«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱԿԱԳՐՈՀՆ ՍԿՍՎՈՒՄ Է․ ԱԼԻԵՎԸ ՄԻՋՆՈՐԴՆԵՐ Է ՓՆՏՐԵԼՈՒ. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

28/09/2020

Սեպտեմբերի 27 – ի  լուսադեմին ադրբեջանական կողմի համընդհանուր գրոհը, որի հնարավոր կամ կանխատեսելի պատճառների մասին երեկ գրել ենք, փաստորեն կարելի է արդեն պնդել, որ չլուծեց իր ծրագրած խնդիրը: Իսկ խնդիրն, ամենատարրական տրամաբանությամբ, դրված էր այսպես՝  կայծակնային արագությամբ  մխրճվել ԱՀ տարածք, ռազմական ամբողջ տեխնիկայի կիրառմամբ կապիտուլացիայի ենթարկել Արցախը: Հակառակ դեպքում, Ալիևն իրոք արկածախնդիր է, կամ նրա դրսի խորհրդականները հետապնդում են բոլորվին այլ նպատակներ:

Ամենապարզունակ քաղաքական հաշվարկները մղում են այն եզրակացությանը, որ նա գերագնահատել է իր ուժերը: Չի բացառվում, որ նրան գաղտնորեն խրախուսել են ինչ-ինչ ռուսական գաղտնի շրջանակներ, որոնք, ուշադրությամբ հետևելով Թուրքիայի՝  այս տարածքում ևս ծավալապաշտական միտվածությունը, այս պատերազմով հակադարձում են դրան, քանի որ վստահ են, որ հայերին պարտության մատնելը դյուրին խնդիր չէ, իսկ թուրքերը բացահայտ չեն կարող միջամտել այս պատերազմին, քանի որ անհնար է նաև նրանց կողմից հաշվի չառնել իրանական գործոնը (այս առումով բավական խոսուն է նաև Իրանի ԻՀ Պահապանների կորպուսի մարտիկների հայտրարությունը, թե մի ստիպեք Ադրբեջանը ջնջել քարտեզի վրայից):

Սա ամենևին պատահական հայտարարություն չէ: Ադրբեջանը ռեալ վախ է զգում երկու հզոր ուժերից Ռուսաստանից և Իրանից, իսկ Արևմտյան տերությունների հայտարարությունները այլ մակարդակի  չեն հասնի, այսինքն՝ զինված միջամտությունն անհնար է հօգուտ որևէ կողմի: Եվ առհասարակ, այդ միջամտությունը չի կարող լինել նաև թուրքական և ռուսական կողմից: Թուրքերը օգնում են այն չափով, որքան այս պահին թույլատրելի են համարում՝ այս տարածաշրջանի քաղաքական իրավիճակի իրենց համար պայթունավտանգության տեսանկյունից: Զատուլինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը որպես ՀԱՊԿ անդամ  կարող է միջամտել, կրում է ծիսական բնույթ: Ռուսներն ավելի շատ կգնան հաշտեցմանը, քան միջամտության: Այդ է վկայում, թեկուզ և , Լավրովի կոչը, որը եթե առաջնորվենք սառը բանականությամբ,  պետք է ուղղված լիներ միայն ադրբեջանական կողմին, որն սկսել է հարձակումը:

Այս բոլոր ծանրակշիռ պատճառներից ելնելով՝ կարծում ենք, որ երկու կռվող կողմերը մնալու են մենակ, իսկ դիվանագիտական դաշտը արագորեն փորձելու է կանգնեցնել պատերազմը: Դատելով ռազմաճակատից եկած պաշտոնական լուրերից՝ վստահորեն կարելի է պնդել, որ ըստ էության թշնամին կանգնեցվել է: Նրա պլանը ձախողվում է, որը շատ ծանր է նստելու Ալիևի վրա: Կարծում ենք, որ մեր կողմը, որն արդեն անցել է հակագրոհի՝ կորցրած տարածքները վերցնելով առաջ է գնալու, այսինքն սկսելու է պատերազմի այն  փուլը, որը թշնամու կողմին բերելու է խուճապ՝ պարտվելու ամենաուժեղ գրավականներից մեկը:

Պատերազմը երկար չի տևելու. այն օրերի հարց է և կարող է ձգվել դարձյալ մի քանի օր, եթե մեր հակագրոհը չսահմանափակվի սոսկ նախկին սահմանների վերականգնմամբ, այլ՝ տեղափոխվի թշնամու տարածք: Եթե սա այս անգամ էլ չլինի, ապա մենք դարձյալ կվերադառանք այն անորոշ վիճակին, որը կար մինչև երեկվա  առավոտը և պարբերաբար կկրկնվի հինը:

Ինչպես գրել ենք՝ պետք է պարտադրել արդեն խաղաղությունը զինուժով, քանի որ դիվանագիտական միջոցները չեն արդարացնում: Քաղաքական աշխարհին դիմելը՝ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար սոսկ քայլ է, որը բխում է դիվանագիտական էթիկայի շահերից, բայց այդ աշխարհը ոչինչ չի անում և չի անելու: Ուզում ենք համոզված լինել, որ մոտակա օրերում Ալիևի աղերսալի զանգերի հետևանք ապագայի միջամտությունները այս անգամ կանտեսվեն և մենք որպես հաղթող կողմ, որում կասկած չի կարող լինել,  ինպես պահանջում են պատերազմի օրենքները կստորագրենք կապիտուլացիայի ակտը և այն ստորագրողը կլինի նաև Արցախի նախագահը: Եվ  այդ ստորագրությունը  լիովին համարժեք կլինի ԱՀ միջազգային ճանաչմանը: Եթե այդպես էլ չլինի, ապա պետք է պարտադրել, որ հետագա  բանակցություններում պետք է ընդգրկվի նաև Արցախը: Հակառակ դեպքում մեր հաղթանակը կգնահատվի որպես հաջող ինքնապաշտապանություն: Բայց ինչքան կարելի է նման ուղով ընթանալ: