չի կռվի մեր կողքին այդ ահաբեկիչների դեմ: Մենք ենք նրանց հաղթողը:

Երկրորդ. Խոշոր տերությունները շատ լավ գիտեն, թե դրանց դեմ ինչպես և երբ կռվել: Ֆրանսիան իր իսկ տարածքում արդեն բավական երկար ժամանակ է, որ գործ ունի   ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարի անհարժետության առջ, և նրա մտահոգությունը` Արցախում դրանց ներգրավելու առումով հայտարարություններից այն կողմ չի անցնում:

Երրորդ. Ռուսատանը երբեք չի հարվածի Ադրբեջանից Արցախի դեմ պայքարի ճակատում կռվող ահաբեկիչներին, քանի որ նրա համար երբեք Արցախն ընդունելի քաղաքական միավոր չի եղել և չի լինելու այն տարածքներով, որոնք ամրագրված են 1994թ. զինադադարով դեռևս և, որ մասին  պատերազմի օրերին բազմիցս հայտարարում է: Նա չի վնասելու Ադրբեջանի հետ իր գործընկերային շահերը և գտնում է, որ պետք է նրան զիջել 7 շրջանները: Իսկ ահաբեկիչների որջերին նա խփում է  այնտեղ, որտեղ վնասված չի տեսնում այլ տերությունների հետ իր գործընկերային շահերը:

Չորրորդ. Իրանը, որը նույնպես մեր մեջ նստած է` որպես բարեկամ երկիր, իսկ բարեկամություն հասկացողությունը խիստ հարաբերական է, ինչ որ առումով վարում է նույն Ռուսաստանի քաղաքականությանը համահունչ քաղաքականություն, այն տարբերությամբ միայն, որ կարող է հարվածել ահաբեկիչներին և ոչ միայն ահաբեկիչներին, եթե նրանց գործունեությունից վտանգվեն իր քաղաքացական  շինություններն ու բնակչությունը:

Հինգերորդ. ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականը վերջերս աբսուրդային առաջարկով հանդես եկավ՝ կռվող ուժերի միջև տեղադրել սկանդինավյան խաղապահներ` մեկ անգամ ևս հաստատելով մեր բազմիցս արտահայտած այն տեսակետի ճշտությունը, որ եթե մեկը քաղաքական առումով հասել է բարձր դիրքերի, ապա դա ամենևին չի նշանակում , որ գլխավոր գործոնը խելքն է: Սրանից այն կողմ ավելի լուրջ բաներ ԱՄՆ կողմից չեն ասվել, բացի բանակցելուց, իսկ դրանից առաջ զինադադարի գնալուց: Ահաբեկիչների դեմ այստեղ պայքարի հարցում որևէ լուրջ բան չենք լսել:

Մենք ընդհանրապես մեր  վերլուծականներում որևէ պետության հանդեպ, մանավանդ  գերտերությունների, չենք գործածել «հակա» նախդիրը: Պարզապես պետք  չէ տեսնել մեր ցանկացած ձևով խնդրի լուծումը նրանց հայեցակարգերում: Մենք դիվանագիտությունն այլ կերպ ենք պատկերացնում: Այսօր մեր հակառակորդները հայտնի են, թե ովքեր են և՛ ռազմի դաշտում, և՛ դիվանագիտական դաշտում, և՛ առհասարակ:

Պատերազմը շարունակվում է: Մեզ համար դեռևս ակնհայտորեն պարզ է մի բան, որ ձախողվել է հակառակորդի ծրագիրը: Մնացյալը, թե հետո ինչ է լինելու, կարծում ենք` մեզանից ավելի  որևէ մեկին պարզ չէ: Սա շեշտում ենք այն պատճառով, որովհետև թե´ իշխանական և թե´ այլ մակարդակներով տարբեր տեսակետներ են շրջանառվում: Կարծում ենք, որ կան տարաբնույթ ցանկություններ և շահերից բխող հաշվարկներ միայն:  Հարկավ, այն բացառությամբ, եթե Արցախի առումով չի ծրագրվել մի մեծ դավադրություն: Բայց եթե այդպես էլ է, արդեն դրա ծրագրածներն էլ մոլորության մեջ են, որովհետև մենք ունենք մի հսկայական հասարակական շերտ, որին չի հետաքրքրում ոչինչ, բացի թշնամուն ծնկի բերելուց: Նա թքած ունի դիվանագիտական խաղերի վար, և նա է ծնկի բերելու դիվանագետներին: Արցախն իր պատմության մեջ, նաև աշխարհագրական դիրքի պատճառով, երբեք պարտություն չի կրել: Նա միշտ մնացել է որպես հայաշատ մի աշխարհագրական տարածք: Եթե պարտվել է, ապա ժամանակավոր: Թաթարը այս շրջանի ժողովրդագրական պատկերի վրա ավելի շատ ազդել է հատկապես նրա ցարական Ռուսատանի մաս դառնալուց հետո: 1917 – 21թթ. եղել է դե ֆակտո անկախ և1921թ. հուլիսի 5–ին նվիրաբերվել է Ադրբեջանին և ոչ թե պարտվել է ռազմի դաշտում: Արցախի անտառներում թշնամին գտել է և միշտ կգտնի իր գերեզմանը:  Միջազգային հանրությունը և դիվանագիտությունը կգա մեր հետևից և մոտ ապագայում: Նրա հետևից մեր գնալու կարիքը չկա:

Սա է ճշմարտությունը: