«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի հոգեբանական գրոհը. Վահան Վարդանյան

08/09/2023

Վերջին օրերին Ադրբեջանը տենդագին պատրաստվում է նոր էսկալացիաի։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ Վարդենիսից մինչև Մեղրի ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի մեծ կուտակումների փաստը։ Իրադարձությունների նման ընթացքի պահպանման դեպքում ռազմական գործողությունները կարող են սկսվել արդեն մոտակա օրերին։ Ստեղծված իրավիճակում հատկապես մեծ ուշադրություն է պետք դարձնել Ադրբեջանի վարած տեղեկատվական օպերացիաներին։

Արդեն մի քանի օր է ինչ Ադրբեջանում ինտերներտի սահմանափակումներ են դրվել։ Պետությունը ռազմական գործողություններից առաջ ավելի խիստ կերպով է սկսել վերահսկել մեդիա դաշտը, որպեսզի հասարակության մեջ հուզումներ չսկսվեն։ Դրան զուգահեռ ադրբեջանական հատուկ ծառայությունները լայնամաշտաբ հոգեբանական օպերացիա են սկսել հայ հասարակության դեմ։ Ակտիվորեն տարածվում են կեղծ ու վարկաբեկող տեղեկություններ, համացանցում հաքերային հարձակումներ են կատարվում՝ հայկական օգտահաշիվները կոտրելու նպատակով, փորձեր են կատարվում հայ օգտատերերից հայկական բանակի տեղաշարժերի մասին տեղեկություններ կորզել։ Ի տարբերություն Քառասունչորս օրյա պատերազմի՝ ադրբեջանցիները ավելի բացահայտորեն են իրականացնում զորքի ու զինտեխնիկայի տեղաշարժերը, նույնիսկ համացանցում դրանց վերաբերյալ տեսանյութեր են հրապարակում, որոնց նպատակը կրկին հայ հասարակության շրջանում խուճապ առաջացնելն է։

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանի մեդիա դաշտը համակարգային վերահսկողություն չունի։ Բնակչության շրջանում մեդիագրագիտությունը գրեթե բացակայում է։ Ավելին՝ հայ քաղաքական ուժերը, ընդհանուր վտանգի առաջ համախմբվելու և երկրի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն, իրենց օրակարգի մեծ մասը տրամադրել են Երևանում սպասվող քաղաքապետի ընտրությունների քաոզարշավին։ Այս քարոզարշավը, ինչպես և նախորդ քարոզարշավները, իջեցվել են բակային մակարդակի վիճաբանությունների աստիճան ու սրանով հայ քաղաքական ուժերը անուղակիորեն աջակցում են ադրբեջանցիներին՝ հայ հասարակության կազմաքանդման գործում։

Այս ընթացքում Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է նաև իր դաշնակիցների և այլ պետությունների հետ։ Արդեն բավական ժամանակ է, ինչ Իսրայելից Թուրքիայից ու Պակիստանից զենքի ու զինամթերքի մատակարարումներ են իրականացվում Ադրբեջան։ Ադրբեջանական դիվանագետները ակտիվ աշխատանքներ են տանում տարբեր երկրներում՝ սպասվող ռազմական էսկալացիայում իրենց վերաբերյալ դրական դիրքորոշումներ ձեռք բերելու նպատակով։

Հայաստանի կողմից նման ինտենսիվության միջոցառումներ չեն իրականացվում։ Եթե ռազմական պատրաստությունների առումով կարող ենք ենթադրել, որ փորձ է արվում ամեն ինչ գաղտնի կազմակերպել, ապա դիվանագիտական ու տեղեկատվական դաշտում մենք զգալիորեն զիջում ենք հակառակորդին։

Հայկական սփյուռքը էական աջակցություն չի ցուցաբերելու Հայաստանին։ Շատերն էին ոգևորվել Արցախի անկախության օրվա արթիվ Սփյուռքի կողմից ամբողջ աշխարհում կազմակերպած ցույցերի առթիվ։ Տեսարանը իկապես գեղեցիկ էր նայվում ու ոգեշնչող էր, բայց փաստացի ոչինչ բացի կոչերից ու փիառ ակցիաներից տեղի չունեցավ։ Սփյուռքը, բացառությամբ առանձին սրտացավ անհատների, պայքարում է առավելապես միայն խոսելով։ Հայաստանի աջակցության հարցում էական դերակատարություն Սփյուռքը չունի, իսկ պատերազմի ժամանակ վճռական դեր խաղում է հենց նյութական օգնությունը։

Ստեղծված իրավիճակում առավել տարօրինակ է Հայաստանի իշխանությունների պահվածքը։ Հատկապես վերջին օրերին իշխանական ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի դեմ արվող հայտարարությունները, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը։ Մենք իհարկե կարող ենք շատ հարցերում արդարացիորեն մեղադրել Ռուսաստանին իր պարտականությունները չկատարելու համար, բայց իրականությունը այն է, որ Ռոսաստանի ռազմական ու տնտեսական ազդեցությունը Հայաստանում շատ մեծ է։ Պատերազմից առաջ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեզ համար։

Հայաստանի իշխանությունների նման դիրքորոշումը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, եթե նրանք հաստատ երաշխիքներ ունենան որ ՆԱՏՕ-ն, Իրանն ու Հնդկաստանը պատերազմի դեպքում ռազմական, իսկ Եվրոմիությունը տնտեսական մեծ աջակցություն կցուցաբերի Հայաստանին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ այս ենթադրությանը դժվար է հավատալ։ Միայն ժամանակը ցույց կտա, որքանով է ադեկվատ իշխանությունների ներկա վարքագիծը։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող՝ Վահան Վարդանյան։