«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՈՒՄ ՀԵՏ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՀԱՐԱՏԵՎ ԵՎ ԱՆՄԻՏ ԿՌՎԻ ՄԱՍԻՆ.ՊՐՈՖԵՍՈՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ

20/03/2022

Պրոֆեսոր Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել որ,

Առանց սթափ վերլուծությունների դատողություններ անող և այդ մակերեսային դատողություններից բխող քայլեր կատարող ժողովուրդ մնացինք: Բավական չէր դեռ չավարտված և շարունակելու խոսոտումով պայքարն իշխանության համար, այժմ էլ ռուս- ուկրաինական առճակատման հետնախորքի վրա, կրկին պառակտման և իրար հայհոյելու, վիրավորելու, արտաքին կողմնորոշման օբյեկտը ճշտելու քայլերն ենք խորացնում: Արևմտամետները պրովոկացիայի հասնող լուրեր են տարածում՝ վախեցնելով մեր ժողովրդին, թե ռուսներն արդեն 102 –րդ բազայից զորքեր են նախատեսում տեղափոխել Ուկրաինա, ռուսապաշտները դնում են միութենական պետություն ստեղծելու հարց, երթեր են կազմակերպում հօգուտ դրա: Ոչ հեռավոր անցյալում բոլորը խոսում էին ռուս – թուրքական համաձայնությունից արցախյան պատերազմի օրերին, հիմա պնդում են՝ Ռուսատանի հետ միությունը մեզ կփրկի: Հարկավ Ռուսաստանին հիմա հակադրվելը մեր շահերից չի բխում, քանի դեռ մեր հարևանները մեր հանդեպ թշնամական կամ ոչ բարեկամական դիրքորոշում ունեն, բայց ո՞վ է ձեզ ստիպում կատարել ժամանակավրեպ քայլեր: Ռուսներին մե՞նք պետք է մատնանշենք, թե ի՞նչ պետք է մեր հանդեպ անեն և ինչպե՞ս: Արևմուտքը, որն ամեն կերպ, ելնելով իր ծավալապաշտական նկրտումներից, անընդհատ խրախուսում է Ուկրաինայի դիմադրությունը՝ թքած ունենալով տնաքանդ դարձող մի ժողովրդի վրա և բացահայտ շեշետելով, որ երբեք չի մտնելու պատերազմի մեջ,իր դրածո Զելենսկու միջոցով կազմաքանդ անելով այդ մեծ երկիրը, նրան չօգնելով, մե՞զ պետք է օգնի: Վերջը ե՞րբ ենք հասկանալու, որ նա այս տարածաշրջանը դիտել և դիտում է ռուսական ազդեցության գոտի: Վուդրո Վիլսոնը, որը շատերի կուռքն է, այս տարածաշրջանը ռուսական ազդեցության գոտի էր համարում և սպասում էր քաղաքացիական պատերազմի Ռուսաստանում ելքին, որ իրականացներ Սևրի 89 – րդ հոդվածով իրեն տրված իրավարար վճիռը: Բայց նա դա արեց այն ժամանակ, երբ մանրադրամի արժեք չուներ. թուրքն Ալեքսանդրապոլում էր, կարմիր հագած ռուսը մտնում էր Քարվանսարա: Հիմա Ուկրաինային չօգնելով՝ մե՞զ պետք է օգնի: Նախկին վարչապետը, օտար կամակատարները ամեն օր նոր պատերազմով են մեզ վախեցնում, ինչի՞ համար: Դժվար հասկանալի բան է՝ եթե իրոք ռեալ վտանգ ես դու տեսնում, ապա ինչու՞ ես բարձրաձայնում այդ մասին. վախեցնու՞մ ես քո ժողովրդին: Հստակ տեղեկություններ ունես, հայտնիր իշխանությանը, թե՞ ամեն ինչ նրա հետ ես կապել ուզում: Ուրեմն դու ուրիշ երգ ես երգում, ուրիշ, զուտ քաղաքական է քո երգը, կամ պատվերով: Դիտարկենք մի պահ. թե ռուսներն այստեղից գնացին, ինչ պետք է անենք եղած իրավիճակում նոր լուծում գտնելուց բացի: Սպասենք, տեսնենք, թե այդ դեպքում Արևմուտքն ի՞նչ կանի: Եթե կուզեք իմանալ ռուս – ուկրաինական պատերազմը մեզ ինչ: Սթափ դատենք՝ չլիներ, ավելի լա՞վ չէր: Եղավ երկու հզոր հակադիր կողմերի քաղաքական շահերի բախվելու արդյունքում: Հիմա մենք նրանց հարցն ե՞նք քննարկում: Նման մի բախում մեզնից 1,5 մլն. զոհ տարավ: Մեր ի՞նչ գործն է: Մենք մեզ համար որոշումներ ենք ընդունում, խնդիրներ առաջադրում, հետո գլուխ կոտրում, թե ո՞նց են դրանք լուծվելու: Մի ճշմարտություն անժխտելի է՝ ինչ էլ լինի, մենք մեր հարևանների հետ ենք մնալու և մեզ համար առաջնահերթը նրանց հետ խնդիրները լուծելն է: Մնացյալը անմտության դաշտից է: Հայհոյելուց կամ հայրենասիրական ճառեր ասելուց հեշտ բան չկա, բայց ե՞րբ ենք շրջանցելու այդ փուլը վերջապես, ե՞րբ ենք սեփական անձի ճշտության մասին չավարտվող մենախոսություններից իջնելու կենդանի հողի վրա: Եկեք խոստովանենք, որ մեզ ոչ մեկը բանի տեղ չի դնում, բայց տանենք այդ ցածրացումը և լինենք միաբան: Դարեր շարունակ ներսից քանդում ենք մեր ազգն ու պետությունը: Դե եկե՛ք շարունակենք՝ թուրքին, ադրբեջանցուն, ռուսին, կամ ուկրաինացուն հայհոյելով, նրանց դեմ կամ ընդդեմ լինելով գոյատևել: Հավատացե՛ք, այսպես երկար ճանապարհ չենք գնա:

Պրոֆեսոր, «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար Ա. Ներսիսյան