«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք մոլորվելու իրավունք չունենք. Աշոտ Ներսիսյան

10/11/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Նոյեմբերի 9 - ին, բավական հետաքրքիր հայտարարություններով հանդես եկավ ՌԴ ՍԳՆ խոսնակ Զախարովան: Հատկապես ուզում ենք մատնանշել հետևյալները.

1. Ռուսաստանի Դաշնային ծառայությունը պետք է վերահսկի Զանգեզուրով անցնելիք ճանապարհը, որը Նախիջևանը պետք է կապի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ: Սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքին, որը վերջին օրերին Ադրբեջանի հանդեպ իր կոշտ հայտարարություններից անկախ, երբեք չի ցանկանա այդ տարբերակը: Աստված տա, որ ցանկանա այդ անկասելի գործընթացում տեսնել ՀՀ գերակայությունը միայն, զգուշանալով Թուրքիայի ՆԱՏՕ -ի ձգտումների հետ անհամատեղելի, միանգամայն անկախ կեցվածքից, բայց, միևնույնն է` Ռուսաստանը այդ հարցում չի զիջելու ոչ Արևմուտքին, ոչ թուրքերին, ոչ էլ Ադրբեջանին: Միգուցե այսօրվա դրությամբ նա կգերադասեր ՀՀ վերահսկողությունն իր սուվերեն տարածքով անցնելիք ճանապարհներին, բայց մեր արտաքին քաղաքականությունը գնում է մի ճանապարհով, որում ավելի ու ավելի վիրավորական տարրեր է տեսնում իր համար Ռուսաստանը: Ավելին, ՀՀ -ն ճիշտ համարեց իր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի չմասնակցելը ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների հավաքին, որը հաճելի չի ռուսների քիմքին, բայց արդյոք նրանց հանդեպ դիրքորոշման կտրուկ փոփոխությունը լուրջ հաշվարկների հետևանք է, այն դեպքում, երբ Ռուսաստան, Իրան, Չինաստան և այլն- Արևմուտք ռազմաքաղաքական պայքարի մեջ զգացվում են առաջին կողմի առաջընթացի առաջին լուրջ բաղադրամասերը: Բավական է նշել, որ Բլինքենը նույնիսկ հայտարարեց, որ Գազայում Իսրայելը հաղթանակ չի կարողանա տանել:

2. Զախարովան հայտարարեց հետևյալը.«Փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի 12 հանդիպում է եղել։ Մեծ ծավալի աշխատանք է կատարվել, հաջողվել է մոտենալ փաթեթային լուծման, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերի համար։ Ցավոք, այս հարցերին վերջակետ դնել չի ստացվել, քանի որ ինչ-որ մեկին քաղաքական կամքը չի հերիքում դա անելու և այդ մեկը մենք չենք»։

Այսպիսով, նա մեղադրում է հայկական կողմին այն լուծման ձախողման համար, որը ձեռնտու էր բոլոր կողմերին: Հարկավ, նա նկատի ունի նոյեմբերյան համաձայնագրով առաջընթացը, որը խաթարվեց Արևմուտքի ջանքերի արդյունքում, որը մեծ նպաստ ունի համաձայնագրի փուլային իրագործման ձախողման առումով, որի հակառակը ենթադրում էր Արցախից մնացածի պահպանումը: Հիմա արդեն քարոզչության արդյունքում ընդհանրության է հասել այն համոզմունքը, որ ռուսները մեզ ծախեցին: Բայց նման հարցադրումով առաջնորդվողները կարող են պատասխանել մի հարցի` իսկ մեզ ո՞վ չծախեց: Եթե հայ քաղաքական միտքը չի ձերբազատվում իր բազմադարյան հիվանդությունից, որի համաձայն օտարն է իր անվտանգության երաշխիքը, պետք է կտրուկ շրջադարձ չկատարի դեպի Արևմուտք: Բազմիցս շեշտել ենք` ռուսներն այստեղից գնացողը չեն: Համաձայն հավաստի տեղեկությունների, նրանք բանակցում են, որ խաղաղապահները մինչև 2030թ. մնան, քանի որ շատ արցախահայեր կարող են վերադառնալ: Ուկրաինայում գործերն արդեն Զելենսկու օգտին չեն լինելու, որը նշանակում է, որ կարող են արցախահայության համար վերադարձի շանս տալ: Թող կորչեն բոլորը և մեզ հանգիստ թողնեն: Բայց ցավոք դա անհնար է: Եթե պայմանագիր կնքելու գործընթացի ավարտը փնտրենք Արևմուտքում, դա կձախողեն ռուսները և հակառակը: Բայց ինչն սկիզբ ունի, ունի և ավարտ: Մենք դեռ հակված ենք մտածելու, որ միամիտ ենք և խաբված, քան նախապես գծված ծրագրի մաս ենք: Գոնե եթե այսպես լինի, համաձայն մեր դիրքորոշումների ամեն տեղ դավաճաններ չենք փնտրի, այլ`«նրբացուցիչ դեպք հանցանաց»: