«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Համաշխարհային նոր հակամարտության հավանականությունը մեծանում է. Վահան Վարդանյան

19/10/2023

Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև ընթացող պատերազմը դանդաղ տեմպերով դուրս է գալիս Պաղեստինի սահմաններից։ Գազայի հատվածը պարբերական ռմբակոծությունների հետևանքով  հողին է հավասարվում, Իսրայելի ամբողջ տարածքը պատասխան ռմբակոծությունների է ենթարկվում։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի պատրվակով փորձում է դատարկել Գազայի հատվածը՝ Պաղեստինի խնդիրը իր օգտին լուծելու համար։ Իսրայելի դեմ նոր ճակատների բացվելու հավանականությունը կտրուկ մեծացել է, իսկ տարածաշրջանում աննախադեպ ռազմականացման միտումներ են նկատվում։

Վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ռումբի ազդեցություն ունեցավ ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար։ Գազայի հատվածում գտնվող Ալ-Ահրի հիվանդանոցը ենթարկվեց ռմբակոծության, որը հսկայական զոհերի պատճառ դարձավ։ Տարբեր հաշվարկներով զոհերի թիվը գերազանցում է հազարը, իսկ զոհվածների մի զգալի հատված կանայք ու երեխաներ էին։ Իսրայիելն ու ՀԱՄԱՍ-ը անմիջապես սկսեցին մեղադրել միմյանց կատարվածի համար՝ յուրաքանչյուրը ինչ-ինչ փաստարկներ բերելով։

Պետք է արձանագրենք, որ այս պատերազմում միմյանց դեմ են դուրս եկել երկու ռադիկալ ուժեր, արաբա-իսրայելական հակամարտությունը կրոնական մոլեռանդության մակարդակում է գտնվում, ուստի կողմերից յուրաքանչյուրը միանշանակ կարող էր նման քայլի գնալ՝ հակառակորդին վարկաբեկելու համար։ Բայց այստեղ կարևոր է ոչ միայն տեղի ունեցած ողբերգությունը, այլ այդ ողբերգության ունեցած ազդեցությունը տարածաշրջանի նկատմամբ։ Իսլամական աշխարհի մեծ մասում անմիջապես հուզումներ սկսվեցին, տարբեր երկրներում Իսրայելի դեսպանատների նկատմամբ հարձակումներ են արձանագրվել, Լիբանանում, Թուրքիայում, Իրանում, Մարոկոյում  և այլուր հակահրեական ցույցեր են անցկացվել, իսլամական պետությունների պաշտոնակական ներկայացուցիչների դիրքորոշումն ու ելույթները Իսրայելի նկատմամբ ավելի կոշտ ու անհանդուրժողական դարձան։

Այս ամենով պայմանավորված խիստ մեծ է ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնման վտանգը։ Իսրայելա-լիբանանյան սահմանին ավելի ինտենսիվ են դարձել իսրայելական բանակի ու <<Հզբոլահ>> խմբավորման միջև բախումները։ Վերջինս տարբեր փորձագետների գնահատմամբ ՀԱՄԱՍ-ի համեմատ ավելի մեծ ռազմական ներուժ ունի։ Դեռևս երկրորդ ճակատը լիարժեք բացված համարել չի կարելի, բայց ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել։ Այս ամենին գումարած Սաուդյան Արաբիան ու Մեծ Բրիտանիան արդեն կոչ են արել իրենց քաղաքացիներին խուսափել Լիբանան այցելելուց։ Սիրիայի, Իրաքի ու Եմենի տարածքում գործում են բազմաթիվ իրանամետ խմբավորումներ, որոնք ցանկացած պահի կարող են ներգրավել Իսրայելի դեմ պատերազմին։ Հորդանանն ու Եգիպտոսը արդեն պաշտոնական մակարդակով խոսում են Իսրայելի դեմ պատերազմ սկսելու հավանականության մասին, եթե Գազայի բնակչությունը ամբողջությամբ արտաքսվի։

Առանձնահատուկ նշանակություն ունի նաև տարածաշրջանային ու համաշխարհային խաղացողների գործունեությունը։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում, ինչպես և սպասվում էր ամբողջությամբ Իսրայելի կողմից հանդես եկավ ԱՄՆ-ն։ CNN-ի փոխանցմամբ Միջերկրական ծովի արևելքում գործող ամերիկյան երկու ավիակիրային խմբերին շուտով միանալու է նաև դեսանտային նավերի խումբ։ Ձևավորվող ռազմածովային խմբավորումը հսկայական չափերի է հասնում և արդեն ի վիճակի է տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնել։ Բացի այդ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր կտրուկ մեծացել է ԱՄՆ-ի կողմից զենք-զինամթերքի մատակարարումը Իսրայելին։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը այցելելով Իսրայել, ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը հայտնեց Իսրայելին։ Ալ-Ահրիի ռմբակոծության և ընդհանրապես ռազմական գործողությունների վերաբերյալ Բայդենի ելույթը իր ոճով շատ նման էր ժամանակին ԱՄՆ-ի կողմից Իրաքի ու Սադամ Հուսեյնի դեմ հնչեցված մեղադրանքներին, որից հետո ԱՄՆ-ն ներխուժեց Իրաքի տարածք։

ԱՄՆ-ի համեմատ ավելի զուսպ, բայց հակադիր դիրքորոշում ընդունեց Ռուսաստանը։ Արդեն պաշտոնական մակարդակով Ռուսաստանը հանդես է գալիս Պաղեստին պետության ստեղծման կոչերով՝ ըստ էության թեքվելով իսլամական աշխարհի կողմը։ Բացի այդ, ի հակադրություն Միջերկրական  ծովի արևելքում ձևավորվող ԱՄՆ-ի ռազմածովային խմբավորման, Ռուսաստանը Սև ծովի չեզոք հատվածներում մշտական պարեկության է հանել հեռահար հարվածային զինատեսակներով իր ռազմաօդային ուժերը։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը Պաղեստինի հարցում ակտիվ պայքարի մեջ են նաև ՄԱԿ-ի վեհաժողովում, որտեղ յուրաքանչյուրը հակառակորդի առաջարկների նկատմամբ վետո է կիրառում։

Իրանը, որ Իսրայելի դեմ գործող ռազմական խմբավորումների գլխավոր հովհանավորն է կտրուկ դիրքորոշում ունի Գազայի հատվածի հնարավոր դատարկման հարցում  և սպառնում է ավելի մեծ ներգրավածություն ունենալ Իսրայելի դեմ պայքարում։ Իրանի անմիջական ներգրավումը պատերազմին այս պահին քիչ հավանական է, բայց իրավիճակը ցանկացած պահի կարող է փոխվել։

Թուրքիան ավելի չեզոք դիրքերում է։ Թեև պաշտոնական մակարդակով քննադատվեց Ալ-Ահրիի աղետն ու ընդհանրապես Գազայի ռմբակոծությունը Իսրայելի կողմից, այնուամենայնիվ Թուրքիան Իսրայելի դեմ գործնական քայլերի չի դիմի՝ վերջինիս հետ մի շարք հարցերում ունեցած ընդհանուր շահերի պատճառով։

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ տարածաշրջանում հստակ ընդգծվում են ուժերի նոր դասավորումներ։ Ստեղծված իրավիճակում տարածաշրջանային ավելի լայնամասշտաբ պատերազմից խուսափելու հավանականությունը մինիմալ է։ Մերձավոր Արևելքը ամբողջությամբ վերածվում է թեժ կետի։ Անշուշտ մերձավորարևելյան ճակատը համաշխարհային հակամարտության միայն մի մասն է կազմում։ Բացի արևելաեվրոպական ու մերձավորարևելյան ճակատներից՝ հակամարտությունների մի ամբողջ շղթա կա հարավային, հարավ-արևելյան ու արևելյան Ասիայում։ Այդ հակամարտությունները երկար ժամանակ սառեցված վիճակում չեն մնալու, ինչ-որ պահի ակտիվանալու են։

Ամբողջ մայրցամաքով մեկ ձգվող հակամարտությունները իրար հետ կազմում են հսկայական կիսալուսնաձև ռազմաճակատ։ Թեժ կետերի ակտիվացումը դանդաղ կերպով ձևավորում է համաշխարհային նոր հակամարտության ուրվագիծը։ Եվ վերջում, չնայած բավական ծանր ռազմական գործողություններին, Իսրայելը շարունակում է ռազմական մատակարարումները Ադրբեջանին։
Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող