«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գրանադա. Հնարավորությո՞ւն թե փակուղի. Արայիկ Մկրտումյան

02/10/2023

Հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում Իսպանիայի Գրանադա քաղաքում: Այս հանդիպման ժամանակ հիմնականում երեք կետ է քննարկվելու՝ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի  հռչակագրի համաձայն, երկրորդը՝ սահմանազատում (նշվում է 1975թ. ԽՍՀՄ սահմանադրության համաձայն) և ճանապարհների ապաշրջափակում:

Այս երեք կետերն էլ մեկը մյուսի շարունակությունն են հանդիսանում: Առաջին կետի վերաբերյալ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հայտարարել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ըստ դրան, նաև պիտի տեղի ունենա սահմանազատման աշխատանքներ: Հենց այդտեղ էլ ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ: Մանավորապես այն, որ 2020թ. դեկտեմբերից սկսած ադրբեջանցիների կողմից  բազմաթիվ անգամների տեղի է  ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի սահմանային խախտում, ռազմական հարձակում, տարածքների աեքսիա: Մինչև հիմա էլ ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներ իր հսկողության տակ են պահում և այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի հիման վրա է կատարվելու այդ սահմանազատումը: Ի՞նչ է լինելու անկլավների հետ: Ադրբեջանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ ՀՀ այս կամ այն տարածքն իր անկլավն է ու պահանջում է այն: Արդյո՞ք սահմանազատման աշխատանքներ հնարավոր են ընդհանրապես, երբ կողմերից մեկը բացահայտ ագրեսիա է ցույց տալիս մյուսի նկատմամբ:

Երրորդ կետը ճանապարհների ապաշրջափակումն է, որի մասին անընդհատ շեշտվում է 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո: Ճանապարհների ապաշրջափակում ասվածը, որի մեջ աընդհատ փորձ է արվել «մտցնել» նաև Զանգեզուրի միջանցքը, հիմա գտնվում է ինչ որ անորոշ փուլում: Զանգեզուրի միջանցքի մասին թուրք-ադրբեջանական անդրադարձները ինչ որ տեղ նույնիսկ հակասում են իրենք իրենց: Էրդողանը ՄԱԿ-ում հայտարարել էր, որ իրենց նպատակը Զանգեզուրի միջանցքն է, դրանից հետո նույն Էրդողանը օրեր անց Նախիջևան կատարած այցից հետո հայտարարեց, որ եթե հայերը չեն ուզում միջանցք տալ, թող չտան, իրենք դրա կարիքը չունեն, Իրանի տարածքով էլ կգնան - կգան: Ալիևն իր հերթին բավական երկար ժամանակ ուղղակի << միջանցքի>> մասին էր խոսում, հիմա էլ ասում է, որ ինքը նույնիսկ Չինաստանի հետ ճանապարհին «միջանցք» է ասում և դա պետք չէ, որ ուրիշ կերպ ընկալվի: Դրան զուգահեռ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան Փաշինյանին հեռակա զգուշացնում է, որ Երևանում իրավիճակը լարված է ու նրա վարչապետական աթոռը կարող է «ճոճվել», եթե նա համառի ու չընդունի իրենց պահանջները (այստեղ պետք է տուրք չտալ դավադրության տեսությանն ու ասել, որ ընդդիմությունը Թուրքիայի համար է աշխատում, որովհետև նմանատիպ դիվանագիտական «ռումբերը» տարածված են, երբ թշնամական երկրում ընդամենը մեկ-երկու նախադասությամբ ամեն ինչ իրար ես խառնում)

Բայց Ալիևն ո՞ւմ է դա ասում, Երևանի՞ն, թե Մոսկվային: Որովհետև Զանգեզուրի միջանցքի գլխավոր ջատագովը շարունակում է մնալ Մոսկվան ու եթե միջանցքի այլընտրանք Բաքուն և Անկարան ունեն, ապա Մոսկվան չունի:
Եվ եթե նույնիսկ մի կողմ դնենք Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առկա լուրջ խնդիրները, մասնավորապես Բաքվի ագրեսիվ և գիշատիչ քաղաքականությունն ու պահվածքը, ապա ի՞նչ դիրք է բռնելու Գրանադայի հանդիպման մասով ՌԴ-ը: Անշուշտ, պետք չէ  Գրանադայի հանդիպումից մեծ սպասելիքներ ունենալ, առավել ևս, որ սեպտեմբերի 19-ից հետո Երևանն ավելի թուլացած դիրքերով է այնտեղ գնալու: Ընդ որում պետք չէ մոռանալ, որ վերջին երկու հանդիպումները (Պրագայում և Քիշնևում), տեղի են ունեցել անմիջապես ադրբեջանական հարձակումներից հետո ու այդ հանդիպումների ժամանակ Հայաստանին ինչ որ բան է պարտադրվել: Եվ նույնիսկ հարցը այն չէ, թե հայկական տարբեր վերլուծաբաններն  ինչ կտրվածքով կներկայացնեն այդ հանդիպումները և Գրանադայինը  մասնավորապես: Իրականությունը դրանից չի փոխվում: Իսկ դա այն է, որ հայերից դատարկված Արցախը մի կողմից լվանում է ադրբեջանցիների ձեռքերը ու նրանց համար «լուծում» Արցախյան հարցը, մյուս կողմից էլ Ադրբեջանին զրկում է Հայաստանի վրա շանտաժ անելու հնարավորությունից: Եվ ոչ միայն Ադրբեջանին: Մոսկվան ևս Արցախի հայաթափումով կորցնում է Հայաստանին Արցախով վախեցնելու հնարավորությունը և հարց է ծագում ռուս խաղաղապահների՝ այնտեղ մնալու հետ կապված: Ընդ որում ՄԱԿ առաքելությունն արդեն իսկ Ստեփանակերտում է ու ռուսներն այլևս միայնակ կողմ չեն: Ավելի վառ երևակայության դեպքում կարելի էր ասել, որ կտեղակայնվեն ՄԱԿ խաղաղապահներ…բայց ո՞ւմ համար:
Եվ այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ունի միջանցքի այլընտրանք, իսկ ռուսները՝ ոչ, ի՞նչ վեաբերմունք են ցույց տալու ռուսները Գրանադային, որտեղ նույնիսկ բանավոր պայմանավորվածությունը կարող է զրոյացնելէ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը:

Մի կողմից Գրանադան կարող է հնարավորություններ բացել ազատվելու նոյեմբերի 9-ի ճնշումներից և ռուսական պարտադրված խաղաղապահներից ու միջնորդությունից, մյուս կողմից էլ կարող է դառնալ հերթական հանդիպումը հարձակումից հետո, որտեղ հայկական կողմին կարող են նոր պայմաններ պարտադրել: Եվ եթե հայերն ընդունեն կամ մերժեն  մի բան, որը դուր չգա որևէ երրորդ կողմի (օրինակ ռուսներին), ապա ի՞նչ երաշխիք, որ մի քանի ամիս հետո որևէ  նոր ու ծանր պատահար չի գրանցվելու, որից հետո Հայաստանն ավելի ծանր պայմաններով զիջի ավելի շատ, քան կարող է պատկերացնել: Իսկ այդ նոր պատահարը կարող է լինել և շատ հավանական է, որ կլինի, մանավանդ որ տարածաշրջանում տեղի ունեցող նոր իրադարձությունները, որպես կանոն՝ Հայաստանի հաշվին են արվում, որն ուղեկցվում է ցավոտ զոհերով ու այլ ողբերգություններով, ինչպես օրինակ արցախցիների բռնի տեղահանությունն ու ցեղասպանության բոլոր դրսևորումները: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը գնալով աճում է(Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված), ապա ընդհանրապես զարմանալի չէ, եթե ռուսական կողմի նոր վրեժխնդրությունը Փաշինյանից և իր թիմից միայն ավելի ծանրացնի Հայաստանի դրությունը:

Հստակ է մի բան: Մենք ապրում ենք փոփոխությունների խելահեղ դարաշրջանում: Մոտակա ժամանակներում այդ փոփոխություններն ավելի ու ավել ակնառու են լինելու:
Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող